Սեր եւ ատելություն

Սեր եւ ատելություն

Մարդկանց էմոցիաների, հայրենասիրական զգացումների վրա խաղալու համար մեծ խելք պետք չէ, ոչ էլ բարձր արժեքային համակարգ, ընդամենը ճարպկություն եւ բարոյական ցածր նշաձող պետք է ունենալ։ Անհիշելի ժամանակներից նման ճարպիկները հմտորեն օգտվել են հանրային զգացմունքներից եւ մանիպուլացրել մարդկանց։ Իսկ մեր ժողովուրդն այդ առումով շատ հարմար սուբյեկտ է։ Ժողովուրդ, որը 1915 թվականի զոհերի հիշատակը հարգելը պատկերացնում է ցեղասպանության զոհերի հուշարձանին մի փունջ ծաղիկ դնելու, իսկ հայրենասիրությունը՝ 100 տարի առաջ կատարվածի համար այսօրվա թուրքերի հասցեին ցածրորակ հայհոյանքներ արտաբերելու տեսքով։ Ժողովուրդ, որն ընդունակ չէ լրջորեն եւ առանց էմոցիաների քննարկելու ինչպես իր պատմության անցքերը, այնպես էլ իր ապագան։ Ժողովուրդ, որը հակված է թշնամիներ նշանակել եւ թիրախներ սահմանել, որոնց դեմ կարող է կուրորեն պայքարել եւ այդ ատելությունը սերնդեսերունդ փոխանցել։ Ժողովուրդ, որը հեշտությամբ հայտնվում է իր համար լարված էմոցիոնալ թակարդում եւ թույլ տալիս, որ խաղան իր զգացմունքների հետ ու կառավարեն իրեն։ Եթե հետեւենք, թե ինչ ինֆորմացիոն առիթներ են ստիպում, որ մենք՝ հայերս, հուզվենք եւ դառնանք զգացմունքային ու կառավարելի, հասկանալի կդառնա, որ բավական է հայտնվի մի կուրթանեցի Մեխակ, ով տուն չունի ու չքավորության մեջ է ապրում, մի Արտուշ պապիկ, ում չեն թողել բարձրանալ հուշահամալիր, ու ով վրդովված է կարանտինի պատճառով հայտարարված սահմանափակումների առիթով, եւ մենք կարող ենք համազգային պսիխոզի մեջ հայտնվել, նետվել նրանց օգնելու կամ երեւակայական թշնամիներ հորինել՝ դրանց անիծել ու վատաբանել։ Բայց հայրենասիրությունը թուրքին ատելն ու անիծելը չէ, իսկ գթասրտությունը Մեխակին ու Արտուշ պապին օգնելը չէ։