«Հրապարակ». Եթե Մուրադն էր այդ ցույցը կազմակերպել, ինչո՞ւ Սինանյանը 6 ամիս առաջ նրան ընդունեց, համաձայնեց, որ կազմակերպի իր այցը Ֆրանսիա

«Հրապարակ». Եթե Մուրադն էր այդ ցույցը կազմակերպել, ինչո՞ւ Սինանյանը 6 ամիս առաջ նրան ընդունեց, համաձայնեց, որ կազմակերպի իր այցը Ֆրանսիա

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին Հայաստանից վտարելու եւ անցանկալի անձ ճանաչելու հարցում մեծ դեր ունի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Պատահական չէ, որ հենց նա առաջինը խոսեց Փափազյանի մուտքն արգելելու մասին` ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ԱԳՆ-ն, այլ հենց սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուն: 

Ճիշտ է, նա ասել էր, թե բուն պատճառների մասին չգիտի, սակայն նշել էր, որ պատճառն «անբարյացակամ վերաբերմունքն է ՀՀ պետության խորհրդանիշ հանդիսացող անձանց նկատմամբ»: Ինչպես Փաշինյանը, Սինանյանն իրեն էլ է համարում Հայաստան պետության խորհրդանիշ: Ասում է. «Նման գործունեություն նաեւ իմ նկատմամբ է որդեգրվել… այս մարդիկ ակտիվ ճնշում են բանեցնում, կապնվում են (սա պետական այրի խոսքն է` Ս. Ս.) մյուս գործիչների հետ, այլազգի, ստիպում են, որ նրանք նույնիսկ չհամագործակցեն Հայաստանի պետական կառույցների, պետական գործիքների հետ»: Հուլիսի 21-ին վարչապետի գրասենյակի տարածած պարզաբանումը, կարծես, հենց Սինանյանը գրած լինի․ Մուրադ Փափազյանին թույլ չեն տալիս Հայաստան մտնել՝ պետական խորհրդանիշներ հանդիսացող Փաշինյանի մեքենայի եւ Փաշինյանի վրա «հարձակման» համար: 

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման… հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է»:

Ավելի վաղ՝ հենց հուլիսի 14-ին, երբ Մուրադ Փափազյանին հետ ուղարկեցին օդանավակայանից, իշխանական ԶԼՄ-ները նույն տեքստն էին տարածում. «Վարչապետի ավտոշարասյան վրա հարձակում կազմակերպած դաշնակցական գործչին թույլ չեն տվել մտնել Հայաստան»: Փաստորեն, պետության խորհրդանիշներ Սինանյանն ու Փաշինյանը եւ նրանց կողմից կառավարվող «մեդիաները» բողոքի ակցիան համարում են հարձակում: Խոսքը Ֆրանսիայի մասին է, որտեղ պաշտոնյայի կամ նրա մեքենայի ուղղությամբ առարկա նետելով ոչ մեկին չես զարմացնի: 
2016 թվականին, երբ Մակրոնը դեռ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարն էր, իսկ ֆրանսիացիները դժգոհ էին Մակրոնի հեղինակած աշխատանքային օրենսգրքից ու բողոքի ակցիաներ էին կազմակերպում, Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնտրեյում ցուցարարները «ձվակոծեցին» իրենց ապագա նախագահին, եւ ձվերից մեկը կպավ Մակրոնի գլխին: Բայց սա «հարձակում» չորակվեց: 2021-ին Լիոնում, ցուցահանդեսի ժամանակ, մի տղամարդ ձվով խփեց նախագահ Մակրոնի ուսին, տղամարդուն բերման ենթարկեցին, բայց չդատեցին, իսկ Մակրոնն անձամբ հանդիպեց նրա հետ, որ հասկանա նրա արարքի դրդապատճառը: Պետության ղեկավարների վրա անգամ կոշիկ են նետել: Իսկ մեր պետական «խորհրդանիշները» վիրավորվում են, երբ մեքենային են հարվածում եւ Հայաստանի համար ամբողջ կյանքում մեծ գործեր արած մարդուն արտաքսում են` առանց երկմտելու: 

Արդյո՞ք Մուրադ Փափազյանն է կազմակերպել 2021 թ. հունիսի 1-ի բողոքի ակցիան՝ ծննդյան օրը Ֆրանսիա մեկնած Փաշինյանի դեմ: Մեր հարցերին պատասխանեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի մյուս համանախագահը` Արա Թորանյանը, որը «նիկոլական» է համարվում:  

- Ես չգիտեմ՝ ո՞վ է կազմակերպել այդ ցույցը, գիտեմ, որ դաշնակցականներ կային մեջը: Սա հստակ է, բայց սա չի նշանակում, որ Մուրադն է կազմակերպել: Նա այդ ցույցին մասնակից չի եղել, ֆիզիկապես էլ չմասնակցեց: Բացի դա, Մուրադ Փափազյանն այդ ցույցից հետո մի քանի անգամ եղել է Հայաստանում, ու ոչ մի անգամ խնդիր չեղավ: Իմ կարծիքն է, որ այդ ցույցը պետք չէր, որ լիներ, համարում եմ, որ ուրիշ ձեւ կա բողոքելու, ամոթ էր: Ես դա ասել եմ ժամանակին: Բայց նույնիսկ եթե նման բան եղել է, դա ընդամենը մի ցույց էր եւ ոչ հարձակում: Կպատահի նաեւ այս տեսակի ցույց: Բայց դա չի կարելի որակել որպես հարձակում, հանցագործություն: 

- Ասում եք, որ այդ դեպքից հետո Փափազյանը եկել է Հայաստան: Այսինքն՝ ցո՞ւյցը չէ պատճառը: 

- Կարծում եմ, որ սա լավ պատճառ չէ, որ այս որոշումը, դժբախտաբար, պարոն Սինանյանի կողմից կգա: Մեկ տարուց ավելի մենք նրա հետ անընդհատ խնդիրներ ունենք: Նա ուզում է կոտրել մեր կառույցը, մի կառույց, որը տարբեր կուսակցությունների՝ դաշնակցականներին, հնչակներին, եկեղեցիները, դպրոցները, բոլորին նպատակ ունի միավորել, հավաքել: Եվ Սինանյանն ուզում է կոտրել այն: Եթե Մուրադն է այդ ցույցը կազմակերպել, այդ դեպքում ինչո՞ւ պարոն Սինանյանն ընդունեց նրան վեց ամիս առաջ, ինչո՞ւ համաձայնեց, որ իր այցը, իր պտույտը կազմակերպի Ֆրանսիայի մեջ: 

- Զարեհ Սինանյանի ասածից ստացվում է, որ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայում աշխատում է Հայաստանի պետական կառույցների դեմ, սաբոտաժ է անում իրենց գործունեությունը: Ի՞նչ եք անում, ինչպե՞ս:

-  Ինքը սուտ է խոսում: Սա չի նշանակում, որ ես Փաշինյանին դեմ եմ, բայց իբրեւ Փաշինյանի համակիր՝ ես չեմ կարող ընդունել այս՝ Սինանյանի կողմից թելադրված որոշումները: Այս մարդը շատ սխալներ կանե սփյուռքի հանդեպ ու մեր գաղութի հադեպ: Նա ոչ միայն մեզ չի օգնում, այլ ճիշտ հակառակը՝ նա շատ վնասակար է Հայաստանի համար, որովհետեւ Ֆրանսիան կարեւոր երկիր է աշխարհի մեջ: Ֆրանսիայի հայ համայնքն ամենալավ կազմակերպվածն է սփյուռքի մեջ, ուրիշ այսպիսին չկա, որ այսքան ընդունված լինի ֆրանսիական պետության կողմից, կարողանա ուղիղ խոսել ու համագործակցել պետության հետ: Վերջին 10 տարում մեր կազմակերպություններով ահռելի գործ ենք արել, Հայաստանին ու Արցախին ենք օգնել: Մուրադ Փափազյանը մեկ բառ անգամ պետության դեմ չի ասել, ինչքան էլ չսիրի ու դեմ լինի առանձին գործիչների: Նա մեկ գիծ ունի՝ Հայաստանը պաշտպանել, Արցախը պաշտպանել, մեր պատմական իրավունքները պաշտպանել: Ահա ինչու կարծում եմ, որ սխալ է Սինանյանին ինչ-որ մեծ կարեւորություն տալ: Ես մնում եմ հավատարիմ Փաշինյանին, բայց պետք է ասեմ, որ սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը շատ սխալ է: 

- Սինանյանն իր խոսքում Ձեզ Մուրադ Փափազյանի զարմիկ անվանեց: Դա ճի՞շտ է: 

- Շատ ամոթ բան ասեց Սինանյանը՝ ասելով, որ ես Մուրադին զարմիկն եմ: Այո, զարմիկ ենք` իր հայրն իմ մայրիկի եղբայրն է, բայց քաղաքական պատճառների համար մոտ 20 տարի չենք խոսել իրար հետ: Ի դեպ, զարմիկ ասելու կապակցությամբ, կուզեի հարցնել Սինանյանին՝ երբ որ երկու տարի առաջ ինձ ընդունեց Փաշինյանը, ողջունեց իմ գործունեության համար, իմ աշխատանքի, այն ժամանակ էլ զարմիկ էինք: Այս տեսակ մոտեցումը շատ տգեղ է, շատ ամոթ, մասնավորապես՝ պաշտոնյայի կողմից: