Ցանկացած ստոր գործիք մի օր ուղղվում է այն գործադրողի դեմ

Ցանկացած ստոր գործիք մի օր ուղղվում է այն գործադրողի դեմ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը հայտնաբերել է, որ նրա դեմ ֆեյսբուքյան արշավ կազմակերպողները բարձրաստիճան պաշտոնյաներ են եւ զգուշացնում են, որ անհրաժեշտության դեպքում փաստեր կհրապարակեն։ 

Մեզ համար դա նորություն չէր՝ լրագրողներին ու ակտիվ հանրային շրջանակներին վաղուց հայտնի է, որ այս իշխանությունների հիմնասյունը ֆեյբուքն է, վճարովի քոմենթչիներն ու ֆեյքերը, որի վրա ահռելի միջոցներ են ծախսում։ Մի մասը՝ պետական բյուջեից, մյուս մասը՝ անձնական միջոցներից։ Անգամ հայտնի են եւ պարբերաբար հրապարակվում են ֆեյքաֆաբրիկաներ պահողների անունները, գները, տեղերը։ Այդ տգետ, լատինատառ, անմիտ, չար ու մարդկանց զրպարտող գրառումներով փորձել են երկու տարի կառավարել հասարակությանը, որ չտեսնեն, որ «արքան մերկ է»՝ իշխանությունը տկար է ու անմեղսունակ։

Այս մարդիկ, որոնք իշխանության եկան սոցցանցերի եւ հանրային անապահով խավերի աջակցության շնորհիվ, կարծեցին, թե նույն սոցանցերում կեղծ շարժումներ կազմակերպելով, կեղծ հավանություններ ու քոմենթներ ապահովելով, կկարողանան հավերժ իշխել։ Բայց ամեն մի անազնիվ բան մի օր հայտնի է դառնում եւ ցանկացած ստոր գործիք մի օր ուղղվում է այն գործադրողի դեմ։

Որքան էլ որ նախարարների, մարզպետների, վարչապետ- փոխվարչապետների, նրանց կանանց ու խոսնակների, նրանց վարորդների եւ օգնականների կողմից կառավարվող մի քանի հազար քոմենթչիներն աշխատեն, մի օր դա հայտնի է դառնալու, մի օր փլվելու է այդ միֆը, որ նրանք հանրային աջակցություն են վայելում եւ բարձր հեղինակություն ունեն։ 

Մի օր այդ կեղծ քոմենթների ազդեցության տակ ընկած մարդիկ հասկանալու են, որ իրենց հիմարացրել են։ Մի քանի դրամ վաստակելու համար հայրենիքի շահը վաճառող այդ մարդիկ կամ իրենք են ընդվզելու, կամ բացահայտվելու են, կամ՝ այդ զենքն օգտագործելու են հենց իրենց դեմ։ 
Հանրային կարծիքը մանիպուլացնելը վաղ թե ուշ ավարտվելու է, ինչպես ավարտվեց այն միֆը, թե դուք հող հանձնող չեք։ Ինչպես սնանկ դուրս եկավ այն թեզը, թե փողոցից եկած երիտասարդները կարող են լավ իշխանություն լինել, մեր երկիրը զարգացնել ու մեր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնել։