Կամավոր անհատույց նվիրատվություններ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

Կամավոր անհատույց նվիրատվություններ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, նվիրատվություններ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պրպտել են եւ, իբր, «թափանցիկ» աշխատելու ձեւ են գտել․ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը վերջերս արձակել է թիվ 325-12՝ «ԲԿ-ին նվիրաբերություն իրականացնելու գործընթացն ապահովելու մասին» հրամանը՝ հղում անելով բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի 88-րդ հոդվածի երրորդ մասին։ ԲԿ տնօրենը հրամայել է ընկերության անհատական կոդիֆիկատորում ավելացնել նոր կոդեր՝ նվիրաբերության պայմանագրով «անհատույց կամավոր սկզբունքով կատարված դրամական միջոցների դրամարկղ մուտքագրման համար»։

Հիվանդանոցային կոդը՝ 79-10, պոլիկլինիկականը՝ 79-11, եւ այսպես շարունակ։ Խոսքը բուժանձնակազմին տրվող նվերների մասին է, որը պետք է մուտքագրվի ԲԿ ֆոնդին։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչի» տնօրենի հետ ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել, մասնավորապես, թե այդ ովքեր են եւ ինչու են ցանկանում հիվանդանոցին անհատույց կամավոր սկզբունքով նվիրատվություն կատարել։ ԲԿ տնտեսական գծով փոխտնօրենն ասաց․ «Ճիշտն ասած՝ չգիտեմ, գիտեմ, որ ըտենց բան կա, որ բուժվում են՝ շնորհակալություն են ուզում հայտնել, իրենց նվերն ա, բան ա, տանում են, ինչ-որ կոդով վճարում են»։ Տնտեսական գծով փոխտնօրենը խոստացավ, որ այդ հարցով ավելի կոմպետենտ մեկը կպատասխանի մեր հարցերին, բայց ոչ ոք այդպես էլ չզանգահարեց։

Այս կոդերի եւ անդորրագրերի նպատակն առաջին հայացքից ֆինանսական թափանցիկության ապահովումն ու հարկերի մուծումն է, բայց արդյոք նվիրաբերությունները հարկվո՞ւմ են։ Ինչպես մեզ փոխանցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ հարկը վճարվում է միայն հողի եւ փողի դեպքում։ Փողինը՝ անմիջապես, հողինը՝ 10 տարվա ընթացքում։ Ինչ վերաբերում է նվիրաբերված այլ գույքին, նվիրատվությունը հարկվում է միայն ծախսագրման դեպքում, քանի որ այդ ժամանակ այն դիտվում է որպես եկամուտ եւ հարկման ենթակա։ Իսկ եթե նվիրատվությունը չի ծախսագրվում, օրինակ՝ հիվանդանոցին նվիրաբերված մահճակալի արժեքը չի հանվում ընդհանուր հաշվեկշռից եւ իրենց հասույթից, չի հարկվում։ Այլ խոսքով՝ տեսականորեն կան բոլոր սողանցքները, որ հիվանդանոցին նվիրաբերված մյուս գույքը՝ գորգեր, ջահեր, ադամանդներ, թանկարժեք քարեր, նկարներ, արվեստի գործեր, չծախսագրվեն եւ պահվեն ընդհանուր հաշվեկշռում։

Ի դեպ, ըստ օրենքի, նվերների ու նվիրատվությունների մասին սահմանափակում կա պետական պաշտոնյաների հետ կապված, որոնք որոշակի գումարից ավելի արժեք ունեցող նվերները պարտավոր են հանձնել պետությանը եւ հայտարարագրել դրանք։ Բժշկական աշխարհում, որտեղ ընդունված են «շնորհակալությունները», նման փորձ առաջին անգամ է կիրառվում։ Եվ հայտնի չէ, թե դա ինչ արդյունք եւ հետեւանքներ կարող է ունենալ։