Հայաստանը դարձել է ապրանք, որին կարող են առեւտրի ժամանակ իրացնել․ Ստեփան Դանիելյան

Հայաստանը դարձել է ապրանք, որին կարող են առեւտրի ժամանակ իրացնել․ Ստեփան Դանիելյան

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման, դրանից բխող հնարավոր օգուտների ու ռիսկերի մասին զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

- Խնդրում եմ գնահատել ստորագրված փաստաթուղթը։ Այն գործնականում՝ գետնի վրա, ի՞նչ է տալու Հայաստանին։ Իշխանական քարոզչամեքենան «ռազմավարական» բառը փորձում է փաթեթավորել այնպես, որ հասարակության շրջանում ամերիկյան ռազմական օգնության սպասելիքներ ձեւավորվեն։

- Մեզ մոտ սխալ հարցադրումներ են արվում, թե այդ հուշագիրը Հայաստանին ինչ է տալիս, բայց այն ունի երկրորդ կողմը՝ ԱՄՆ-ն, եւ հարցադրումը կարելի է փոխել՝ իսկ ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք այդ փաստաթուղթն ստորագրելը։ Այդ դեպքում արդեն պատկերը փոխվում է, եւ մենք ստանում ենք այն հարցի պատասխանը, թե մեզ ինչ է տալիս այն։ Գնում է մրցակցություն ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ, եւ այդ մրցակցությունը պատերազմների տեսք ունի։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, տեսանք, թե ինչ էր կատարվում Վրաստանում, որից պահանջում էին երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Այսինքն, Հայաստանի նման երկրներն օգտագործվում են այդ առճակատման համար, եւ, բնականաբար, այդ փաստաթուղթը ԱՄՆ-ն Հայաստանի հետ կնքել է հենց նման առճակատման համար, եւ մենք հայտնվել ենք այդ առճակատման կիզակետում։ Հարցի պատասխանը, թե ինչ կարող է տալ մեզ այդ հուշագիրը, հետեւյալն է՝ այն կարող է մեզ նույնիսկ պատերազմ տալ, որովհետեւ մենք արդեն դառնում ենք ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի հակամարտության կողմ, ինչը շատ վտանգավոր է՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով։

- Խոսք է գնում առաջիկայում ԱՄՆ-ից Հայաստան ժամանող խմբի մասին, որը սահմանային անվտանգության հարցերով պետք է զբաղվի։ Իրանի համար սա զգայուն խնդիր է, հայ-իրանական հարաբերությունների վրա սա ինչպե՞ս կազդի։ 

- Բնականաբար, դա Հայաստան-Իրան հարաբերություններում լարում է մտցնելու։ ԱՄՆ-ի քաղաքականությունն է, որ Իրանը լինի շրջափակման մեջ։ Իրանից մենք հայտարարություններ ենք լսում, որ Հայաստանն իրենց համար ստրատեգիական  նշանակություն ունի, եւ որ Հայաստանով անցնող ճանապարհն իրենց համար ճանապարհ է դեպի Եվրոպա։ Այսինքն, Իրանի համար թշնամի երկրի՝ ԱՄՆ-ի, ըստ էության, հատուկ ծառայությունների ներկայությունը հայ-իրանական սահմանին քայլ է լինելու՝ ուղղված Իրանի դեմ, որովհետեւ Հայաստանը հայտնվելու է հակաիրանյան կոալիցիայի մեջ, իսկ Իրանն այն հիմնական երկիրն է, որը վերջին տարիներին հանդես էր գալիս որպես ՀՀ դաշնակից, եւ այն, որ Սյունիքի վրա դեռեւս հարձակում տեղի չի ունեցել, Իրանի շնորհիվ է։ Այս առումով ՀՀ գործող կառավարությունը, իսկ ավելի ճիշտ՝ իշխող ընտանիքը միանձնյա, ծածուկ կերպով որոշումներ է կայացնում եւ վտանգի տակ դնում Հայաստանի անվտանգությունը, գուցե նաեւ՝ գոյությունը։

- Հաշվի առնելով, որ սա Բայդենի՝ հեռացող վարչակազմի հետ ստորագրված փաստաթուղթ է, այն Թրամփի օրոք որքանո՞վ կիմպլեմենտացվի՝ ի՞նչ ծավալով։

- Խնդիրը միայն այն չէ, որ կանոնադրությունն ստորագրվել է մի քանի օրից հեռացող վարչակազմի հետ, խնդիրը նաեւ նրանում է, որ այն ստորագրվել է մի վարչակազմի հետ, որը թշնամական հարաբերությունների մեջ է եկող վարչակազմի հետ, եւ այս առումով, բնականաբար, փաստաթղթի ստորագրումն անտրամաբանական է, եւ առաջանում է հարց՝ ինչի՞ համար է դա արվել։ Ես կարծում եմ, որ դա արվել է Հայաստանի իշխող ընտանիքի խնդրանքով, որպեսզի հանրությանը ցույց տան, թե իբր ինչ-որ քայլեր են արվում մեր անվտանգության ամրապնդման համար, եւ, փոխելով աշխարհաքաղաքական վեկտորը, կարող են պաշտպանություն ստանալ։ Իհարկե, սա շատ կասկածելի քայլ է, որի հետեւանքները վատն են լինելու։ Հիմա գանք այն հարցին, թե ինչ կփոխվի ԱՄՆ-ում իշխանափոխությունից հետո։ Ընտրված նախագահը, որն արդեն մի քանի օրից կդառնա ԱՄՆ գործող նախագահը, գնալու է գործարքի ՌԴ-ի հետ, եւ գործարքի տրամաբանությունն այն է, որ իրենք աշխարհը կիսելու են ազդեցության գոտիների, ու այս առումով հարց է առաջանում, թե Հայաստանը որ ազդեցության գոտում կարող է լինել՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համաձայնությունից հետո։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մնալու է ՌԴ-ի ազդեցության ներքո, սակայն եկող նախագահը Հայաստանը, որպես օբյեկտ, կարող է զիջել Ռուսաստանին։ Մենք արդեն հանդես ենք գալիս ոչ թե որպես սուբյեկտ, այլ՝ օբյեկտ, որին,  առանց հարցնելու, ճակատագիր են որոշում, այսինքն, Հայաստանը դարձել է ապրանք, որին կարող են առեւտրի ժամանակ իրացնել։

- Ռիսկ կա՞, որ Հայաստանը կարող է Իրանի դեմ հնարավոր գործողությունների պլացդարմ դառնալ։

- Չեմ կարծում, որ հիմա միանշանակ կարող ենք ասել՝ Իրանի դեմ գործողություններ կլինեն, թե չեն լինի։ Գործողություններ լինելու դեպքում հիմնական պլացդարմը լինելու է Ադրբեջանը, Հայաստանը լինելու է որպես օժանդակ տարածք՝ այդ գործողությունների համար։ Սակայն, եթե նույնիսկ Իրանի դեմ գործողություններ չլինեն, եւ կարծես թե կա հնարավորություն, որ Իրանն ԱՄՆ-ի հետ համաձայնության գա, եւ Իրանի նոր կառավարությունը բոլոր մեսիջները տալիս է, որ ինքը պատրաստ է նոր միջուկային համաձայնագիր կնքել, իրավիճակը կարող է այլ լինել, բայց եթե նման համաձայնագիր կնքվի, Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի կողմից չի ընկալվի որպես դաշնակից՝ համապատասխան հետեւանքներով հանդերձ։