Մայր օրենքը խախտելու համար պիտի պատժվել և ոչ թե փոխել այն

Այն, որ քաղաքական դաշտի վերլուծություններին էիք հետևում, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը ինչու՞ է մարդկանց սուտ խոստումներ տալով իշխանության եկել, արդեն գծագրվում է։ Կարող եք արդեն ոչ լրագրողներից, ոչ փորձագետներից, ոչ էլ քաղաքագետներից իմանալ, թե ի՞նչ է իր ուզածը, ու՞ր է տանում երկիրը։ Նա արդեն ոչ թե խոսում, այլ գործում է։ Առաջ դա չէր կարող անել, որովհետև ունեինք կենսունակ Հայաստան, Արցախ։ Հիմա արդեն իր ջանքերի շնորհիվ թուլացել, պառակտվել է Հայաստանը, փլուզվել են պետական կառույցները, Արցախը չկա։ Հիմա արդեն իսկական պահն է, որ գործի անցնի՝ շնչահեղձ լինող Հայաստանի դեմքին պահելով խաաղափետուրե բարձը։ Հիմա արդեն, երբ Արցախ չկա, երբ նրա ղեկավարները կալանավորված են, երբ հոշոտված է Հայաստանի Հանրապետությունը և գրավոր ու բանավոր համաձայնությունների հիմքում Հայաստանը մաս- մաս հանձնվում է, Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության, որը Հայաստանն ավելի մրցունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում»։
Սրանից պարզ էլ ի՞նչ ասի։ Բավական ծանոթանալ մեր Սահմանադրության հղումը Անկախության հռչակագրին՝ Լեռնային Ղարաբաղի, Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ, ավելին պետք չէ և կհասկանաք, որ հինգ տարվա իր անդուլ աշխատանքն ընդամենն ուզում է օրենքի տեսք տալ, ամփոփ հանձնել։ Իսկ թե հինգ տարվա մեջ ինչ աշխատանքներ է տարել նշածս հարցերի ուղղությամբ, մեկնաբանելու կարիք չկա։ Մեր աչքի առաջ է հանձնված, հայաթափված Արցախը, թշնամու մագիլներում հայտնված Հայաստանը, որը ներսից զրկում են դիմադրողականությունից, իսկ դրսից պարտադրում են հանձնվել։
Սահմանադրության մաթևոսյանական մի հետաքրքիր բնորոշում կարդացի․ «․․․երկիրը աղետներից պետք է փրկել, իրավունք պիտի լինի, եթե սատանան ինձ գայթակղել է, իրավունք պիտի լինի իմ ձեռքը բռնելու ու իմ ձեռքը հատելու... »։ Սա նշանակում է, որ օրենքը, Սահմանադրությունը խախտելու համար պիտի պատժվել և ոչ թե փոխել այն․․․ Այսինքն ղեկավարը կարող է խախտել մայր օրենքը, մնալ անպատիժ և պատժից խուսափելու համար փոխե՞լ մայր օրենքը։
Կարծիքներ