Հայաստանից՝ Հայաստան
«Միրգը վերցրեք ձեզ հետ, ճանապարհին կուտեք»,- խոշոր սալորներն ափերիս մեջ է փորձում «տեղավորել» Անժելա Գրիգորյանը՝ Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի ֆոնդապահը՝ թանգարանի հիմնադիր Քաջիկ Գրիգորյանի այրին: Ես նստել եմ Բակունցի տուն-թանգարանի այգում. տիկին Անժելան քաղում է սալորները, լվանում եւ հյուրասիրում մեզ՝ Երեւան-Տաթեւ-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Վարդենիս ուղղությամբ ճանապարհորդող իմ ընտանիքին: Ես նստել եմ այգու սեղանաձեւ կոճղի մոտ եւ Բակունցի այգու մրգերը ճաշակում եմ որպես երկնային մանանա: Քիչ այն կողմ, մետաղե ցանցածածկի ներսում, միրհավն անվրդով ետուառաջ է անում, որ այգու զարդն է դարձել Բակունցի պատմվածքի շնորհիվ: «Իսկ ալպիական մանուշակ չկա՞ այգում»- կես-կատակ հարցնում եմ տիկին Անժելային: Նա ներողամիտ ժպտում է, իսկ ես հայացքով ալպիական մանուշակ եմ որոնում՝ «ցողունը՝ կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը՝ ծիրանի գույն»: Այգու ծառերի ճյուղերը շարժվում են, ես կորցնում եմ իրականության եւ երեւութականի սահմանը, եւ ինձ թվում է, որ Ակսել Բակունցի ոտնաձայնն եմ լսում:
Գորիսում ես Բակունցին էի որոնում ամենուր. Կյորեսի հնադարյա քարայրներում շրջելիս, սարերի գլխին տիրաբար բազմած ամպերին նայելիս, նրա անվան փողոցում քայլելիս, Վարարկնի ձայնը լսելիս, որը ես մտովի վերանվանել էի Բասուտա գետ:
Բակունցի տուն-թանգարանի այգին խնամքով մշակված է, հաստաբուն ծառից հատած բնին Արթին պապու դեմքն է քանդակվել: Այն Արթին պապի, որը նամակ գրեց ռուսաց թագավորին՝ կրակը գցելով թե՛ իրեն, թե՛ մի ամբողջ ժողովրդի, որը ռուսաց թագավորին նամակներ գրելով քաղաքականություն է կերտում արդեն 200 տարի:
Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1968թ. այն տանը, որտեղ 1899թ. ծնվել եւ մեծացել է հայ մեծանուն արձակագիրը: Թանգարանի ցուցանմուշներում Բակունցի ձեռագրերն են եւ անձնական իրերը՝ գրասեղանը, թանաքամանը, սրճաղացը, մոր գործած կարպետները, ընտանեկան լուսանկարները, գյուղատնտեսական իրերը, հացատունը՝ պղնձե ամանեղենով:
Ես եղել եմ աշխարհահռչակ գրեթե բոլոր թանգարաններում եւ մեծ թվով հռչակավոր մարդկանց տուն-թանգարաններում, տեսել եմ պետության կամ նվիրատուների հոգածությունը եւ աշխատակիցների հպարտությունը, բայց Բակունցի տուն-թանգարանի հանդեպ աշխատակիցների այս գուգուրանքը սիրտս լցնում է երախտագիտությամբ: Ձեռքս աննկատ հպում եմ Բակունցի տան դռանը, պատերին, տան դիմացի այն ծառին, որը Բակունցն ինքն է տնկել: Բակունցի ստեղծագործությունները տող առ տող, հերոս առ հերոս արթնանում են մեջս:
37-ի խորհրդային քաղաքական հրկիզումներով անցած Բակունցի եղբայրները տունը վաճառում են, իսկ 1967-ին, Բակունցի 90-ամյա հոբելյանին ընդառաջ, այն հետ է գնում խորհրդային Հայաստանի ղեկավարությունը: Արդահանի, Սարդարապատի ճակատամարտերին մասնակցած հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցը գնդակահարվել է 1937թ., ըստ որոշ տեղեկությունների՝ Երեւանի Զանգվի ձորում:
Այս տարի հունիսի 13-ին լրացավ Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը: Հոբելյան, որի մասին Նոր Հայաստանի պետությունը մոռացել է:
Գորիսը քաղաքային մշակույթն ամբողջությամբ պահպանած Հայաստանի թերեւս միակ քաղաքն է՝ համակեցության, հագուկապի, փոխհարաբերությունների, մաքուր փողոցների, տների՝ թեպետ պակասող կարմիր տանիքներով, բայց քաղաքի ճարտարապետական դեմքը հիմնականում պահպանած: Մինչդեռ Հայաստանի մայրաքաղաքի՝ Երեւանի քաղաքային մշակույթը վերջնականապես կորսվել է՝ վերածվելով կոշտ եւ անհեթեթ բարքերով, խայտաբղետ արժեքներով եւ բնակիչներով, աղբակույտերով եւ աղմուկով լեցուն գավառական մեգապոլիսի:
Մինչեւ Գորիսի դարպասներին հասնելը՝ մեր ավտոմեքենան բարձրանում է Տաթեւի ամեհի ձորերում եւ սյունյաց լեռներում ծվարած ճանապարհով: Տաթեւի վանքի բարձունքից նայելիս հայկական բնաշխարհը բացվում է իր ողջ զմայլանքով եւ ահարկությամբ, բացվում է, ինչպես դասագրքի ծանոթ էջը, որը թեպետ անգիր գիտես, սակայն ուզում ես վերընթերցել եւ վերապատմել այլոց: Տաթեւի վանքի մոտ օտարերկրացի եւ հայ զբոսաշրջիկներ են խռնվել, որոնց բոլորի հայացքը նույնն է: Սա Հայաստանն է, ուր անքննելի են Բնության ու Աստծո գործերը: Զբոսաշրջիկները ներքեւ են իջնում ճոպանուղով, մենք՝ ավտոմեքենայով, որի պատուհանից նայելիս ճանապարհի մեծաթիվ կեռմանները դառնում են քեզ երկրի եւ երկնքի հետ կապող բետոնե պարան:
Ղարաբաղի սահմանակետին մեզ հարցնում են՝ ձեր անձնագրերը հայկակա՞ն են, եւ մենք շարունակում ենք մեր ուղեւորությունը Հայաստանից՝ Հայաստան:
Աշխարհագրությամբ, հայկականությամբ, բնակչությամբ, պատմականությամբ սա նույն երկիրն է, նույն պետությունը:
Վերջին երեսուն տարիների ընթացքում մենք Ղարաբաղի մասին խոսում ենք որպես պատերազմի եւ խաղաղության երկրի, որպես հակամարտության կողմի եւ մոռանում ենք ամենակարեւորի՝ Ղարաբաղի եւ ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին, ինչը բանակցությունների, պատերազմի, խաղաղության այս բոլոր տարիներին այդպես էլ չդարձավ պետական քաղաքական օրակարգի հարց, ծրագիր, նպատակ: Մինչդեռ ցանկացած դիվանագիտական ձեռքբերում, հաղթական ճակատամարտ արժեւորվում է Ղարաբաղի վերաբնակեցման դեպքում միայն:
Բերձորով Շուշի տանող ճանապարհին շարունակվում է հայկական բնաշխարհը՝ նոր շքեղությամբ: Շուշվա բարձունքից Ղարաբաղին նայելիս կարող ես լսել ղարաբաղյան բոլոր պատերազմներում զոհվածների լռությունը, արժանապատիվ խաղաղության զանգերը, հեռու ու մոտ պատերազմի աղմուկը եւ սեփական սրտիդ ուժգին զարկերը: Շուշվա բարձունքից Ղարաբաղին նայելիս ուզում ես ջնջել անցյալ ու ներկա բոլոր բանակցությունների հիմքերը, քանի որ Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը մեկ հիմք ունի՝ ազատագրված հայրենիքի պահպանումը, վերաբնակեցումը, միավորումը եւ սերնդեսերունդ փոխանցումը:
Մենք իջնում ենք Ստեփանակերտ: Ղարաբաղի մայրաքաղաքի մաքուր, խնամված փողոցները վկայում են, որ արյամբ պահպանվածի արժեքը Ղարաբաղում լավ գիտեն:
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ լուսանկարվելու հայկական անկանոն հերթ է, իսկ օտարերկրացի զբոսաշրջիկները միամտաբար սպասում են իրենց հերթին:
Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն մտնում ենք մայրամուտի հետ: Այստեղ են հանգչում ղարաբաղյան առաջին պատերազմի զոհերը: Նրանք թաղված են իրենց մահվան տարեթվերի հերթականությամբ: Ես կանգնում եմ 1994-ին զոհված տղաների շիրիմների շարքում՝ նրանք 20-25-35 տարեկան են: Դուստրս՝ Սոսեն, լուռ արտասվում է: «Քո ծննդյան տարին են զոհվել»,- ցածրաձայն ասում եմ նրան: Ես հիշում եմ լրագրողական իմ առաջին այցը պատերազմող Ղարաբաղ՝ 1993թ. օգոստոսին, ապա հիշում եմ դստերս ծննդյան օրը՝ 1994թ. դեկտեմբերի 17-ի ձյունառատ երեկոն, երբ նավթավառի ծխի մեջ կորած երեւանյան հիվանդանոցում դստերս ծննդյան պահին էլեկտրաէներգիան անջատվեց, ու ես միացրեցի հետս վերցրած լապտերը: Այդ լապտերը ես մինչեւ հիմա պահում եմ որպես նոր ծնվող հանրապետության մասունք:
Ամառային տաք երեկոն լցվում է մեր հիշողություններով. ամուսինս դստերս պատմում է ղարաբաղյան Շարժման մասին, ես՝ «Աղդամի պոլկի» տղաների, որոնց հետ պատերազմի մի ամբողջ շաբաթ անցկացրեցի հեռավոր 1993-ին: Դուստրս մեծացել է Շարժման մասին մեր հիշողությունների եւ արժեքների մթնոլորտում, նա այդ ամենը լավ գիտե, բայց մենք շարունակում ենք պատմել: Դուստրս ասում է, որ Ղարաբաղն իր համար նույն Հայաստանն է, եւ իր զգացողությունները նույնն են, ինչ Հայաստանի դեպքում. սա մեկ պետությունն է եւ մեր երկիրը:
Ստեփանակերտից՝ Գանձասար, Գանձասարից Դադիվանք տանող ճանապարհները հպարտության, հիացմունքի եւ խոստովանանքի ճանապարհներ են: Ես նայում եմ ազատագրված հայկական լեռներին ու անտառներին, զրուցում ղարաբաղցիների հետ ու մտածում, որ ոչ մի միջազգային բանակցող այդպես էլ չհասկացավ Ղարաբաղի իրական արժեքն ու նշանակությունը հայ ժողովրդի բոլոր սերունդների համար:
Գիտությունն անզոր է բացատրել, թե ինչու է Երեւանում ծնված, վանեցի ծնողներիս եւ պապերիս արյունը կրող իմ սիրտն այդպես ճախրում Ղարաբաղի սարերում: Գիտությունն անզոր է բացատրել, թե ինչու է երեւանցու ու վանեցու իմ սիրտը դուրս թռչում Քարվաճառի ժայռակերտ ճանապարհին եւ թառում ամենաբարձր ժայռի գագաթին: Քաղաքականությունն անզոր է բացատրել, թե ինչու քաղաքականության եւ լրագրության մեջ հաճախ անողոք իմ սիրտն ու միտքը կծկվում են, երբ Կիչանի անտառների մոտ կարդում եմ նախազգուշացնող գրառումը՝ «Կա՛նգ առ: Անտառն ականապատված է»:
Ո՛չ նորին մեծություն Գիտությունը, ո՛չ անողոք Քաղաքականությունն ու Լրագրությունը չեն կարող վայր բերել լեռներում հանգրվանած իմ սիրտը:
Քարվաճառի ժայռակերտ ճանապարհով մենք բարձրանում ենք Վարդենիսի երկնասլաց սարերը: Մենք վերադառնում ենք Երեւան՝ ազատագրված Ղարաբաղից:
Մենք վերադառնում ենք Հայաստանից՝ Հայաստան:
Կարծիքներ