Մի ողբերգությունը մյուսով են մոռացնել տալիս

Մի ողբերգությունը մյուսով են մոռացնել տալիս

«Հրդե՞հ, թե՞ դիվերսիա, իսկ գուցե դիվերսիա, հետո՞ հրդեհ…»,- հռետորական հարց է հնչեցնում գնդապետ, «Տիգրան Մեծ» ջոկատի եւ համանուն ռազմամարզական վարժարանի հիմնադիր Կորյուն Ղումաշյանը: Հրամանատարը չի հավատում կառավարության ղեկավարի հնչեցրած վարկածին, թե վառարանը թեժացնելու համար, որպես կպչան, օգտագործել են բենզինը, այն էլ՝ բաց կրակի վրա: 

«Միանգամից ասեմ, որ դա ուղղորդում էր նախաքննական մարմիններին, այնպես, ինչպես եղավ «Սուրմալուի» դեպքում: Վարչապետը ողբերգությունն այնպես մանրամասն ու դետալային նկարագրեց, ասես ինքը ներկա է եղել… Իսկ ինչ վերաբերում է հրդեհին, գիտեմ, որ ծխի ու կրակի առկայության դեպքում հնարավոր չէ, որ բոլորը միանգամից անշարժանային, ուգար լինեին ու անկողիններում մոխրանային: Եթե զորամաս է, պետք է «դնեվալնիներ» լինեին, տագնապ հնչեցվեր: Իսկ եթե արթուն մարդիկ են եղել, պետք է փորձեին գոռում-գոչյունով, տղաներին պատեպատ տալով՝ արթնացնեին, դուրս բերեին կրակի միջից: Բայց նման բան կարծես չի եղել: Ավելին, 14 հոգի անշարժ մնացել է տեղերում ու վառվել: Մեր զինվորներին դարձրել են ռասխոդի մատերիալ»,- ասաց Ղումաշյանը: 

Գնդապետի կարծիքով, զինվորների՝ անշարժ պառկած մնալը նախապես կազմակերպված դիվերսիայի հետեւանք է: Ասում է՝ գուցե սպանել են, գուցե թունավորել, հետո այրել: «Հնարավոր է՝ հրդեհ են կազմակերպել, որ դիվերսիայի հետքերը վերացնեն: Դիվերսանտների մարտավարությունն է՝ իրենց գործն անում են ծածուկ, առանց բացահայտվելու, եւ արագ հեռանում: Այլապես հակառակ կողմը կարող է անմիջապես շրջափակել տարածքը եւ որոնողական աշխատանքներ սկսել՝ նրանց հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար»:

Բերձորի միջանցքի արգելափակման ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի ֆոնին մի ամբողջ վաշտ մոխրացնելը գնդապետ Ղումաշյանը պատահական չի համարում: «Սրանց գրած սցենարները մի նպատակ ունեն՝ մի ողբերգությունը մյուսով մոռացության մատնեն: Հիմա ո՞վ է խոսում շրջափակված Արցախի մասին. 15 զինվորի վախճանն այնքան ցավոտ է ու այնքան հարցեր է առաջացրել, որ Արցախը մոռացել են»:   

Գնդապետն անհիմն է համարում 2-րդ բանակային կորպուսի «գլխատումը»: Նրա կարծիքով, եթե հրամանատարը հանցավոր անփութություն է ցուցաբերել, մեղքը միայն նրանը չէ: «Զորամասը ցիրուցան են արել գյուղերի մեջ եւ ոչ մի պայման չեն ստեղծել զինվորի համար: Ես հազար անգամ այդ մասին բարձրաձայնել եմ: Լսող չկա: Կարծում եմ՝ վաշտի հրամկազմը եւս վերադասին զեկուցել է զորամաս կոչվածի անհարմարությունների մասին: Բայց եղավ անդառնալին, ու պատժվեց միայն սպայական կազմը: ԳՇ պետն ու Պնախարարը ներվեցին. ինչո՞ւ, նրանք մեղավո՞ր չեն: Ինչո՞ւ նախարար Պապիկյանը դեպքի վայր գնաց միայն հանրային ճնշման ներքո. որովհետեւ մեռելից վախենո՞ւմ է…»։

Զորամասի հրդեհը հանցագործություն է բանակի նկատմամբ՝ ասում է Կորյուն Ղումաշյանը: Նրա համոզմամբ՝ դա արվում է բանակի ողնաշարը կոտրելու համար: «Մի օրում 15 զոհ տվեցին ու սգո օր չհայտարարեցին: Ամսի 28-ին էլ Բանակի օրը կշրջանցեն: Կամաց-կամաց տանում են բանակի կազմաքանդմանը, բայց պետք է սթափ լինենք, թույլ չտանք, որ անհայրենիքները հասնեն իրենց ուզածին: Կոնկրետ ես ունեմ իմ դավանանքը՝ Աստված եւ հայրենիք: Բոլորս այդ դավանանքով պետք է առաջ գնանք ու թույլ չտանք, որ կոտրեն մեզ»: