«Պատմություն»՝ առանց պատմագրության

«Պատմություն»՝ առանց պատմագրության

Հայաստանի «թյուրքական տեղանունների վերականգնման» մասին Իլհամ Ալիեւի հրահանգին, ինչպես եւ սպասվում էր, անմիջապես արձագանքել են ադրբեջանցի «պատմաբանները»: Ոմն Իլգար Վելիզադե, մասնավորապես, գտնում է, որ «բավական է նայել Ռուսական կայսրության քարտեզները, որպեսզի հասկանանք ադրբեջանական տարածքների հայացման ծավալները»:

Այս մոտեցման հակագիտականությունը բացահայտելու համար հեռու գնալ պետք չէ: 1991թ. Բաքվում լույս է տեսել ադրբեջանական պատմագիտության հայր Աբաս-կուլի-աղա Բաքիխանովի «Գյուլիստան-ի Իրամ» աշխատությունը, որի ենթավերնագիրն է. «Շիրվանի եւ Դաղստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ արաբական արշավանքներ»:

Թե ինչու՞ Բաքիխանովը չի շարադրել Ադրբեջանի պատմությունը՝ պարզ է: Նա նման երկիր չի ճանաչել եւ իր գրքում «Ադրբեջան» հասկացությունն օգտագործել է որպես Պարսկաստանի հյուսիսային շրջանների անվանում: Ակադեմիական այդ հրատարակության գիտական խմբագիրն էր Զիա Բունիադովը, որ պատմության հայտնի կեղծարար է: Բայց անգամ նա չի կարողացել շրջանցել իրողությունը եւ գրքի առաջաբանում ընդգծել է, որ աշխատությունը հեղինակելիս Բաքիխանովն օգտվել է պարսկական, արաբական, հռոմեական, հայկական պատմագրության աղբյուրներից, ինչպես նաեւ՝ իր ժամանակի ռուս եւ եվրոպացի հեղինակներից: Վերստին շեշտենք՝ սա Ադրբեջանում ամենաազգայնական հայացքների տեր պատմաբանի գնահատականն է՝ հնչեցված 1991թ.-ին, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններն արդեն լարված էին, եւ Բաքուն տեղեկատվա-քարոզչական պատերազմ էր հայտարարել Հայաստանին, հայ մշակույթին, պատմությանը եւ ամեն ինչի, որ առնչվում է հայերիս: Ստացվում է, որ Բաքիխանովն իր ուսումնասիրությունը հեղինակելիս ոչ մի ադրբեջանական աղբյուր չի օգտագործել: Ինչու՞: Որովհետեւ այդպիսիք պարզապես գոյություն չեն ունեցել: Չեն գրվել: Ուրեմն մինչեւ 19-րդ դարի կեսերն ադրբեջանցիներն ազգային պատմագրություն չեն ունեցել: Ինչու՞: Որովհետեւ չեն ունեցել ազգային ինքնության պատմություն: Ինչպես Իլհամ Ալիեւն է ասում՝ վերջ եւ հարցական նշան՝ պատմություն ունեցողը պատմագրություն չի՞ ունենա: