Սոթքի հանքի ոսկով հարուստ հատվածը մնացել է ադրբեջանական կողմում

Սոթքի հանքի ոսկով հարուստ հատվածը մնացել է ադրբեջանական կողմում

Սոթքի հանքավայրը, որն աշխատեցնում է ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը, պահպանել է արդյունահանման ծավալը, սակայն ոսկու պարունակությունը հանքաքարում ավելի քիչ է: Այս մասին «Հրապարակի» հարցին պատասխանելով, հայտնեց «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը: «Տոկոսային հարաբերակցություն չեմ կարող նշել: Մոտավորապես կիսով չափ նվազել է։ Նկատի ունեմ ոչ թե մեր տարածքներում է պարունակությունը նվազել ընդհանուր առմամբ, այլ այն հատվածում, որը շահագործվում է ներկայում», - ասաց նա։ Ըստ այլ վկայությունների էլ հանքի այն մասը, որն անցել է ադրբեջանական տիրապետման տակ, ավելի հարուստ է ոսկով: 

Հիշեցնենք՝ պատերազմի օրերին Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրի՝ Սոթքի շահագործումը դադարեցվել էր, քանի որ տարածքն այդ փաստացի պատերազմական գոտի էր և գտնվում էր պաշտպանական գերատեսչության վերահսկողության տակ: Սոթք համայնքն ու Վարդենիս քաղաքը պարբերաբար ռմբակոծությունների էին ենթարկվում ադրբեջանական զինուժի կողմից: Այսօր հանքավայրի մեծ մասն անցել է ադրբեջանական կողմին: 

Ռուսական ընկերությունը ինտենսիվ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ: 
Ոչ պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ բանակցությունների արդյունքում որոշ զիջումների ադրբեջանցիները գնացել են, հայկական կողմին որոշակի տարածք է տրվելու որպես անվտանգության գոտի: Աղբյուրը չի հստակեցնում, թե քանի քառակուսի է վերադարձվել, ասելով, որ թվերը վերջնական չեն, որ բանակցությունը շարունակվում է: 

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դեռ նոյեմբերին բարձրացնում էր կառավարության առաջ Սոթքում աշխատող անձանց գործազրկության հարցը: Մոտ 300 հաստիքներ են կրճատվել, որի արդյունքում մարդիկ դարձել են գործազուրկ:  
Թագուհի Թովմասյանը վստահեցնում է, որ իրեն շատ հետաքրքրում է հարցի սոցիալական բաղադրիչը, որ իրավիճակը Սոթքի հանքավայրում իր ուշադրության կենտրոնում է: Ի՞նչ եղավ գործազուրկների հարցը, հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունքում Սոթքի հանքի տարածքը մեզ կրկին մեզ տրվի, և դրա դիմաց ինչ-ինչ հայկական տարածք փոխանցվեն ադրբեջանական կողմին: 

Թագուհի Թովմասյանը պատասխանում է. «Նոյեմբերի 9-ի ոչ հայանպաստ հայտարարությունից հետո, երբ որ մենք Քարվաճառը առանց մեկ փամփուշտի հանձնեցինք Ադրբեջանին, Սոթքի ոսկու հանքի մեծ մասին եկան ու տիրացան ադրբեջանցիները, ընդ որում ինքնուրույն, GPS-ով, ու չկար մեկը հայկական կողմից, որ ասեր՝ ձերը այսինչ հատվածն է: Արդյունքում հիմա ունենք արդյունահանման էականորեն պակաս տեմպ, որը բերել է մոտ 300 աշխատակցի կրճատման: Այդ հաստիքներն արդեն չկան: Ինչ կլինի, չեմ կարող ասել: Համենայն դեպս ամեն ինչ արվում է, որ հանքի շահագործումը վերադառնա նախկին ռեժիմին»: Պատգամավորը հիշեցրեց, որ երբ որ դեռ Քարվաճառը փաստացի չէինք հանձնել, այլ միայն ստորագրություն էր դրվել համապատասխան փաստաթղթի տակ, ինքը ահազանգում էր, որ Սոթքի հանքի ապագան վտանգված է: «Ի պատասխան կառավարությունից ինձ ասեցին, որ գրավոր կպատասխանեն, իսկ ժեստիկուլյացիայով ինձ փորձում էին հասկացնել, որ չխոսեմ այդ մասին, որ հանկարծ ադրբեջանցիները գլխի չընկնեն ու հանկարծ հանքը ամբողջությամբ, կամ կիսով չափ չանցնի նրանց տիրապետման տակ: Բայց ինչպես միշտ, իշխանությունները կարճատես գտնվեցին ու չմտածեցին, թե ինչ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարությունը կյանքի կոչելուց հետո: Փաստորեն, իմ ահազանգը կարճ ժամանակ հետո դարձավ իրականություն, իսկ կառավարության խոստումները սին էին»: