Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության բանալին ԱՄՆ-ի ձեռքում է

Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության բանալին ԱՄՆ-ի ձեռքում է

Թվում է, թե այս հսկայական տարածաշրջանի անվտանգության ճարտարապետները ջանք չեն խնայել, որ այստեղ երբեւէ խաղաղություն չհաստատվի: Տարածաշրջանի հրձիգները Թուրքիան են եւ Իսրայելը: Եթե իր կայացումից հետո Իսրայելը տանդեմ չկազմեր Թուրքիայի հետ, ապա վերջինիս համար դժվար, եթե չասենք՝ անհնար կլիներ այսպիսի «նվաճումները», ինչին ականատես ենք լինում վերջին տարիներին: 

Թուրքիայի վարքը հասկանալի է: Անհասկանալի ու անմեկնելի է Իսրայելի վարքը: Ամբողջ աշխարհը, հայերը՝ հատկապես, մինչ օրս չեն մոռացել նացիստական Գերմանիայի արած չարագործությունները հրեաների նկատմամբ, չեն մոռացել Հոլոքոստը, թեպետ Իսրայելի իշխանությունները ցեղասպանությունը «մենաշնորհել» են, ու մյուս ժողովուրդների ցեղասպանությունները նրանց համար թույլատրելի ու նաեւ ցանկալի չեն: 
Տեղին է հիշել Անգելա Մերկելի՝ Գերմանիայի կանցլերի կարգավիճակով վերջին այցելությունն Իսրայել եւ նրան ցուցաբերած աստվածային ընդունելությունը: Նրա թողած ժառանգության մասին հատկապես նշվեց Հոլոքոստի ճանաչումը եւ Իսրայելի անվտանգության ապահովումը: Մերկելն իր ելույթում նկատեց, որ թեպետ Գերմանիայում անտիսեմիտիզմը գլուխ է բարձրացրել, սակայն դրան կհակազդվի նաեւ հետագայում: 

Եվ այս ամենի խորապատկերին՝ գոյություն ունեն տարաձայնություններ երկու երկրների միջեւ. իսրայելցիները չեն համաձայնում համաշխարհային մասշտաբի այս գործչի դիրքորոշման հետ, որ Պաղեստին պետություն ստեղծելը երկու ժողովուրդների միջեւ կոնֆլիկտի լուծման միակ ուղին է: Նրանք համաձայն չեն նաեւ Մերկելի այն տեսակետի հետ, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է վերականգնել:
Ահա, այսպես, Իսրայելն ու Թուրքիան իրենցից բացի ոչ մի արժանապատիվ պետություն չեն ցանկանում ունենալ այս տարածաշրջանում: Միայն հրեա-թուրքական պետություն ու վերջ: Նրանց «գլուխները» կարող է սառեցնել միայն ԱՄՆ-ն, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ այդ բախտախնդիրները չեն հրահրել երրորդ համաշխարհային պատերազմը:

Գոյություն ունի մեկ ճանապարհ. դադարեցնել բոլոր պատժամիջոցներն Իրանի նկատմամբ եւ համաձայնել, որ Իրանն իրավունք ունի դառնալու միջուկային տերություն: Ի վերջո, միջուկային տերություններն իրենք են հանգել համոզմանը, որ միջուկային զենքը զսպման միջոց է դարձել, այլ ոչ՝ սպառնալիքի: Տարածաշրջանում պետք է ստեղծվեն հակակշիռներ՝ Թուրքիայի եւ Իսրայելի վտանգավոր ու կործանարար նկրտումները զսպելու համար:

ՀԳ. Զավեշտն այնտեղ է հասել, որ արդեն Ադրբեջանն է սպառնում Իրանին: Ստորացուցիչ է հազարավոր տարիների խորքից եկող, աշխարհին հսկայական մշակութային ժառանգություն պարգեւած իրանցիների համար: Ասվածը Երկիր մոլորակին սպառնացող կործանարար պատերազմի ուրվականի չեզոքացման տրամաբանության մեջ է: Իսկ եթե դա սպառնալիք չի դիտվում մարդկային քաղաքակրթության համար, ապա ամեն ինչ նորմալ հունով է ընթանում. դեպի ինքնակործանում:

Գագիկ Վարդանյան