Գողն ինչ կուզի՝ մութ գիշեր

Գողն ինչ կուզի՝ մութ գիշեր

Խոստովանենք, որ այս վարակի տարածումը ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում հայտնված այն իրողությունն է, որը փրկեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Մի կողմից՝ ազատեց հասարակության առաջ հաշվետու լինելուց, թե 2 տարի իշխանության գլխին գտնվելով ինչ հաջողություններ է գրանցել այս իշխանությունը։ Եթե չհաշվենք մի քանի «անհնազանդներին» բռնել-դատելու, առանց դատարանի որոշման՝ ռեկետով փող պոկելու գործընթացները, շատ բան չկա թվարկելու։ Եթե, իհարկե, հաջողություն չհամարենք մի քանի հարյուր անգործ ու անփող մարդկանց իշխանության գալն ու դրա արդյունքում գործի տեր դառնալը, իրենց կյանքում չտեսած-չլսած փողեր աշխատելը, մարզերում որոշ ճանապարհներ ասֆալտապատելը, մեկ էլ մեր բարեկամ ղազախների ավտոներկրման ու խաղային բիզնեսի հաշվին բյուջեի աճը, ուրիշ բան կարծես թե չկա, ինչքան էլ որ ուզենանք դրական արդյունքներ գտնել։

Այսուհետ՝ կորոնավիրուսի շնորհիվ, բոլոր հարցերին, թե ինչ հաջողություններ եք գրանցել, պատասխանելու են՝ համավարակը խանգարեց։ Եվ պողոսների մի մեծ բազմություն ասելու է՝ ճիշտ են ասում, ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, խեղճ Նիկոլն ի՞նչ անի։ Բայց համաճարակը միայն տնտեսական ձախողումները կոծկելուն չի ծառայել, այլ, շատ ուրիշ ու մեծ ծառայություններ էլ է մատուցել գործող իշխանություններին։

Հանրային բողոքի ակցիաները խեղդելու-ճնշելու մասին շատ է խոսվել։ Ոչ մի քաղաքական, հասարակական կազմակերպություն, մարդկանց խումբ, անգամ անհատ անձ այս ընթացքում հնարավորություն չի ունեցել հավաքներ կազմակերպելու, բողոքի ակցիաներ անելու։ Անգամ պլակատով մենմենակ կանգնած մարդկանց ոստիկանները՝ արտակարգ դրության անվան տակ, քաշքշում, տանում են ոստիկանություն՝ հասկացնելով, որ փողոցները փակելով եւ երկիրը մի ամբողջ ամսով կաթվածահար անելով՝ իշխանությունների դեմ չի կարելի ոչ մի ակցիա անել։
Համաճարակի անվան տակ ոստիկանները սկսեցին քաշքշել ու անհանգստացնել ոչ միայն բողոքող քաղաքացիներին, այլ նաեւ փողոցում խելոք քայլող մարդկանց։ Բանը հասավ այնտեղ, որ կառավարությունը սկսեց մտնել մարդկանց անձնական կյանք՝ տեղորոշելով ու հետեւելով յուրաքանչյուրիս քայլերին, նաեւ սահմանեց, որ անձնագիր ունենալը պարտադիր է, եւ ոստիկանները սկսեցին մեր աչքի առաջ «հաբռգել»։ Մարդը դիմակ ունի, թե չունի, դիմակը նորմալ է դրված, թե քթի ծայրը բաց է՝ ոստիկանը կարող է մոտենալ ու անհանգստացնել նրան, անձնագիր պահանջել, թեւերը ոլորել, բերման ենթարկել։

Երբեք մարդու իրավունքներն այսքան ոտնահարված չեն եղել մեր երկրում, ինչքան այսօր, անգամ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ նման «բեսպրեդել» չէր տիրում։ Եվ պատճառը ոչ թե համաճարակն է ու դրա դեմ պայքարը, որն իշխանությունը լիովին ձախողել է, այլ դեսպոտիզմը, բռնապետական հակումները, մարդկանց վախեցնելու, ստորացնելու, հոգեպես ճնշելու միտումները, որ դրսեւորում են այս խիստ «դեմոկրատ» հեղափոխականները։
Արտակարգ դրության անվան տակ սահմանափակեցին մարդու ազատությունները։ Օրենքի նախագիծ բերեցին, որ իրենց ապաշնորհ նախարարը՝ Արսեն Թորոսյանը, կարող է տնօրինել ողջ առողջապահական համակարգը, այդ թվում՝ մասնավոր հիվանդանոցները։ Այս խառնաշփոթի մեջ Ազգային ժողովում անցկացրին Լանզարոտեի կասկածելի կոնվենցիան, Սահմանադրության փոփոխություններ արեցին՝ առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու, ՍԴ դատավորներ հեռացրեցին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանեցին դպրոցից։

Ամբողջ թափով շարունակում են գնումների համակարգի ոչնչացումը՝ մեկ անձից գնումներ, տենդերների անորոշ ժամանակով հետաձգում։ Ընդունեցին ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքը, գույքահարկի բարձրացման մասին օրենքը, որով գույքահարկն անհասկանալի չափերով թանկանալու է։ Վերջապես՝ համատարած սկսեցին տուգանել մարդկանց՝ դիմակ չկրելու, դիմակը լավ չկրելու, անձնագիր չունենալու համար։ Ոստիկաններ ուղարկեցին հեռուստաընկերություններ՝ պահանջելով, որ բոլորը եթերում դիմակ կրեն։ Մինչդեռ աշխարհի ոչ մի երկրի հեռուստաեթերում դիմակ չեն կրում՝ ո՛չ հաղորդավարները, ո՛չ հյուրերը։ Սա էլ է հոգեբանորեն ճնշելու, քննադատող TV-ների լսարանը փոքրացնելու միջոց։

Թեստերի արտադրության համար 550 հազար դոլար հատկացվեց, հիմա էլ ԱՄՆ-ում փորձարկվող «Մոդեռնա» վակցինան են պատրաստվում գնել՝ Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերության արտադրած, որը քննադատվել է ԱՄՆ-ում։ Եվ այս ամենի ֆոնին պարբերաբար լուրեր են սպրդում մամուլ, որ պարգեւատրումները շարունակվում են՝ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է միայն շարքային մարդկանց համար, փողի համն առած ջահելները շարունակում են նույն տեմպերով բյուջեից սնվել եւ մտադիր չեն գոնե այս փուլում հրաժարվել ճոխ պարգեւավճարներից։
Ւշխանությունների քայլերին հետեւելով հասկանում ես, որ այսօր երկրում մի իրավիճակ է ստեղծվել, որն այլ կերպ, քան «գողն ինչ կուզի՝ մութ գիշեր», հնարավոր չէ որակել։ Դեմոկրատիայի սահմաններից անթույլատրելի շեղումներ, սխալ եւ վտանգավոր օրենքների ընդունում, իրենց անհեթեթ ու ոչնչով չարդարացված մութ ցանկությունները կյանքի կոչելուն ուղղված գործողություններ։ Ահա այն, ինչով այժմ զբաղված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Սվետա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ