Ֆիլիպ Անտիոքացի․ «Սորոսական» արքան

Ֆիլիպ Անտիոքացի․ «Սորոսական» արքան

Ֆիլիպ (Փիլիպոս) Անտիոքացին Կիլիկիայի հայկական թագավորությունում գահ բարձրացավ ներքաղաքական չափազանց խառնակ իրավիճակում։ Լևոն 1(2)-ի մահվանից հետո գահը թափուր էր մնացել, իսկ պետությունն էլ ալեկոծվում էր ներքին խժդժությունների և գահաժառանգության համար մղվող պայքարի պատճառով։

Լևոն արքան, Ռուբեն-Ռայմոնդի ապաշնորհ և արկածախնդիր քաղաքականության, ինչպես նաև Անտիոքի համար մղվող պայքարում պարտություն կրելու հետևանքով, ստիպված գահի ժառանգորդ դարձրեց իր անչափահաս դստերը՝ Զապելին։ Կենդանության օրոք չկարողանալով կարգավորել վերջինիս ամուսնության հարցը՝ Լևոնը մահվանից առաջ Սիր Ատանին նշանակեց թագաժառանգի և թագավորության խնամակալ։ Որոշ ժամանակ անց Ատանը սպանվեց և խնամակալ նշանակվեց Կոստանդին գունդստաբլը։ Վերջինս լուրջ ծառայություններ էր մատուցել հայկական պետությանը, մասնավորապես՝ ճնշել էր գահաժառանգության պայքարի հետևանքով ի հայտ եկած ապստամբ ուժերին և դրանից ելնելով լուրջ հայտ էր ներկայացրել գահին տիրանալու համար։ Ոչ թե անձամբ հենց ինքը, այլ պարզապես նա ձգտում էր իր որդիներից մեկին ամուսնացնել գահաժառանգի հետ և այսպիսով լուծել գահաժառանգության հիմնախնդիրը։ Բայց արքունի ատյանում կոնսենսուսի բացակայության պատճառով, նա ստիպված համաձայնում է գահաժառանգության հիմնախնդրի կարգավորման մեկ այլ տարբերակի, որի համաձայն Զապելը ամուսնանում է Լևոն արքայի վաղեմի հակառակորդ Անտիոքի պրինց Բոհեմունդ 4-րդ Միակնանու որդի Ֆիլիպի հետ և վերջինս դառնում է հայոց թագավոր, բայց ոչ թե միանձնյա թագավորի կարգավիճակով, այլ՝ թագակիր գործակցի (prince consort, ի դեպ նույն կարգավիճակը ունեցել է նաև Հեթում 1-ը)։

Ֆիլիպի գահակալության պատճառների մասին բազմաթիվ գիտական մեկնաբանություններ ու վարկածներ կան, բայց ամենահիմնավորը թերևս միջազգային հարաբերություններում և տարածաշրջանային անվտանգության համակարգում իրադրության էական փոփոխությունն էր։ Դեռևս Լևոն 1-ի կառավարման վերջին տարիներին Ռումի սուլթանությունը կարողացել էր հաղթահարել ներքին ճգնաժամն ու լուրջ սպառնալիք դառնալ Հայկական պետության համար։ Իսկ արքայի մահվանից հետո երկու պետությունների միջև ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվեց և սուլթան Ալաեդդին Քեյ-Կոբադը կարողացավ զգալի տարածքներ նվաճել Կիլիկիայի հայկական թագավորությունից։

Համանման բարդ իրավիճակում քաղաքական ընտրախավը, Ֆիլիպին ամուսանցնելով Զապելի հետ, ցանկանում էր ոչ միայն դաշնակից ձեռք բերել սելջուկների դեմ պայքարում, այլ նաև ապահովել թիկունքը, քանի որ մեկ անգամ չէ, որ Անտիոքի խաչակիրները սելջուկների հետ դաշինքի մեջ մտած երկու կողմից ներխուժել են Կիլիկիայի տարածք։ Հեռահար հայացքով սա իսկապես ռացիոնալ որոշում էր, քանի որ սպասված արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս և Ֆիլիպ Անտիոքացին շուտով կարողանում է կասեցնել և ետ մղել սելջուկների նոր ներխուժումը։

Բայց գահաժառանգության հիմնախնդիրը դեռևս ալեկոծվում էր, քանի որ Կոստանդին գունդաստաբլը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրից։ Ինչպես ասում են, ցանկացած ձեռնարկ կարելի է կյանքի կոչել, եթե իհարկե գտնվի նպաստավոր պատրվակը, որն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Շուտով Ֆիլիպ Անտիոքացին մեղադրվեց ամենամահացու մեղքերի մեջ՝ իբրև թե նա թալանում էր հայոց գանձարանն ու հարստությունները ուղարկում Անտիոք, չէր հարգում հայ ավատատերերի իրավունքներն և ապօրինաբար օտարում նրանց տիրույթները, չէր հարգում հայկական ավանդույթներն ու ոտնահարում հայկական դավանանքը, այլ խոսքով՝ հետևողական քայլերով պետությունը տանում էր դեպի ֆրանսիականացում։ Այս ամենից հետո բնականաբար կատարվում է կանխատեսելին, հայ իշխանները Կոստանդին պայլի գլխավորությամբ ապստամբում են, իսկ վերջում փախուստի ճանապարհին ձերբակալում և սպանում Ֆիլիպին։

Ի դեպ վերևում թվարկված մահացու մեղքերը գրվել են ոչ թե Ֆիլիպի կառավարման շրջնանում, այլ նրա մահվանից 30-40 տարի հետո։ Գահակալության շրջանում աղբյուրները նրա մասին խոսում են ամենայն գոհունակությամբ և գովասանքով։ Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում։ Սխալվելու չնչին հավանականությամբ Կոստանդին գունդստաբլի վերահսկողության տակ գտնվող ավատատերերի կուսակցությունը արդի տերմինաբանությամբ պետական հեղաշրջում է իրականացրել, որպեսզի կյանքի կոչվի գունդստաբլի վաղեմի ծրագիրը։ Իսկ հայտնի մեղադրանքները ընդամենը պետական ուռճացված քարոզչության հետևանք են, քանի որ, ինչպես հետազոտողներն են արձանագրում, Հեթումի գահակալության շրջանում Կիլիկիայում Կոստանդինի անձի շուրջ պաշտամունքի միջավայր էր ձևավորվել։ Այսինքն, համանման տեքստերի ի հայտ գալն ավելի քան տրամաբանական էր և օրինաչափ։ Ուշագրավն այն է, որ Կոստանդինը կարող էր ազատ արձակել բանտարկված Ֆիլիպին, բայց փոխարենը շարժվում է ոճրագործության ճանապարհով՝ սպանելով նրան։ Խնդիրը մեկն էր, այն է՝ ինչպես Ֆիլիպին, այնպես էլ Անտիոքի վերնախավին վերջնականապես զրկել հայոց գահի նկատմամբ հավակնությունից։ Իսկ միջնադարյան իրավական մտքի համաձայն Ֆիլիպի հետնորդները չէին կարող ժառանգել հայոց գահը, քանի որ նա prince consort-ի կարգավիճակ ուներ և գահը փոխանցվում էր իգական գծով։

Այրիացած Զապելն ի վերջո բռնությամբ և պարտադրանքով ամուսնանում է Հեթումի հետ։ Պարտադրանքով, քանի որ նա սիրահարված էր իր ամուսնուն՝ Ֆիլիպին, և նրա սպանության մեջ մեղադրում էր Կոստանդին գունդստաբլին։ Բացի այդ Զապելը չէր պատկերացնում, թե ինչպես է ամուսնական կյանք վարելու Հեթումի հետ, որն ընդամենը պատանի էր։ 

Անկախ ամեն ինչից իրադարձություններն այս դրական հանգուցալուծում ունեցան։ Կոստանդին գունդստաբլի վճռականության և ուժեղ ձեռքի շնորհիվ Կիլիկիայի հայկական թագավորությունը թևակոխեց կայունության և զարգացման շրջափուլ։ Կիլիկիայի պատմության մեջ սկիզբ դրվեց Ռուբինյան-Հեթումյան ժամանակշրջանը, որը շարունակվեց մինչև 1375 թվականը։ Հետազոտողներից ոմանք Հեթումյաններին ներկայացնում են որպես առանձին արքայատոհմ, ինչը իհարկե թյուրիմացության հետևանք է։ Նրանք անտեսում են իգական գծով գահը ժառանգելու հիմնարար իրավունքը, այսինքն, գահի ժառանգորդը Զապել թագուհին էր և իշխանությունը փոխանցվում էր նրա միջոցով։

Թեմայի համատեքստում ավելորդ չի լինի նաև նշել, որ Ֆիլիպի հետ կատարվածն ամենևին էլ բացառիկ պրակտիկա չէր Կիլիկիայի պատմության մեջ։ Նույն պատրվակով սպանվել է նաև Գի Լուսինյան թագավորը։ Նրան էլ են չեզոքացրել հայկական ավանդույթներից և հայադավանությունից հեռանալու մեղադրանքով։ Իրականում վերստին գործ ունենք պետական հեղաշրջման դրսևորման հետ, բայց այս դեպքում մեկ այլ Կոստանդինի գլխավորությամբ՝ Կոստանդին Նղիրցու։

Ցավոք սրտի հայկական ավանդույթներից և հայադավանությունից հեռանալու քարոզչական տեսակետը բավականին հաստատուն դիրքեր ունի արդի պատմագիտության մեջ։ Ֆիլիպ Անտիոքացուն չեզոքացնելու պարզունակ պատրվակը ներառվել է նույնիսկ դպրոցական դասագրքերում։ Հակված եմ կարծել, որ սա հեռահար նպատակներ ունեցող մոտեցում է, այսինքն, ձևախեղված անցյալի միջոցով արդարացնել արդի արևմտամետ գործիչների նկատմամբ քարոզչական հետապնդումները։

Իհարկե Ֆիլիպը հայ չէր, իսկ Գին էլ՝ մասամբ, բայց պետք է նաև արձանագրենք, որ արևմտյան եկեղեցու հետ մերձեցման և դավանաբանական զիջումների գնալու ամենամեծ նախաձեռնությունները կյանքի են կոչվել հենց զտարյուն հայ արքաների կողմից, որոնք են՝ Հեթում 2-ը, Օշինը և Կոստանդին 4 (3)-ը։