Պոլիկլինիկայի աշխատողները կընդվզեն քաղաքապետարանի որոշման դեմ

Պոլիկլինիկայի աշխատողները կընդվզեն քաղաքապետարանի որոշման դեմ

Երեւանի քաղաքապետարանը տեղափոխում է Թիվ 1 պոլիկլինիկան (Լեոյի փողոց) և Արաբկիրի մանկական պոլկլինիկան՝ միացնելով համապասխանաբար Թիվ 4 պոլիկլինիկային և Թիվ 11 պոլիկլինիկաներին: Ավագանու առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում նախագիծը դրական եզրակացություն էր ստացել 6 կողմ, 1 դեմ ձայներով, եւ երեկ ավագանու նիստում որոշումն ընդունվեց։

Միավորվող պոլիկլինիկաներում այս առումով մտահոգություն ունեն՝ աշխատակիցներն աշխատանքը կպահպանե՞ն։ Սակայն փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը վստահեցրել է՝ օպտիմալացում կլինի, կրճատում՝ ոչ․ «բոլորն էլ կպահպանեն իրենց աշխատանքը»։

«Հրապարակ»֊ի հետ զրույցում Արաբկիր մանկական պոլիկլինիկայի աշխատակից Կարինե Հովսեփյանն ասաց, որ իրենք դեռեւս  իրենց նույն շենքում են, բայց ասել են` պետք է տեղափոխվեն, ինչին իրենք դեմ են. «Հիմա մենք պայքարում ենք, որ մնանք նույն տեղում։ Ես կարծում եմ` նոր շենքի պայմանները բավարար չեն։ Քաղաքապետարանից մեզ ասել են` մենք կգնանք իրենց հետ, մեզ հետ կքննարկեն, որ, եթե մեզ չբավարարի, մենք կմնանք մեր տեղում, ինչին ես կասկածում եմ»։

Նա նաեւ նշեց, որ վստահ չէ քաղաքապետարանի ոչ մի ասածի եւ արածի վրա.  

«Քննարկել են հաստիքների հարցը,  մեզ ասել են` կադրային ջարդ չի լինի, բայց թոշակառուների հարցը կբարձրացվի։ Ենթադրում եմ` թոշակառուները կընդվզեն, եթե նման հարց առաջանա»:

Հովսեփյանի խոսքով` իրենց ցանկանում են տեղափոխել նախկին թիվ 11 պոլիկլինիկայի շենք։