Ինչ բուժօգնություն են ստացել փրկարարները

Ինչ բուժօգնություն են ստացել փրկարարները

«Սուրմալու» առևտրի կենտրոնում երեք օր առաջ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական  աշխատանքներին մասնակցում են  մոտ 89 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 21, Երևան քաղաքի փրկարարական վարչության 7 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 1 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից՝ 20 հրշեջ-փրկարար, ինչպես նաև 13 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Առաջին իսկ պահից տեղում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում նաև Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ- աշխատակիցները։ «Հրապարակը» «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեց, թե «Շտապբուժօգնության» հերթապահող խմբերին դեպքի վայրում գտնվող փրկարարներն ինչ  գանգատներով են դիմել և ինչպիսի օգնություն է ցուցաբերվել նրանց։

Հետաքրքրվեցինք նաև` կա՞ն արդյոք փրկարարների մեջ մարդիկ, ովքեր այս օրերին տեղափոխվել են հիվանդանոց` ստացիոնար պայմաններում շարունակելու իրենց բուժումը․ «Ովքեր, որ ուղղակի դիմում են` ստանում են առաջին բուժօգնություն։ Փրկարարը, որի վրա ծուխն ազդել է, շատ է ծուխ շնչել, տեղում շնչում են թթվածին, եթե ճնշման բարձրացում է եղել՝ ստանում են համապատասխան դեղորայք, հետո նորից անցնում իրենց աշխատանքներին։ Թունավորվածներ և հիվանդանոց տեղափոխվածներ չենք ունեցել»։