Պոպուլիզմն ու ավտորիտարիզմը մեկ անձի մեջ

Պոպուլիզմն ու ավտորիտարիզմը մեկ անձի մեջ

Ինձ թվում է, որ իմ ճակատագրի անբաժան մասն է դարձել ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի սխալ մտքերը բացահայտելը: Որովհետև 2003-2004 թթ.-ից մինչև 2018 թվականը շաբաթվա հինգ օրը սկսվել է վերջինիս ընտանեկան օրաթերթի ընթերցանությամբ: 2008-ին փետրվարին մասնակցել եմ համարյա բոլոր քայլարշավներին, որ անցկացնում էր ինքը: Սակայն 2018-ից աստիճանաբար վերափոխվեց նրա նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքը՝ էլ չասած քառօրյա պատերազմի պարտության ու հետպատերազմյան իրադարձությունների ազդեցության մասին: Ու այդ պատճառով էլ, կրկնվեմ, իմ պարտքն եմ համարում բացահայտել վերջինիս սխալ ու պոպուլիստական դատողությունները: 

Ինչևէ, նախորդ օրը Փաշինյանը «երկնել» է հերթական դատողությունը, որ իր կարծիքով, ենթադրաբար, արժանի է թևավոր խոսքի վերածվելուն: Ընտանեկան փոդքասթի հերթական թողարկմանը (չեմ նայել, միայն ստորև տրվող նախադասությանն եմ ծանոթացել) վերջինս հայտարարել է. «Չի կարող երկրի վարչապետը հեծանիվ քշել, ձվածեղ անել և լինել ավտորիտար կամ բռնապետական»: Եվ, որքան հասկացա, խիստ գոհ է մնացել իր «հայտնագործությունից»: Նույնիսկ լրատվական կայքերում մեկնաբանություն թողնող ընդդիմադիրները ոչինչ չեն կարողացել ասել ըստ էության: Այնինչ, նրա խոսքը խաբկանքի ընդամենը հերթական դոզան է. որտեղի՞ց իմացավ, որ չի կարող: Եվ ընդհանրապես՝ ո՞վ ասաց, որ իր խոսքը պետք է ընդունել որպես վերին ատյանի ու, ըստ այդմ, միակ ճշմարտություն:

Բազմիցս եմ արձանագրել, որ Նիկոլի թերի կրթությունը ոչ միայն այդպիսին է ձևական առումով՝ քանի որ դիպլոմ չի ստացել, դժբախտաբար, թերի է նաև առանցքային՝ գիտելիքների լայնության ու խորության առումով: Չնայած դրա պատճառները հասկանալի են՝ նա կրթություն է ստացել անկախության ամենածանր ժամանակահատվածում: Երբ քչերն էին կարողանում ստիպել իրենց ցուրտ տանը, մոմի լույսի տակ ոչ միայն ուսումնասիրել դասագրքեր, այլև դրանից դուրս էլ ինչ-որ բանից տեղյակ լինելու ջանքեր թափել:

Ինչևէ, հեծանիվ քշելը կամ ձվածեղ պատրաստելը ժողովրդին մոտ կամ նրա մի մասը լինելը չի ցուցանում: Դրանք ընդամենը ժողովրդին խաբելու՝ պոպուլիզմի դրսևորումներ են: Ժողովրդի  մասնիկ լինելը չպետք է ենթադրեր կառավարական դաչաներում ապրելը, ինչի համար տարեկան 1 միլիոն դոլարից ավելի գումար է վատնվում պետական բյուջեից: Իր կողմից իբրև թե սիրված ժողովուրդը ոչ միայն չունի դրա հնարավորությունը, այլև ամենահամարձակ երազներում անգամ չի պատկերացնում նման բան: Միաժամանակ, եթե Նիկոլը գրագետ լիներ, ապա կիմանար, որ իտալական դուչեն՝ Ազգային ֆաշիստական կուսակցության առաջնորդ և Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին ոչ միայն պոպուլիստ էր, այլև միաժամանակ հենց բռնատիրական (ուր մնաց, թե ավտորիտար լիներ) ոգով էր կառավարում երկիրը: Իսկ եթե հաշվի առնենք, որ, նախ, Մուսոլինիի ժամանակներից անցել է 100 տարի, ու երկրորդ, քաղաքական գործիչների շրջանում պոպուլիզմը դարձել է սովորական երևույթ, ապա Նիկոլի ավտորիտար, ինչը տանում է դեպի բռնակալություն, կառավարումը ոչ միայն հնարավոր է, այլև միակ հնարավոր տարբերակն է: 

Ինչ մնում է ավտորիտարիզմին, ապա պետական բոլոր ինստիտուտների՝ Ազգային ժողովի, իրավապահ մարմինների ու ուժային կառույցների, տեղական իշխանության (նախագահի ինստիտուտի մասին չասած) մեկ անձին ենթարկվելն ի՞նչ է՝ եթե ոչ ավտորիտարիզմի առանցքային հատկանիշը: Թե՞ խնդիրն ընդամենը անվանման մեջ է, և ավտորիտարիզմը մեզանում կոչվում է «ժողովրդավարության բաստիոն»: