Այս պահին բոլորի հայացքներն ուղղված են Ջեյ Դի Վենսի այցին Երևան, սակայն անհրաժեշտ է արձանագրել մի քանի առանցքային հանգամանք, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։
Առաջինը․
TRIPP նախագիծն իր ներկայիս տեսքով սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը՝ ամերիկյան վերահսկողության ներքո և Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Սա նվազագույնը ակնհայտ է, եթե, իհարկե, TRIPP-ի իրագործման տրամաբանության մեջ արմատական փոփոխություններ չկատարվեն։
Երկրորդը․
Փոխնախագահ Վենսի այցը Հայաստան այս չափազանց խառը և պայթյունավտանգ տարածաշրջանային իրավիճակում անխուսափելիորեն ստիպելու է Իրանին դիտարկել Հայաստանը՝ առնվազն որպես իր համար ռիսկեր գեներացնող միավոր։
Երրորդը․
TRIPP-ը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող դառնալ Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս։ Ավելին՝ այն արդեն իսկ գեներացնում է մեզ համար սարսափելի ռիսկեր՝ զրոյական մակարդակի որևէ օգուտի պայմաններում։
Իսկ որպեսզի պատկերացնենք, թե ինչ է սպասվում տարածաշրջանում, հիշեցնեմ, որ վերջին օրերին համացանցում հայտնվել են այն պահանջները, որոնք Իսրայելը ներկայացրել է ԱՄՆ–Իրան բանակցությունների ընթացքում․
• Իրանի միջուկային ծրագրի լիակատար վերացում
• Ուրան հարստացնելու մակարդակի իջեցում մինչև զրո
• Ուրանի հարստացման ցանկացած հնարավորության հասցնում զրոյի
• Հարստացված ուրանի ամբողջական դուրսբերում Իրանի տարածքից
• Իրանական հրթիռների թռիչքային հեռավորության սահմանափակում՝ մինչև 300 կմ
• Շիական առանցքի լուծարում
• Այս բոլոր կետերի կատարման խիստ, մանրակրկիտ և իրական վերահսկողություն
Այսինքն՝ Իսրայելը Իրանից պահանջում է պետական ինքնասպանություն՝ հրաժարում ինքնիշխանությունից և անկախությունից եւ այդ ամենը «խաղաղության դարաշրջան» բացելու անվան տակ։ Իրանը, բնականաբար, մերժելու է այս իբր «խաղաղության» ձևաչափը, քանի որ շատ լավ հասկանում է՝ «ինչ ուզում է լինի, միայն թե պատերազմ չլինի» տեսլականը անխուսափելիորեն հանգեցնելու է աղետի և Իրանի ոչնչացման։
Թեև ինչո՞ւ եմ զարմանում։ Տարածաշրջանում կա մի երկիր, որի իշխանությունները «խաղաղության» անվան տակ խոնարհաբար համաձայնել են թշնամական պետությունների պահանջներին և փաստացի նախաձեռնել սեփական երկրի ապամոնտաժման գործընթացը։ Ցավոք՝ խոսքը Հայաստանի մասին է։
Ինչևիցե, տարածաշրջանային զարգացումների տրամաբանության ներքո կարելի է վստահությամբ ասել, որ Իրանի ղեկավարությունն ու Իրանի ժողովուրդը չեն գնա ինքնաոչնչացման՝ հանուն «խաղաղության»։
Եւ եթե դուք այս գործընթացների համատեքստում․
Վենսի այցը Հայաստան,
TRIPP-ի շուրջ ակտիվացվող զարգացումները,
Թուրքիայի և Ադրբեջանի ակնհայտ գոհունակությունը TRIPP-ի գործարկումից,
Իսրայելի վերջնագիրը Իրանին․․․չեք տեսնում Հայաստանի համար ուղղակի և համակարգային սպառնալիքներ, ապա ստիպված եմ ասել՝ դուք անխուսափելիորեն բախվելու եք չափազանց վտանգավոր, ցավոտ և, ես կասեի, գոյաբանական բնույթ կրող «անակնկալների»։
Արման Աբովյան