Իսկ Արմեն Սարգսյանը ոչինչ չի՞ ասել

Իսկ Արմեն Սարգսյանը ոչինչ չի՞ ասել

Երեկ դարի իրադարձությունն է տեղի ունեցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ կամ հակառակը՝ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։ Դրանից առաջ էլ նրանք՝ ևս երկու պաշտոնյայի հետ, խրոխտ դեմքով այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու Ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ։ 

Իրականում հոգու խորքում իրար հանդեպ, մեղմ ասած, համակրանք չունեցող այս երկու պաշտոնյաները, փաստորեն, այնքան են ջերմացրել իրենց դիվանագիտական հարաբերությունները, որ չեն խորշում ոչ միայն իրար հետ «տեղ» գնալուց, այլև նույնիսկ վերջում հյուրընկալում են միմյանց և «երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր քննարկում»։ 

Երևի Ծիծեռնակաբերդից հետո Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին պարզապես մտերմաբար հրավիրել է ցուրտ եղանակին իր մոտ մեկ բաժակ թեյ խմելու, որի անունը դրել են աշխատանքային հանդիպում, որը, պարզվում է, պարբերական բնույթ է կրում։ Ու դա այնպես են ներկայացնում իրենց հաղորդագրություններում երկու գերատեսչությունների մամուլի ծառայությունները, որ մնում էր միայն ավելացնել՝ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը խորացրին իրենց երկկողմ-բարեկամական հարաբերությունները, կարծես հայ-ռուսական կամ հայ-բրիտանական հարաբերություններն էին խորացնում։ Բայց, դատելով կառավարության ու նախագահականի տարածած հաղորդագրությունների ձևաչափից ու բնույթից՝ այդ հարաբերությունները կարծես թե միայն նախագահականում են երկկողմ ու հավասարաչափ խորացել, քանզի կառավարության հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը մենախոսություն է ունեցել նախագահի հետ, ու վերջինս որևէ բառ չի ասել։ Ահավասիկ, վարչապետին սպասարկող primeminister.am կայքում ընդամենը նշված է, որ վարչապետը հանդիպել է նախագահի հետ, որտեղ իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Պարոն նախագահ,
ուրախ եմ այսօրվա հանդիպման համար․․․»,-ու մի քանի պարբերություն՝ վարչապետի խոսքից։ 

Հաղորդագրությունն ամփոփված է հետևյալ ոչինչ չասող նախադասությամբ․ «Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր»։ Կարդալով կառավարության տարածած այս հաղորդագրությունը՝ միանգամից հարց է ծագում՝ իսկ Արմեն Սարգսյանը ոչինչ չի՞ ասել։ 

Բայց, բացելով նախագահականի կայքը, տեսնում ենք, որ Արմեն Սարգսյանն էլ է խոսք ասել, լուռ չի նստել ու վարչապետին լսել։ Այստեղ հավասարապես ներկայացված է թե՛ նախագահի խոսքը, թե՛ վարչապետի։ Իսկ կառավարությունում երևի թե իրենց պատվին թույլ չեն տվել «ինչ-որ» նախագահի խոսքից գոնե մի երկու տող զետեղեն իրենց հաղորդագրության մեջ։ Էլ չենք ասում, որ Արմեն Սարգսյանն այն եզակի նախագահներից է, որի հետ այս մեկուկես տարում հանդիպել է Նիկոլ Փաշինյանը։