Մինչ ՌԴ-ում դրվում են սահմանափակումներ՝ չգերազանցել 9 հարկը, մեզ մոտ 71 հարկանի շենք են կառուցում

Մինչ ՌԴ-ում դրվում են սահմանափակումներ՝ չգերազանցել 9 հարկը, մեզ մոտ 71 հարկանի շենք են կառուցում

ՌԴ-ում կառուցապատողների առաջ կդրվեն սահմանափակումներ՝ չգերազանցել 9 հարկը։ Այս չափորոշիչը, որ նոր է շրջանառության մեջ մտել, նախատեսված է Ռուսաստանում հարմարավետ շինարարություն ապահովելու եւ լայն փողոցներ ունենալու համար։ Փաստաթուղթն այժմ անցնում է համապատասխան փորձաքննություն։

Համաձայն սահմանված չափորոշիչի՝ հարմարավետ միջավայր ունենալու հեռանկարը նախատեսում է միջին հարկայնություն, մասնավորապես մինչեւ 9 հարկի կառուցում, բակերի դեպքում՝ մինչեւ 60 մետր ազատ տարածք:

Մասնագետների կարծիքով՝ նախագծողների համար կպահանջվի զգալի ժամանակ, որպեսզի ճիշտ նախագծեր կազմեն, որովհետեւ այսօրվա շենքերը կարող են հասնել մինչեւ 28 հարկի: Արդյունքում բակերում ստացվում է ճիշտ հակառակ համամասնությունը, որոնք անհարմար են մարդու կեցության համար. բարձրահարկ տները պետք է տեղակայվեն միմյանցից հեռու՝ պայմանավորված մի շարք չափորոշիչներով, ինչպես նաեւ արեւի լույսը պահպանելու անհրաժեշտությամբ: Համաձայն նոր սահմանվող չափորոշիչների՝ շենքերի բարձրությունը չպետք է գերազանցի փողոցների լայնությանը, իսկ բակերի լայնությունը պետք է լինի ավելի մեծ կամ հավասար շրջապատող տների բարձրությանը:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ այն քաղաքականությունը, որ հիմա Մոսկվայում են առաջ տանում, անհրաժեշտ է նաեւ Երեւանում իրականացնել, որովհետեւ Երեւանի թե՛ բակերն են ծանրաբեռնված, թե՛ փողոցները։ «Այդ խցանումները չեն կարող այդպես երկար շարունակվել, քաղաքը կարող է մահանալ։ Մենք պետք է օրինակ վերցնենք Մոսկվայից, որտեղ վերջերս մեծ աշխատանքներ կատարվեցին մայթերը լայնացնելու, փողոցները կարգի բերելու ուղղությամբ, բայց էլի այդ հարցը բարձրաձայնվում է։ Իսկ մեզ մոտ ով որտեղ ուզում է եւ քանի հարկանի շենք ուզում, կառուցում է, էլ չասեմ այդ 71 հարկանի շենքի մասին»,- ասում է Մուշեղյանն ու հավելում, որ չնայած քաղաքապետարանը դեռ թույլտվություն չի տվել, բայց դա չի նշանակում, որ եթե ընկերությունը դիմի տարածքի համար, շինթույլտվություն չի տալու։

Բարձրահարկ համալիրի կառուցման համար նախնական ընտրված է Իսակովի պողոտան, որը, ըստ Մուշեղյանի, հանրապետական նշանակության մայրուղի է եւ Երեւանը կապում է մի շարք մարզերի հետ։ «Ես խնդիրը դնում եմ ոչ թե այդ շենքը սարքել-չսարքելու մեջ, այլ այն քաղաքականության, որ պետք է վաղուց տարվեր։ Քաղաքը մի օրվա խնդիր չէ, այն հազարամյակներ է ապրում, այսինքն՝ միայն այսօրվա խնդիրները լուծելով՝ չես կարող քաղաք պահել, այդպես քաղաքը կքայքայվի, խցանումները քանի գնան, կշատանան։ Ես, լինելով ՌԴ ճարտարապետության եւ շինարարության գիտությունների ակադեմիայի անդամ, այդքանով տեղեկացված եմ այնտեղ իրականացվող քայլերին»,- ասում է նա ու հավելում, որ եթե ռուսներն անհանգստանում են եւ այդպիսի որոշում կայացնում, ուրեմն մենք պարտավոր ենք քաղաքաշինական այդ խնդրին ուշադրություն դարձնել, ուսումնասիրել, հետո նոր որոշում կայացնել։

«Նրանք արդեն չեն ուզում, որ 9 հարկից ավելի կառուցվի, բացի այդ, այնտեղ կան հսկայական բակեր, մարդիկ իջնում՝ բակերում նստում, ժամանակ են անցկացնում։ Իսկ մենք քաղաքում համարյա չունենք ազատ տարածքներ, որտեղ բակ լինի, որովհետեւ որտեղ մի ազատ տեղ են տեսնում, մի բան կանգնեցնում են»։

Թե ինչը հանգեցրեց ՌԴ-ում նման որոշմանը, ապա․ «Խոսքը միայն կառուցապատման խտությունը չէ, այլ նաեւ մարդկային խտությունը։ Կան հստակ չափանիշներ, թե յուրաքանչյուր հեկտարի վրա քանի մարդ պետք է ապրի։ Մեզ մոտ մինչեւ հասկանան դրա  կարեւորությունը, կարող է արդեն շատ ուշ լինի, հատկապես որ Մոսկվան դեռ սեյսմիկ տարածքում չէ, իսկ մենք սեյսմիկ գոտում ենք եւ հազար ու մի խնդիրներ ենք ունենում, այդքան կատարելագործված չենք վերելակների տնտեսության, հակահրդեհային համակարգերի հարցում, այսինքն՝ անվտանգության երաշխիքներ չունենք։ Տեսաք վերջին օրերին ինչքան հրդեհներ եղան քաղաքում, եւ ինչ դժվար էր դա կառավարել, որովհետեւ երբեք չենք առնչվել նման խնդիրների հետ։ Աստված չանի առնչվենք եւ տեսնենք, թե ինչ վիճակում ենք գտնվում»։