ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

Դենվեր քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին Քեյլի Մըքենանի անդրադարձը ակտիվորեն քննարկվեց մամուլում: Սպիտակ տունը իր պարզաբանումները տվել է այս առիթով։
Ի պատասխան Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության հարցմանը՝ Սպիտակ տունը հայտնել է, որ վարչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործություն և ողբերգություն է, և ԱՄՆ-ն կանգնած է հայ ժողովրդի կողքին'»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումից, որի երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, անցած տարի ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր: Վարչակազմը 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան կայսրության տարածքում խուսափում է որակել «ցեղասպանություն»՝ ապրիլի 24-ի նախագահի տարեկան ուղերձում այս առիթով օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրը:

Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքերն ակտիվ քննարկումների առարկա դարձան մամուլում ու խնդրի հետ առնչվող շրջանակներում: Թուրքիան արձագանքել է մամլո խոսնակի խոսքերին՝ լրատվամիջոցներին հայտնելով, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնորեն հայտնի է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ անընդունելի է որակում «Հայոց ցեղասպանություն» եզրի օգտագործումը՝ կարծիք հայտնելով, որ մամլո խոսնակի կողմից դրա կիրառումը '«լեզվի ցավալի սայթաքման արդյունք է, որը խնդրին տվել է այլ բովանդակություն'»:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ֆեյսբուքյան իր գրառման մեջ մեկնաբանել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի շուրջ զարգացումները՝ մատնանշելով ՀՀ ԱԳՆ-ի նախկինում արված մեկնաբանությունն այս առիթով: ՀՀ դեսպանությունը շեշտել է նաև, որ Հայաստանը գնահատում է Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունն այս հարցի նկատմամբ:

Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել են մամլո խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն է հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում