Գաղտնիքը Գարեգինի մեջ չէ, ուրիշ գաղտնիք կա․․․
Ընդհանրապես երբ մի հզոր կառույցի, ամրոցի վրա գրոհում են, ռազմական գիտելիք պետք չի, որ հասկանաս՝ ամրոցը հեշտ է գրավել, երբ ամրոցի բանալու տիրոջ վրա են գնում։ Հիմա եկել, մեզ բան են սովորեցնում, թե բա եկեղեցու վրա չենք գնում, կաթողիկոսի կամ էլ հոգևոր դասից մեկի վրա ենք գնում։
Մեր եկեղեցու վրա ո՞նց կարող եք գնալ, հավատացյալները ձեզ փրթիկ- փրթիկ կանեն, ողջ ժողովուրդը ոտքի կկանգնի՝ աղանդավորական խմբերը չհաշված, որոնց միջոցով է կատարվում «հոգևոր հարձակումը»։ Եկեղեցին հզոր կառույց է, հայ ժողովրդի ուժն ու գոյապահպանության հիմքը։ Այլ արժեքներ դավանողները գիտեն, որ եկեղեցու վրա գնալով, իրենց գլուխը կկոտրեն։ Եվ ընտրել են ամենահեշտ ու վերջին շրջանում բազում անգամ իրենց կողմից փորձված տարբերակը։ Հայացք ձգեք, թե ինչպես են զրոյացրել մեր կրթության, առողջապահության, ռազմական, ավիացիոն կառույցները, ինչպես են ամեն ինչ հարմարեցրել այն ծրագրերին, որոնք դրսից ներմուծվում են։ Ընդամենը փոխել ու նշանակել են այն մարդուն, որը պետք իրագործի այդ ծրագիրը։ Եթե մարդիկ սկզբնապես իմանային, որ պայքարը նախկինների դեմ չէ, այլ արժեփոխման մեջ է, դիմադրություն ցույց կտային։ Առանց դիմադրության հանձնվել է ամրոցի բանալին, որովհետև սկզբնապես դրվել է անհատ փոխելու կեղծ ծրագիր։ Հիմա եկեղեցին է։ Ասում են՝ կաթողիկոսին պիտի փոխել, բայց այստեղ անհատի հարց չէ, ինչպես շատ բնագավառներում արվեց, այստեղ արժեքային համակարգի պայքար է, մեր հոգևոր արժեքների դեմ ահեղ պատերազմ է հայտարարված։ Էլ մի քննարկեք, Գարեգինը լավն է, թե վատը, պահեք ձեր եկեղեցին։ Կռիվ տվեք, այս անգամ գոնե ընդունեք, որ այս պայքարը արժեքների դեմ է։ Իրար թև, թիկունք կանգնեք ու ինչպես պատերազմի ժամանակ, մեր հավատը, ազգային արժեքները պահեք։ Գաղտնիքը Գարեգինի մեջ չէ, ուրիշ գաղտնիք կա․․․
Կարծիքներ