Սյունիքում անտերություն է, բուժաշխատողները բողոքում են

Սյունիքում անտերություն է, բուժաշխատողները բողոքում են

Կապանցի բուժքրոջ հայտարարությունից հետո Սյունիքի մարզպետարանը վերջապես սթափվել է, իսկ Կապանի քաղաքապետն առայժմ ասպարեզում չի երևում: Հիշեցնենք․ երեկ http://kapan.in/ հարթակում «Մի՞թե այդքան անթասիբ ենք» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որտեղ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ինֆեկցիոն բաժանմունքի ավագ բուժքույրը վիրավորված և բարկացած հայտարարել էր, թե Կապանում մեկը չկա, որ մի անկյուն հատկացնի․
«Օրեր առաջ, երբ բաժանմունքում հայտնաբերվեց առաջին կորոնավիրուսով հիվանդը, հերթապահող ամբողջ անձնակազմով, կազմուպատրաստ, անցել են գործի, 14 օր ընտանիքի անդամների հետ չեն շփվել, հիվանդանոցից դուրս չեն եկել, իսկ երբ եկել է հերթափոխը հանձնելու ժամանակը, պարզվել է, որ իրենց  թեստը բացասական պատասխան է ցույց  տվել։ Ինչևիցե, քանի որ նոր հիվանդ էլ էին ընդունել, բացասական պատասխան ունեցողներն էլ  ստիպված էին ևս 14 օր մեկուսանալ, տներ վերադառնալ չէին կարող, բայց որևէ տեղ չկար հատկացված, որ գնային։ «Մի՞թե այդքան անթասիբ ենք։ Շատ վիրավորական էր, Գորիսում մեզ տեղ էին առաջարկում, իսկ ամբողջ Կապանում մեկը չկար, որ մի անկյուն հատկացներ, որ բուժքույրն իր 14-օրյա մեկուսացումն ավարտեր ու կրկին աշխատանքի անցնելու հնարավորություն ունենար։

Հիմա Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքի առաջին հարկում ենք, պայմանները հիասքանչ չեն, բայց շնորհակալ ենք գլխավոր բժշկից՝ գոնե այս տարածքը հատկացնելու համար, այլապես չգիտեմ ինչ կանեինք»,- նշում է ինֆեկցիոն բաժանմունքի ավագ բուժքույրը։ «Այս ամենի ֆոնին հասարակ քաղաքացիները շարունակում են սոցցանցերում շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, սրտացավորեն փորձում են աջակցել վարակվածներին»,- գրված էր հոդվածում։

Բուժքրոջ հայտարարությունը տարբեր հարթակներում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: Հետաքրքրական է, որ ունենալով արդեն պաշտոնապես հաստատված 26 դեպք, Սյունիքի մարզպետարանն ընդամենը այսօր է հայտարարություն տարածել, որում ասվում է․ «Սյունիքի մարզպետարանին Կապանում անհրաժեշտ են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են՝ հանդիսանալ կացարան կորոնավիրուսային վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար․ ուշադրությո՛ւն, դրանք հարկավոր են ոչ թե վարակակիրների, այլ մեկուսացված անձանց եւ մեր բուժաշխատողների համար»։

Փաստորեն, ունենալով 26 դեպք, մեծ մասը՝ Կապանում, ինչի մասին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն ինտենսիվ կերպով տեղեկատվություն է տարածում, Սյունիքի մարզպետարանը նոր է որոշել տարածքներ փնտրել, որտեղ կկազմակերպեն մեկուսացումը: Դեռևս հայտնի չէ նաև, թե արդեն նոր կորոնավիրուսով հաստատված հիվանդների հետ քանի մարդ է շփվել, արդյոք նրանց ընտանիքների անդամները թեստավորվե՞լ են, մեկուսացվել են․ այս մասին որևէ տեղ ոչինչ չի ասվում, փոխարենը արդեն բուժաշխատողներն են օգնություն խնդրում եւ իրենց վրդովմունքը հայտնում, որ պետական կառույցները պատշաճ չեն աշխատում: 

Այս օրերին ոչ միայն մարզպետարանը, նաև Կապանի քաղաքապետարանը պետք է արդեն հստակ միջոցառումներ ձեռնարկած լինեին՝ հստակեցնելով այն օբյեկտների ցանկը, որոնք պատրաստակամ էին տեղ հատկացնել: Ստեղծված իրավիճակից կարելի է ենթադրել, որ Սյունիքի մարզպետարանում ոչ միայն իրավիճակին չեն տիրապետում, նաև ֆորսմաժորային պայմաններում աշխատել ի զորու չեն, իսկ Կապանի քաղաքապետի և ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հակասությունը անգամ արտակարգ իրավիճակների պայմաններում շարունակում է ի վնաս կապանցիների աշխատել:

Նարեկ Դաջունց