Կառավարությունը մեղքը բարդում է վարորդների վրա

Կառավարությունը մեղքը բարդում է վարորդների վրա

Վերին Լարսում մոտ 10 օր է՝ հայկական բեռնատարները չեն կարողանում հատել ռուս-վրացական սահմանը, որ գան-հասնեն Հայաստան։ Խոսքը մոտ 600 բեռնատարի մասին է, որոնք բեռնված են հիմնականում ցորենով եւ ալյուրով։ Ռուսական կողմը հերթական անգամ արհեստական խնդիրներ է առաջացնում հայ վարորդների համար, իբրեւ թե բեռնատարները գերբեռնված են։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ, խնդրին լուծում տալու փոխարեն, որոշել է մեղքը բարդել բեռնատարների վարորդների վրա, թե սռնիների ծանրաբեռնվածության սահմանված կարգն են խախտել, նորմայից ավելի են բարձել, դրա համար էլ ռուս սահմանապահները կանգնեցրել՝ թույլ չեն տալիս հատել սահմանը։

Մինչդեռ վարորդներն այլ բան են պնդում, որ իրենց բեռները նորմայի մեջ են, եւ ռուսներն են հանկարծ որոշել արհեստական խոչընդոտներ հարուցել՝ փորձելով 50-100 հազար ռուբլի գումար կորզել իրենցից՝ որպես տուգանք։ Արդյունքում մի քանի հարյուր բեռնատար մնացել է Լարսում կանգնած՝ առաջացնելով հսկայական կուտակում։ Մեզ ասացին, որ այս օրերին շատ քիչ թվով բեռնատարների է հաջողվել հատել սահմանը, որոնք մինչեւ 15 տոննա բեռով են բարձված եղել։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ վստահեցնում են, թե, իբր, կուտակումները կամաց-կամաց նվազում են, մեքենաները հերթով սկսում են հատել սահմանը, բայց իրականում խնդիրը դեռ շարունակում է չլուծված մնալ։

Տպավորություն է, թե կառավարությունը թքած ունի այս խնդրի վրա, կամ ուղղակի նրա ուժերից վեր է ռուսական կողմի հետ այս հարցը լուծելը։ Նկատենք, որ նախկինում, երբ նման խնդիր առաջանում էր, որոշակի գումարի դիմաց բաց էին թողնում մեր բեռնատարները, հիմա ռուս սահմանապահները հանկարծ սկսել են խիստ մոտեցում ցուցաբերել՝ արհեստական հերթեր գոյացնելով։ Ճիշտ է, տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Լարսի անցակետ է այցելել Դոնի Ռոստովի ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը, բայց սայլը տեղից չի շարժվել։ Ասում են՝ խնդրին նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն է փորձել խառնվել։ Մինչդեռ այս ամենն էկոնոմիկայի նախարարության տիրույթում է, որը նախընտրում է ավելի շատ խնդիրը բարդել վարորդների ու բեռնափոխադրող ընկերությունների վրա, ոչ թե պատշաճ ջանք գործադրել՝ այն միջպետական մակարդակով լուծելու, քանզի ակնհայտ է, որ սա ռուսների հերթական կամակորությունն է։

Առհասարակ, ՌԴ իշխանությունները Լարսի անցակետը կարծես դարձրել են մահակ Հայաստանի գլխին՝ երբ ցանկանում են որեւէ բան հասկացնել մեզ, անմիջապես փակում են Լարսն ու կանգնեցնում մեր մեքենաները։ Հետո մերոնք ընկնում են ոտ ու ձեռ, որ ռուսներին խնդրեն-համոզեն՝ մեքենաները բաց թողնել։ Ու, թարսի պես, ռուսական կողմը կանգնեցնում է հենց այն բեռնատարները, որոնք բարձված են շուտ փչացող կամ կենսական նշանակության բեռով, ինչպիսին այս դեպքում ալյուրը եւ ցորենն են։

«Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։ Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներին»,- հերթապահ  պատասխան են տալիս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ապա նույն հերթապահ ոճով ավելացնում, թե մեր էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, եւ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, մի բան էլ հղում են անում այն փաստաթղթին, որը սահմանում է սռնիների բեռնվածության չափը։