Իսկ ո՞վ ասաց, որ աշխարհիկ կրթությունը պետք է սկսվի եւ ավարտվի «Հայր մեր»-ով

Իսկ ո՞վ ասաց, որ աշխարհիկ կրթությունը պետք է սկսվի եւ ավարտվի «Հայր մեր»-ով

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը e-draft.am-ում քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը, որը հանրային թեժ բանավեճի առիթ է դարձել։ Բանն այն է, որ այդ նախագծով առաջարկվում է հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաների ցուցակից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան եւ այն բաժանել տարբեր հասարակագիտական եւ հայագիտական առարկաների միջեւ։ Թեմային անդրադարձել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հռետորական հարց էր հղել, թե հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում: Ըստ Փաշինյանի՝ այս տարանջատումը խանգարում է ընկալել ժողովրդի պատմությունն ամբողջության մեջ։ «Հայ ժողովրդի պատմությունը բաղկացած է եկեղեցու պատմությունից, հայոց պետականության պատմությունից, հայ մշակույթի պատմությունից, հայ գիտության պատմությունից, հայ քաղաքական մտքի պատմությունից»,- ասել էր վարչապետը։ Եկեղեցու դիրքորոշումն այս հարցում հստակ է․ հանել այս առարկան եւ կամ այն լուծել այլ առարկայի մեջ, նշանակում է եղծել, վերացնել հայկական դպրոցի ազգային նկարագիրը։

«Վերջին հանդիպումը եղել է անցյալ տարի՝ հունիսի 17-ին, դրանից հետո եկեղեցին որեւէ մասնակցություն չի ունեցել քննարկումներին, եւ միայն այս տարվա հունիսի 11-ին Մայր Աթոռի համապատասխան բաժնի տնօրենը հրավիրվել է փակ քննարկման, երբ արդեն ամեն հարց լուծված էր։ Եթե ասում են, որ արդեն պատրաստ է չափորոշիչը, եւ դրել են քննարկման եւ մեզ հետ նախապես չեն համաձայնեցրել հանելու, միացնելու եւ կամ այլ ձեւաչափով առարկան մատուցելու, ապա դա, բնականաբար, քաղաքական որոշում է։ Այն փաստը, որ առարկան միացվում է այլ առարկայի, դա արդեն խոսում է այն մասին, որ առարկան գոյություն չունի իր անվամբ, իր գիտական կարգով, իր ծրագրով եւ իր հետապնդած նպատակով։ Հանել այս առարկան, նշանակում է չճանաչել սահմանադրորեն եւ պետական օրենքով սահմանված Հայոց եկեղեցուն՝ որպես ազգային եկեղեցի»,- այս մասին հայտարարել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանան։

Մենք զրուցեցինք «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի հեղինակներից մեկի՝ պատմաբան Աշոտ Ղուկասյանի հետ։ Նա նշեց, որ թեեւ դեռեւս ամբողջովին ու մանրակրկիտ չի ուսումնասիրել ողջ նախագիծը, սակայն դեմ է առաջարկվող փոփոխություններին։
«Ընդհանուր առմամբ, դեմ եմ։ Ես որքան հասկացա, պատմությունը, հասարակագիտությունը եւ եկեղեցու պատմությունն ուզում են միացնել․ դա ամենաքիչը անլուրջ քայլ է։ Հայագիտությունն ընդամենը նախապատմական գիտելիք է, որը հայրենաճանաչողություն է ուսուցանում, այն նախորդում է բուն պատմության ուսուցմանը։ Ինչ վերաբերում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, ապա այնտեղ եկեղեցու պատմության որոշ հարցեր, իրոք, կրկնվում են, եւ պետք է դա այնպես կառուցել, որ միասնականացված դասընթաց լինի, այլ ոչ թե առանձին հատվածներով «Հայոց պատմության» մեջ դրվի, ընդհանուր հենքի վրա պետք է դրվի»,- ասաց Ղուկասյանը։

Դասագրքի հեղինակին հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի շրջանառվող այն հայտնի թեզի վերաբերյալ, որ առարկայի դասավանդումը քրիստոնեության, կրոնի քարոզ է ենթադրում։ Ղուկասյանն ասաց, որ դասագիրքը նման հարց չի լուծում, սակայն կրոնավորները չպետք է միջամտեն դասավանդման գործընթացին․ «Կարող է ուսուցիչը՝ ինքը, քարոզչական աշխատանքներ տանում է, բայց բուն նյութը քարոզչական ոչ մի խնդիր չի լուծում։ Ես առաջիններից մեկն էի, որ գրել եմ, որ այդ առարկան պետք է, որովհետեւ այն ժամանակ աղանդները շատ էին, իսկ այսօր պարզապես եկեղեցին, կրոնավորները միջամտում են այդ գործին, որը չի կարելի, դրա համար էլ որոշ դպրոցներում քարոզչական բնույթ է կրում։ Եկեղեցին չպետք է մասնակցի դասավանդման գործընթացին, իսկ ո՞վ ասաց, որ աշխարհիկ կրթությունը պետք է սկսվի «Հայր մեր»-ով եւ ավարտվի «Հայր մեր»-ով։ Բաներ կան, որ չի կարելի՝ կրթությունն աշխարհիկ է։ Դրա համար, Աստծուն փառք, ունենք հոգեւոր ճեմարաններ, համալսարանում ունենք հատուկ ֆակուլտետ։ Այդպիսի խնդիրներ կան, բայց որ այն պետք է միասնացված լինի հայոց պատմությանը, եւ շատ հարցեր՝ հատկապես մշակութային եւ հայապահպանական, միասին լուծվեն, դա անպայման անհրաժեշտ է։ «Հայ եկեղեցու պատմությունն» ու «Հայոց պատմությունը» պետք է միասնացված դասընթացով դասավանդվեն, նույնիսկ կարելի է կոչել «Հայոց եւ հայ եկեղեցու պատմություն», որովհետեւ դրանք իրարից առանձնացնելն անմտություն է։ Առանձնացնելու դեպքում կա՛մ կրկնվում է, կա՛մ կրոնական քարոզչությունն է իրականացվում։ Այսօրվա գրքերում եթե հանում ենք Հին կտակարանը, 90 տոկոսով կրկնվում է հայոց պատմությունը, մի 2 կաթողիկոսի անուն է ավել, մի 2 հրովարտակ, մի 2 կոնդակ եւ այլն։ Ես հեղինակ եմ եւ ասում եմ, որ իրոք կրկնվում է եւ չունի իմաստ, բայց որ մեր եկեղեցու պատմության նյութը պետք է շաղախվի հայոց պատմության մեջ, դա անպայման անհրաժեշտություն է»։