Զինծառայողների համար ժամանակավոր տեղադրվել են փոքրածավալ վրաններ․ ՊՆ-ն՝ կեցության պայմանների մասին

Զինծառայողների համար ժամանակավոր տեղադրվել են փոքրածավալ վրաններ․ ՊՆ-ն՝ կեցության պայմանների մասին

2020 թվականին սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և իմքայլականների կասկածելի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո հայկական մեծ թվով զորամասեր են քանդվել։ Զինծառայողները բնակվում են զորամասի վերածված շինություններում, վրաններում։

Այն դեպքում, երբ իմքայլական շրջանակները շարունակում են պարգևավճարներ ու բարձր աշխատավարձեր ստանալ, գումարներ են հատկացվում Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի, իրենց աջակցող խմբերի շրջագայությունների համար։

Փետրվարի 1-ին «Հրապարակ» օրաթերթը զինծառայողների կեցության պայմանների թեմայով հարցեր էր ուղղել Պաշտպանության նախարարությանը։ Հարցման պատճառը տարածվող լուսանկարները, տեսանյութերն ու հաստատված տեղեկություններն էին, համաձայն որոնց՝ անհրաժեշտ կեցության ապահովված չեն։

«1․ Վերջերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, թե ինչ վատ պայմաններում են իրենց ծառայությունն իրականացնում հայ ժամկետային զինծառայողները։ Տեսնյութում նրանք բնակվում են վրանի մեջ, որը զրկված է պահման անհրաժեշտ պայմաններից։ Ի՞նչ քայլեր են կատարվում ժամկետային զինծառայողների պայմանները բարելավելու ուղղությամբ։

2․ Ինչո՞ւ են զինծառայողները բնակվում այսպիսի ծայրահեղ վատ պայմաններում, ինչո՞ւ պետական ինստիտուտները չեն կատարում իրենց պարտականությունները։ Ինչի՞ վրա են ծախսվում բյուջեի միջոցները, այն դեպքում երբ զինվորներն այսպիսի պայմաններում են ծառայություն տանում», - հարցերն էի ուղղել ՊՆ-ին։

Երեկ արդեն Պաշտպանության նախարարությունը պատասխանել է հարցմանը։ Պատասխանի տակ դրված է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի ստորագրությունը։

«Ի պատասխան 01․02․2021թ․ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր գրության՝ տեղեկացնում եմ, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ հայտնում եմ, որ սահմանազատման արդյունքում նոր կահավորված մարտական դիրքերում, որտեղ դեռևս սարքավորված չեն կացարաններ, զինծառայողների տեղավորման համար ժամանակավոր տեղադրվել են փոքրածավալ վրաններ, որոնք կահավորված են սպունգե ներքնակներով, բարձերով և քնապարկերով», - նշված է պատասխանի մեջ։

Այստեղ ուշագրավ է «սահմանազատման արդյունքում նոր կահավորված մարտական դիրքերում» ձևակերպումը։ Ստացվում է, որ իմքայլականների թողտվությամբ ադրբեջանական կողմին անցած տարածքները բավականին լուրջ խնդիրներ են ստեղծել ու դրա հետևանքները շարունակում են զգալ զինծառայողները։

Նիկոլ Փաշինյանի ենթակայության ներքո գործող նախարարությունից նաև տեղեկացրել են, որ «մարտական դիրքերի համակողմանի ապահովման շրջանակներում նյութական միջոցների նոր պահանջարկի առաձացման դեպքում ըստ զորամասերի ներկայացման հայտերի՝ ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են լրացուցիչ հատկացումներ»։