Քննչական վարչության նախկին պետ տնօրենը կապերը գործի՞ է դրել

Քննչական վարչության նախկին պետ տնօրենը կապերը գործի՞ է դրել

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները մտահոգված են, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը պատշաճ չի քննվում, քանի որ ընկերության ներկայիս տնօրեն Արթուր Պողոսյանը Արաբկիրի քննչական վարչության պետն է եղել։ Ընկերության նախկին աշխատակից Միքայել Պողոսյանը «Հրապարակին» ասաց, որ իրենց որպես վկա չեն հարցաքննում, մինչդեռ ինֆորմացիա ունեն փոխանցելու նախաքննության մարմնին՝ փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Միքայել Պողոսյանի խոսքով՝ իրենք դիմել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանին, վերջինս գործով  քննիչ Գալուստ Ղազարյանին հրահանգել է հարցաքննել նախկին աշխատակիցներին, սակայն Ղազարյանը չի կատարել Ֆարխոյանի հանձնարարությունը․

« Մենք մարտի 1-ին գործադուլի պատճառով աշխատանքից հեռացվել էինք։ Զեկուցագրով որպես հիմք էին նշել, որ մենք ամբողջ աշխատանքային օրը չենք ներկայացել աշխատանքի։ Իհարկե, դա կեղծ էր, մենք դատարան հայցադիմում ենք ներկայացրել, իրենք դատարան ապացույց էին ներկայացրել, որ աշխատակիցներից մեկը զեկուցագիր է գրել, որ մենք աշխատանքի չենք ներկայացել։ Մենք 6-րդ վարչությունում հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին, որ փաստաթուղթ են կեղծել, և այդ փաստաթուղթը օգտագործել են դատարնում։ Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու դեպքի առթիվ։ Գործն ըստ ենթակայության ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ գործը մակագրվել է ավագ քննիչ Գալուստ Ղազարյանին, «Սեքյուրիթի Դրիմի» հետ կապված մի քանի գործեր էլ են իր վարույթում քննվում։ Ներկայիս տնօրենը, որը մեզ ազատել է աշխատանքից, Արաբկիրի քննչականի պետն է եղել, այն բաժնի, որտեղ քրեական գործերը քննվում են, ու ակնհայտ օբյեկտիվ քննություն չի իրականացվում, ոչ մի վկայի չեն կանչում, չեն հարցաքննում։ Մի 50-ից ավել վկա կա գործով։ Երևան քաղաքի վարչության պետին՝  Ֆարխոյանին, աշխատակիցներով դիմում ենք գրել, որ Արաբկիրի վարչության ավագ քննիչ Գալուստ Ղազարյանին հանձնարարեն իր վարույթում գտնվող քրեական գործերով մեզ որպես վկա հարցաքննել։ Մեր դիմումը բավարարվել է, ցուցում է տրվել Գալուստ Ղազարյանին, որ կանչի և որպես վկա հարցաքննի, որովհետև մենք բավականին շատ տեղեկություններ ունենք նախաքննական մարմնին տրամադրելու։ Բայց Արթուր Պողոսյանը՝ տնօրենը, իր կապերը օգտագործում է, քանի որ նա նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի ընկերն է, դատախազությունից ինչ-որ ծանոթներ ունի և Արաբկիրի քննչական բաժնի պետն է եղել , քննությունը միակողմանի են տանում, միայն «Սեքյուրիթի  Դրիմի» օգտին»,- ասաց Պողոսյանը։ 


« Ոստիկանության 6-րդ վարչությունը հստակ արձանագրել է, որ առերևույթ առկա են հանցագործության տարրեր։ Մենք նաև քննիչին ասում ենք, որ ապացույցներ ունենք, տեսանյութեր կան, ձայնագրություններ կան, որ մենք այդ օրը աշխատանքի ենք եղել , մեզ ասում են՝ հա, կվերցնենք, ինչի՞ համար եք վռազում, լուրջ չեն ընդունում»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության մեկ այլ աշխատակից  Լիլիթ Նիկոյանը։ 

Միքայել Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սկզբում ենթադրյալ կեղծ զեկուցագրերով ազատվել է 15 հոգի, սակայն մինչ այժմ տնօրենը դիտում է գործադուլի տեսանյութերը և մարդկանց ազատում աշխատանքից․

« Այդ կեղծված զեկուցագրերով առաջին ազատումը եղել է 15 հոգի, հետագայում ազատությունները շարունակվել է մինչև 30 հոգի, ազատել են այն մարդկանց, որոնք ակտիվ մասկացություն են ունեցել գործադուլին։ Մինչև հիմա էլ գնում, տեսանյութերը նայում են, տեսնում են՝ ով ակտիվ մասնակցություն է ունեցել, անիմաստ նկատողություններ են տալիս, հանում են, բայց մեզ անգամ նկատողություն չեն տվել։ Մեր խնդրանքը Ձեզ այն է, որ մեր ձայնը լսելի դարձնեք, որովհետև Քննչական կոմիտեի Արաբկիրի կնչական բաժնի պետը, որը հիմա տնօրենն է, ամեն ինչ անում է, որ վկաներին նորմալ չհարցաքննեն, որովհետև եթե մեր ներկայացրած ապացույցները ընդունեն, իրեն մեղադրանք կառաջադրեն, որովհետև վկաներ կան, որ պնդում են, ցուցմունք են տալիս, որ իրենց հանձնարարել է զեկուցագրեր գրել, որ մենք գործի չենք գնացել, նրանք հրաժարվել են զեկուցագիր գրելուց, նրանց էլ է ազատել աշխատանքից»։

Քննչական կոմիտեի լրատվական վարչության ղեկավար Նաիրա  Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործով մեղադրյալներ դեռևս չկան, նա բացառեց, որ որևէ մեկը կարող է ազդել նախաքննության ընթացքի վրա․

«Նախաքննության ընթացքի վրա որևէ մեկի կողմից ազդելու հանգամանքը բացառում եմ: Քննիչն ունի քննչական պլան և իր գործողություննեը կառուցում է ըստ իր քննչական պլանի, հետևաբար ինչ- որ անձանց այս պահին հարցաքննված լինել -չլինելը չի նշանակում, որ նրանք չեն հարցաքննվելու կամ քննիչի վրա ինչ որ անձ ազդում է», ասաց Հարությունյանը։

«Հրապարակը» փորձեց կապվել նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանի հետ, սակայն ընկերությունից այդպես էլ չպատասխանեցին մեր զանգերին։