Քաղաքական դաշտի առավոտը-3

Քաղաքական դաշտի առավոտը-3

Սկիզբը՝ նախորդ համարներում

Իշխանությանը նետված քարերը

Իշխանության գլխին հեղեղի պես թափվող մեղադրանքների մեծ մասը մահացու չէ եւ չի կարող նրան մերժելի դարձնել: Առայժմ դրանցից ոչ մեկը դեռ չի խոցել նրա գարշապարը: Քննադատության առավել աղմկոտ թիրախներից մեկն արցախյան հիմնախնդիրն է: Նիկոլ Փաշինյանի ամեն մի բառը, անգամ լռությունը ենթարկվում է մանրադիտակային զննման: Ամենաշատ ու ամենահեշտ շահարկումներն այս ոլորտում են, մինչդեռ խնդիրը վաղուց դուրս է եկել ներհայկական միջավայրից ու տեղավորվել միջազգայնորեն վերահսկվող այնպիսի մի հարթակում, ուր գործող գլխավոր բանաձեւը ստատուս-քվոյի պահպանումն է: Այս իրավիճակը բխում է խնդրով զբաղվող երկրների քաղաքական ու տնտեսական շահերից եւս: Իսկ ժամանակ առ ժամանակ դրսեւորվող մասնակի շեղումներն արժանանում են հակակշռող արձագանքների: Ակնհայտ է, որ ստատուս-քվոյի պահպանումը առաջիկա տարիներին եւս կմնա տարածաշրջանի կայունացմանը նպաստող հիմնական մոտեցումը: Ուստի Նիկոլ Փաշինյանին հող ծախելու մեջ մեղադրելը շատ պարզունակ է հնչում: Առավել եւս, որ չկա հող նվիրելու որեւէ թաքուն մեխանիզմ: Այս պարագայում, Փաշինյանի խոսքի ու վարքագծի ելեւէջները պետք է դիտարկել որպես դիվանագիտական զինանոցի գործիք, հնարք, որպիսիք կիրառվել են նաեւ իր նախորդների կողմից: Վերջիվերջո, ստատուս-քվոյի՝ ի վնաս հայկական կողմի փոփոխման վտանգի դեպքում միշտ կա պահուստային տարբերակ՝ պաշտոնից հրաժարում, դավաճանի անունից խուսափելու համար: Իսկ մինչ նման երկընտրանքի առաջանալը, հազիվ թե գործին օգուտ կտա մեկ ուրիշի գործողությունները դավաճանության կանխավարկածով մեկնաբանելը: Հետեւաբար, արցախյան խնդրի անտեղի թմբկահարումն այս պահին ժամանակի ու էներգիայի զուր վատնում է նշանակում:

 Տնտեսության ոլորտը

Վարչապետի լավատեսությունն ու հավաստիացումները տնտեսության մեջ ներդրումների ընդլայնման առումով առայժմ շոշափելի արդյունք չեն տվել: Հասկանալի է, որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, ինչպիսիք են չավարտված պատերազմն ու շրջափակումը, փոքրամասշտաբ շուկայի հանգամանքը եւ այլն: Անօրինականորեն ձեռք բերված սեփականության վերադարձի գործընթացը եւս կարող է վախեցնել հանգամանքների մեջ խորանալու ձգտում ու ժամանակ չունեցող հավանական ներդրողին: Վերջիններիս հրապուրում է մաքուր ու հնարավոր վտանգներից զերծ միջավայրը: Խոստովանենք, որ Հայաստանն առայժմ այդ համբավը չունի: Այնպես որ՝ ներդրումների հոսքի ակնկալումն այնքան էլ իրատեսական չէ: Այս պարագայում պետք է արդյունավետ օգտագործվեն ներքին ռեսուրսները: Դրանից կախված կլինի երկրի ներքին անվտանգությունը: Բայց, որքան էլ անհավանական թվա, նույնիսկ տնտեսական ծանր վիճակը տեղիք չի տա, որ զանգվածները երես թեքեն իրենց ընտրյալից:

Դատական համակարգը

Բոլորն էլ հասկանում են, որ դատական համակարգում լուրջ փոփոխություններ են պետք՝ սկսած դատավորների նյութական անկախության ապահովումից մինչեւ բարեխիղճ ու օրինապաշտ կադրերի ընտրության մեխանիզմների ձեւավորում: Տպավորություն է, սակայն, որ փոփոխությունների գործընթացը դանդաղ է ընթանում: Որքան էլ իշխանությունները փորձեն ցույց տալ, թե հապաղումը պայմանավորված է սահմանադրականության հարգման պարագայով, միեւնույն է, առանձին բաղադրիչներ հակառակն են ցույց տալիս: Դատարանների վրա ճնշման կոչից հետո այնքան էլ համոզիչ չեն թվում Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումները, թե ինքը չի միջամտում այդ ոլորտի գործունեությանը: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ շարքային քաղաքացիների զգալի մասը վրդովված է ոչ այնքան իշխանության միջամտությունից, որքան այդ միջամտության փափկությունից: Դրա պատճառն այն է, որ այս համակարգը, իր շարքերում ունենալով նաեւ բարեխիղճ մասնագետներ, ընդհանուր առմամբ, այնպես է վարկաբեկել իրեն, այնպես է ցավեցրել շարքային քաղաքացիներին, որ վերջիններիս զգալի մասը, հեղափոխության տրամաբանությամբ, կողմ է կոշտ մեթոդների կիրառմանը՝ բոլորովին էլ կարեւորություն չտալով սահմանադրականության պահպանմանը: Բայց սահմանադրությունը շրջանցելը սովորաբար բնորոշ է հեղափոխության առաջին օրերին: Չնայած այս հարցում ունեցած հանրային լայն աջակցությանը, երկու տարի հետո Սահմանադրություն շրջանցելու իշխանության որեւէ փորձ ոչ միայն կխարխլի պետականության հիմքերը, այլեւ կդառնա նրա իդեալների հակոտնյան: Հետեւաբար, դատական համակարգի կատարելագործումն օգտակար կարող է լինել, եթե այն ընթանա օրվա սահմանադրությանը համապատասխան կամ հանրաքվեով այն փոփոխելուց հետո: Առավել եւս, որ իշխանությունը կամա-ակամա հապաղումներով ի՛նքն է նպաստել այս իրողության ձեւավորմանը, որով 2018 թ. իրադարձությունը ստացել է նոր իմաստ՝ «ձեւով հեղափոխություն, բովանդակությամբ՝ բարեփոխություն»:

Այլ մտահոգություններ

Ժամանակին Ադրբեջանի մասին հումորով ասում էին՝ տեսնես նրանց ինչի՞ն է պետք մշակույթի նախարարությունը: Մենք՝ հայերս, դրանով փորձում էինք ակնարկել մի քանի հազար տարվա հայկական մշակույթի առավելությունները: Երբ հեղափոխական ճամբարը Հայաստանում վերացրեց մշակույթի նախարարությունը, դա առաջ բերեց մտավորականության զգալի մասի զարմանքը: Շատերի մոտ կասկած ծնվեց՝ արդյոք հեղափոխական ուժերը ճի՞շտ են գնահատում մշակույթի դերն ազգային նկարագրի պահպանման ու զարգացման գործում: Մտավորականությունը հենց դրանով էր վերաբերմունք ձեւավորելու հեղափոխական ուժերի նկատմամբ: Ակնհայտ է, որ տեսակը պահպանելու լավագույն ձեւը հենց մշակութային դաստիարակությունն է, իսկ ներքնապես թուլացնելու ամենաարդյունավետ ձեւը՝ ազգին մշակութազերծ անելը: Սա այնքան պարզ է, որ խոշոր տերություններն այլ երկրներ ռազմական ու տնտեսական ներթափանցումից առաջ փորձում են նախապես տեղ հասցնել իրենց մշակույթն ու լեզուն: Մշակույթը զե՛նք է եւ հոգեւոր վահան: Դրանով կարելի է ե՛ւ հարձակվել, ե՛ւ պաշտպանվել: Նախորդ իշխանությունների ժամանակներից շարունակաբար անմխիթար վիճակում է հայտնվել նաեւ մայրենի լեզուն: Նա նմանվել է այն ծերացած մորը, որը տարիքի հետ առավել մեծ սիրո ու խնամքի արժանանալու փոխարեն՝ լքվել է զավակներից, ու աչքը ջուր կտրած, հույսով սպասում է նրանց վերադարձին: Հեռուստաեթերից ամեն օր ոտնատակ է տրվում մեր ոսկեղենիկ հայերենը: Հանրությունը կողջունի այն ուժեղ ձեռքը, որը կնպաստի լեզվի մասին օրենքի խստիվ կիրառմանը: Իսկ ընդհանուր առմամբ, հպարտության զգացումն առավելապես սնվում է մեր հնամենի ու հարուստ պատմության գիտակցումից: Առանց այդպիսի զգացումի չի կարող լինել ստեղծագործական երեւելի արարում, չի կարող հայը լինել հայրենիքի հզոր պաշտպան: Ուստի, հայ ժողովրդի ապագայի տեսլականն ու դրանից բխող ակտիվ քաղաքականության մշակման անհրաժեշտությունը ոչ միայն հրամայական կդարձնեն մշակույթի նախարարության վերականգնումը, այլեւ բացառելի չէ, որ պաշտպանության նախարարությունից հետո այն դառնա հաջորդ ամենակենսունակ ու ռազմավարական կառույցը:

Նույնկերպ կարելի է հիմնավորել եւ գյուղատնտեսության նախարարության անհրաժեշտությունը: Վերջին հաշվով Հայաստանում գոյություն ունեն 350 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ: Եթե այս թիվը բազմապատկենք երեք-չորսով, կստանանք գյուղատնտեսության ոլորտում ընդգրկվածների թիվը, որը կազմում է մեկ միլիոնից ավելի: Իհարկե, պետք է նկատել, որ նոր իշխանությունները ժառանգել են այս ոլորտի բազմաթիվ չլուծված խնդիրներ: Բայց հենց դա էլ պետք է մղեր ոչ թե վերացնելու կառույցը, այլ նախարարության առջեւ նոր ու արդիական խնդիրներ դնելու, մասնավորապես, սակավահող Հայաստանում մշակելու տնտեսվարողների միավորման, ինչպես նաեւ արտադրված գյուղմթերքի իրացման պետական ծրագրեր:
Եվ այսպես, կարելի է էլի օրինակներ բերել մտահոգությունների երկար շարքից: Բայց դրանք, միեւնույն է, չեն կարող անվերականգնելի խզում առաջացնել իշխանություն-ժողովրդի մեծամասնություն հարաբերություններում:
Այդ դեպքում ո՞րն է իշխանության աքիլեսյան գարշապարը:

Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ