Հեշտ չի մեր ժողովրդի հետ շփվելը, 12 ժամ աշխատում են, պետք չի մեղադրել․ Հարություն Երեմյան
Այսօր «Հրապարակի» խմբագրություն էր դիմել մի քաղաքացի, ով դժգոհում էր Երևանի առաջին տրոլեյբուսային երթուղու որոշ վարորդներից, որ կոպիտ են, անտեղի վիրավորում են ուղևորներին։ Քաղաքացին բողոքում էր նաև վարորդների արտաքին տեսքից, նրանց փնթի արտաքինից։ Մենք կապվեցինք «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանի հետ, որպեսզի պարզաբանում ստանանք։
«Ես կուզեի կոնկրետ փաստերով խոսեինք, որովհետև չի կարելի ընդհանրացված նման բան ասել։ Բողոքելու դեպքում քաղաքացիները պետք է տրամադրեն տրոլեյբուսի համարը, մնացածը մենք կճշտենք։ Իսկ, ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ շատ անշնորհք են մեր վարորդները։ Տրոլեյբուսների քանակը մեզ չի բավարարում, որպեսզի բոլոր երթուղիներում նախատեսված քանակով մեքենաներ աշխատեն։ Վարորդական անձնակազմն էլ է բավականին պակաս, այնպես որ, մենք փորձում ենք եղած տրոլեյբուսով և եղած վարորդով աշխատանքը կազմակերպել այնպես, որ հնարավորինս քիչ լինեն բողոքներ»,-ասաց Հարություն Երեմյանը։
Մեր այն հարցին, թե արդյոք մինչև աշխատանքի ընդունվելը վարորդները ծանոթանո՞ւմ են իրենց պարտականությունների շրջանակին, ուղևոր-վարորդ հարաբերություններին, որ պետք է աշխատանքի գան կոկիկ հագնված, ինչից դժգոհում էր խմբագրություն դիմած քաղաքացին, Երեմյանն ասաց․ «Հիմա, անթրաշ-մանթրաշ ասողը գուցե ինքն էլ է անթրաշ։ Չի կարելի, էլի, վարորդներին միայն մեղադրել։ Դուք պետք է հասկանաք, որ վարորդներն առավոտվանից իրիկուն ուղևորների հետ են շփվում, և այդ ուղևորները այնպես չէ, որ շատ, այսպես ասեմ, իրենք էլ բարեհամբույր են վերաբերվում վարորդներին՝ վարորդն էլ իրեն անշնորհքություն է թույլ տալիս։ Հեշտ չի մեր ժողովրդի հետ շփվելը, 12 ժամ, առավոտվանից իրիկուն մեքենան աշխատում է, պետք չի անընդհատ փորձել վարորդին մեղադրել»։
«Հրապարակը» հետաքրքրվեց նաև, թե ինչ փոփոխություններ են սպասվում տրոլեյբուսային գծերի հետ կապված՝ նոր փոխադրամիջոցներ, երթուղու նոր գիծ սպասվո՞ւմ են առաջիկայում, Երեմյանն ասաց. «Գծերում՝ ոչ, բայց տրոլեյբուսների համալրում սպասվում է։ Հավանաբար, եկող տարվա սկզբին մոտ 30 տրոլեյբուս կավելանա: Այնպես որ, հուսանք, որ բավականին դրական փոփոխություններ կլինեն այդ երթուղիների սպասարկման հարցում։ Գնային փոփոխություն կլինի, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել։ Կլինի՝ այդ ժամանակ կերևա»։
Կարծիքներ