Հայհոյանքի ֆենոմենը

Հայհոյանքի ֆենոմենը

«Այդքան ձեր նյութերը չեմ կարդում, որքան դրանց քոմենթները»,- ասում է ծանոթներիցս մեկը ու պարզաբանում. «Կարելի է մեր ազգի բարոյահոգեբանական նկարագիրն ամբողջությամբ կազմել այդ մեկնաբանությունների հիման վրա` քաղաքագիտական ու սոցիոլոգիական լուրջ ուսումնասիրություններ կատարել, որոշել ազգի գրագիտության, հումանիզմի, խելքի չափը, տեսահորիզոնի լայնությունը: Կարելի է հստակ որոշել` ազգն ինչ պատկերացումներ ունի լավի ու վատի, առաջադեմի, արդարության, հավասարության եւ այլ գաղափարների առումով»:

Ասվածն այնքան հետաքրքրեց, որ որոշեցի մեկ օր նվիրել «քոմենթներ» կարդալուն, որ հասկանամ, թե, ի վերջո, ինչն է հուզում մեր հայրենակիցներին, ինչից են ուրախանում կամ տխրում, ինչից` զայրանում, ինչն են ողջունում կամ դատապարտում:

Անկեղծ ասած, դաժան փորձություն էր` թշնամուս չեմ ցանկանա: Իհարկե, կան շատ խելացի, հումորով, գրագետ, ադեկվատ մեկնաբանություններ, բայց դրանք երեւի մի 20 տոկոս են կազմում: Մնացած 80 տոկոսը սոսկումի, վրդովմունքի եւ հիասթափության խոր զգացում կարող է առաջացնել ցանկացած գրագետ ու առողջ մարդու մոտ:

Ես հատկապես ցնցված եմ այն չարությունից, որ մարդիկ տածում են իրենց անծանոթ մարդկանց նկատմամբ: Թվում է` մարդը վատ բան չի արել, ընդամենը մեդալ է շահել, երգ է գրել կամ տեսակետ է հայտնել: Ինչքա՜ն պետք է կորցնես ինքնատիրապետումդ ու մարդկային կերպարդ, որ սեռական հայհոյանքներ գրես երիտասարդ կնոջ, վաստակաշատ գիտնականի, փորձառու քաղաքական գործչի, պարզապես ՀՀ քաղաքացու հասցեին: Մարդու, ով չի կարող քեզ համարժեք պատասխանել կամ պատժել: Նորմալ մարդիկ իրենց նման կերպ չեն պահում: Նորմալ մարդիկ գիտեն, որ անտեղի հայհոյել չի կարելի, առհասարակ` հայհոյելն ընդամենը թուլության ու տգիտության նշան է: