Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես դարձավ մզկիթ

Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես դարձավ մզկիթ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է այն հրամանագիրը, որով Սուրբ Սոֆիայի տաճարին պաշտոնապես տրվեց մզկիթի կարգավիճակ։ Թուրքիայի նախագահը իր կողմից վավերացված հրամանագրի լուսանկարը հրապարակել է թվիթերյան իր էջում։ Հրամանագրում ասվում է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը փոխանցվում է Թուրքիայի Կրոնի գործերի վարչությանը եւ այն կբացվի կրոնական արարողությունների համար։ Նշենք, որ ուրբաթ օրը ՅՈՒՆԷՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային պահպանել Սուրբ Սոֆիայի՝ տաճար-թանգարանի կարգավիճակը եւ այն չվերածել մզկիթի։ Նշենք, որ տաճարը խոշորագույն բյուզանդական քրիստոնեական տաճարն է եղել, որը հիմնադրել է բյուզանդական կայսր Հուստինիանոսը։ Տաճարի բացումը կայացել է 537 թվականին։ Ավելի քան հազար տարի այն եղել է քրիտոնեական ամենամեծ տաճարը, մինչեւ Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարի կառուցումը։ Կոստանդնուպոլսի՝ 1453 թվականին Օսմանյան բանակի կողմից գրավումից հետո այն դարձել է մզկիթ։ Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը 1934/5 թ այն վերածել է թանգարանի։