Մենք նախարարությունից կասեցնելու վերաբերյալ գրություն չենք ստացել․ Գոգյան

Մենք նախարարությունից կասեցնելու վերաբերյալ գրություն չենք ստացել․ Գոգյան

Հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը։ Մինչ Գալոյանը կընտրվեր, Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակեց Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ որոշումը, որով, ըստ էության, անվավեր ճանաչվեց Գալոյանի՝ դոկտորի գիտական աստիճանը։ Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնի համար դոկտորի գիտական աստիճանը պարտադիր է։ Չնայած այս հանգամանքին՝ Գալոյանը, որը վայելում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Գրիշա Թամրազյանի լիակատար աջակցությունը, ընտրվեց ռեկտոր։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ գործընթացներ են հետևելու ԲՈԿ-ի որոշմանը և արդյոք նախարարությունը որևէ գործընթաց նախաձեռնե՞լ է։ Մեզ հետ զրույցում ԿԳՍՄ բարձարագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսիեն Գրիգորյանն ասաց, որ Դիանա Գալոյանը նախապես բողոքարկել էր ԲՈԿ-ի նախագահի հրամանը՝ գիտական աստիճանից զրկելու վերաբերյալ վարույթ սկսելու մասին․

« Հուլիսի 15-ին Դիանա Գալոյանը բողոքարկել էր ԲՈԿ-ի նախագահի հրամանը, որով նա ձեռնարկել էր Դիանա Գալոյանին գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցել։ Գալոյանը ներկայացրել է վարչական բողոք, և այդ կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն վարույթը կասեցվել է, հետևաբար ԲՈԿ-ը չէր կարող այդ մասով որոշում կայացնել, քանի դեռ նախարարությունում վարչական բողոք կա»,- ասաց Գրիգորյանը։ հարցրինք՝ այսինքն՝ ԲՈԿ-ի որոշումը առոչի՞նչ է, Գրիգորյանը պատասխանեց․

«Այս պահին այո, այն առումով, որ կասեցված վարչական վարույթ է եղել, բայց ԲՈԿ-ը ակտ է հրապարակել ։ Միաժամանակ նաև հաշվի առնելով, որ գիտական աստիճանները շնորհում են մասնագիտական խորհուրդները, հետևաբար մասնագիտական խորհուրդները, եթե օրենսդրությամբ նախատեսված կա, կարող են մարդուն զրկել գիտական աստիճանից։ ԲՈԿ-ը միայն վկայագրերով հաստատում, կամ չի հաստատում մասնագիտական խորհուրդների շնորհած գիտական աստիճանները»։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նախարարությունից ընդամենը տեղեկացվել է, որ Գալոյանը բողոքարկել է որոշումը

«Մենք գրություն չենք ստացել, որպեսզի կասեցնենք։ Մենք նախարարի գրություն ենք ստացել այն մասին, որ մեզ ի գիտություն ուղարկում է Գալոյանի բողոքը, բայց Վճռաբեկ դատարանի որոշում կա, որ վերադասության սկզբունքով բողոքը չի չեղարկում վարչական վարույթը»։