Վերադարձ դեպի միջնադար

Վերադարձ դեպի միջնադար

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի և այլոց կարծիքով Գորիս-Կապան միջպետական մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը փակելու, իսկ երկու օր անց բացելու իմաստն այն է, որպեսզի կատարվի Ադրբեջանի պահանջը: Այն է՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչի նշված ճանապարհահատվածը, ներառյալ՝ երկու գյուղերը, որպես Ադրբեջանի տարածք: Պահանջը կատարվել է վարչապետ կոչեցյալ անձի կողմից՝ կառավարության նիստի ժամանակ այդ գյուղերի ադրբեջանական անվանումների հիշատակումով: Դրանով փաստորեն կատարվեց հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատումն ու սահմանագծումը: 

Բայց վերջերս վարչապետ կոչված անձն անընդհատ խոսում էր ոչ թե տվյալ ճանապարհահատվածի, այլ դրանից մի թեթև հյուսիս, հյուսիս-արևելքում գտնվող Խնածախ և Խոզնավար գյուղերի տարածքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտության մասին: Ստացվում է, որ նրան անհանգստացնում է ոչ թե միջպետական մայրուղու հատվածի, այլ դրանից դուրս գտնվող տարածքի ճակատագիրը: Բայց դա անհեթեություն է՝ թշնամիդ, որի հետ անընդհատ փորձում ես բարեկամանալ, ստրատեգիական նշանակության տարածք է պահանջում, իսկ դու նրան դեմ ես տալիս համեմատաբար անմեղ մեկ այլ տարածք: Ինչպիսի բացասական վերաբերմունք էլ ունենամ Նիկոլի հանդեպ՝ կարծում եմ, որ վերջինս անմեղսունակ չէ կամ այնքան անմեղսունակ չէ, որ չհասկանար վերը նշված տարբերությունը:

Իսկ եթե ենթադրենք, որ միջպետական մայրուղու նշված հատվածը փակվել է Արցախի Մարտակերտ քաղաքում օգոստոսի 25-ին հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ օգոստոսի 27-ին քրեական գործի հարուցմանն ի պատասխան, ապա հարցեր չեն առաջանում: Իլհամ Ալիևն իր ժողովրդին ցույց է տվել, որ հանուն մեկ զինվորի ինքը պատրաստ է խեղճացնել Նիկոլին ու Հայաստանին: Ուրիշ հարց, որ Նիկոլը սխալ է ընկալել ճանապարհահատվածի փակման առումով հաղորդագրությունը: Եվ անմիջապես համաձայնել է միջպետական ճանապարհի այդ հատվածը համարյա թե պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս: Չնայած պատերազմի ավարտից հետո այդ հատվածում ադրբեջանցի զինվորականների ներկայության դեմ ոչինչ չանելն արդեն նշանակում էր հենց նման ճանաչում: Ինչ մնում է երկու օր անց ճանապարհը բացելուն, ապա դա, իմ կարծիքով, արդեն թեստ էր՝ ուղղված ռուսական կողմին, թե որքանով է վերջինս պատրաստ կոշտ հակաքայլի նման երևույթների առումով: 

Ինչևէ, հայ ժողովրդի «փրկիչը» նշված ճանապարհահատվածը պաշտոնապես զիջում է մեր ժողովրդի թշնամուն՝ որպես այլընտրանք ներկայացնելով Գորիսից Տաթևով անցնող գրունտային ճանապարհը: Ուսապարկային իշխանության ներկայացուցիչներից մեկն ասում էր, թե փորձնական մեկ բեռնատար մեքենա է ուղղվել այդ ճանապարհով, և ըստ դրա կերևա, թե որքանով է իրական բեռնատարների երթևեկությունն այդ ճանապարհով: Շուրջ 35 տարի առաջ գրունտային ճանապարհների համար նախատեսված խորհրդային «Նիվա» ավտոմեքենայով ես անցել եմ այդ ճանապարհով, ու գիտեմ, թե ինչ էր այն ներկայացնում իրենից: «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն էլ մեկ-երկու օր առաջ լայվով (տեսանկարահանմամբ) ներկայացրել է այդ ճանապարհը: Ինչպես երևում է, այն մնացել է նույն նեղ ճանապարհը՝ չնայած իշխանության ներկայացուցիչների հավաստիացումներին, որ այդտեղ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ: Զարուհի Փոստանջյանի տեսահոլովակից երևում է, որ նույնիսկ ամենագնացով դժվար է եղել այն հաղթահարելը, ուր մնաց թե դրանով անցներ սովորական մեքենան՝ էլ չասած ծանր բեռնատարների մասին, որ ապրանքներ են բերում հարևան Իրանից:

Ի դեպ, Գորիս-Կապանին այլընտրանքային այս ճանապարհի շինարարությունը ցույց կտա, թե ինչպիսի ճանապարհաշինարար է «շինող» Նիկոլը:

Փաստորեն Իլհամը սեփական երկրին ցույց է տվել, թե ինչ արժեք ունի ադրբեջանցի զինվորը, իսկ մերօրյա «փրկչի» շնորհիվ մենք ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստներ ունեցանք, այլև տնտեսական ենթակառուցվածքների առումով գլորվեցինք դեպի միջնադար: Եվ ազգովի «վայելում» ենք 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին կատարած մեր ընտրության արդյունքները: