Թափուր տեղերի զգալի մասն առաջանում է Ագրարային համալսարանում, բայց դա չի նշանակում, որ Ագրարայինը պետք է փակենք

ԿԳՄՍ նախարարությունում նախօրեին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:
Ընդունող հանձնաժողովը քննարկել է ՀՀ բուհերի 2023-2024 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները: Ինչպես հայտնի է, 2023-2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիս, հուլիս ամիսներին:
Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, ով որոշակի վիճակագրություն է ներկայացրել բուհերին հատկացված պետական պատվերով եւ վճարովի տեղերի համալրման վերաբերյալ՝ նշելով, որ թափուր է մնացել ավելի քան 6 հազար 300 վճարովի եւ 271 պետական պատվերով տեղ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ թափուր մնացած տեղերի պատկերը մտահոգիչ է: «Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ: Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը եւ բաշխումն ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հետ, պետք է տեղերի նպատակային եւ իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրատեսական պլանավորումը շահեկան է նաեւ բուհերի համար:
Ի դեպ, անցած տարի եւս պատկերը խիստ մտահոգիչ էր, եւ բուհերում թափուր էր 15 հազար 984 վճարովի տեղերի կեսից ավելին՝ 8 հազար 764-ը, ինչպես նաեւ՝ 350 անվճար տեղ։ 2022-ին էլ բուհական համակարգում թափուր էր մնացել 14 հազար158 տեղ, որից 13 հազար 900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ այս վիճակագրությունը մտահոգիչ է, բայց այլեւս անակնկալ չէ, որովհետեւ միշտ եղել է նման պատկեր․ «Մյուս կողմից էլ, չպետք է մոռանանք, որ տեղի է ունեցել նաեւ դիմորդների թվի նվազում, մենք ունեցել ենք տարիներ, երբ 20 հազար դիմորդ ենք ունեցել, այսօր մեր դիմորդների թիվը 13-14 հազարի կարգի է, հետեւաբար, այդ 6 հազարը նաեւ այդտեղ պետք է փնտրել։ Բացի այդ, հիմա մի քիչ խստացվել է, եթե առաջ մենք ունեինք բուհեր, օրինակ՝ ագրարայինում կամ մանկավարժականում կարելի էր մեկ քննությունով ընդունվել, հիմա բոլոր տեղերում դարձրել են 2 քննություն, իսկ թույլ դիմորդների պարագայում սովորաբար 2 քննության դեպքում կտրվելու հավանականությունը մեծանում է»։
Ըստ կրթության փորձագետի՝ խնդիրը 2 ասպեկտ ունի, եթե թափուր տեղեր են առաջանում, դա ամենեւին չի նշանակում, որ այդ մասնագիտությունը մեզ պետք չէ։ «Մենք պետք է ոչ թե թափուր տեղերի թիվը կրճատելու համար հանենք այդ տեղերը, այլ պետք է գտնենք ճանապարհներ, որպեսզի մարդկանց մոտիվացնենք՝ այդ տեղերի համար դիմելու։ Օրինակ, թափուր տեղերի զգալի մասն առաջանում է Ագրարային համալսարանում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է փակենք Ագրարային համալսարանը, որովհետեւ դիմորդ չկա։ Մենք պետք է մտածենք մեխանիզմներ, որ մարդիկ դիմեն այդ մասնագիտություններով։ Հաճախ մարդկանց թվում է, թե այդ տեղերն անիմաստ են, մինչդեռ հատկացված տեղերն անիմաստ չեն, մեզ պետք են այդ տեղերը, բայց քանի որ մասնագիտությունը գայթակղիչ ու գրավիչ չէ, ոչ մեկը չի դիմում»,- նկատում է Ս․ Խաչատրյանը։
Այսինքն՝ արդարացված չէ նախարարի այն գնահատականը, թե տեղերի պլանավորումը եւ բաշխումն ի սկզբանե ճիշտ չեն արվում։ «Այո, որովհետեւ եթե նայեք, ապա կտեսնեք, որ թափուր տեղեր առաջանում են կարեւոր, արժեքավոր մասնագիտությունների գծով՝ ուսուցիչ, Կոնսերվատորիայում որոշ գործիքների բաժիններ կան, որոնցով հիմա ոչ ոք չի ուզում զբաղվել, որոշ ուղղություններ կան նաեւ Ճարտարագիտական համալսարանում, բայց մեզ պետք են այդ մարդիկ։ Կարելի է մի քանի տեղ կրճատել, բայց մեծ մասամբ այդ մասնագիտությունները պետք են մեզ։ Այսօր մարդկային կապիտալը հիմնականում գնում է դեպի IT ոլորտ, իրավագիտություն, բժշկություն, միջազգային հարաբերություններ, բայց դա չի նշանակում, որ մեզ այդքան միջազգային հարաբերությունների մասնագետ է պետք, ոչ, շատ ավելի քիչ է պետք»։
Կարծիքներ