Աքսորված պատերազմ

Աքսորված պատերազմ

Օրվա մեջ հարյուր անգամ ինձ մոտ ցանկություն է առաջանում ատելության մանիֆեստ գրելու։ Պատերազմը սկսվելուց դեռ շաբաթներ առաջ ինձ անընդհատ թվում էր, թե դրսում ցուրտ ձմեռ է, եւ եթե մոտենամ պատուհանին, պիտի տեսնեմ ձյունամրրիկ։ Ամենաշոշափելի կերպով զգում էի ենթագիտակցությունիցս անդին գոյացած հյուսիսը։ Թվում էր՝ մի փոքր ջանք, ու հոգնության շղարշն ինքը կազատի սիրտս իր անողոք ծածկից, բայց ժամանակի զնդանը երկրաշարժի էր տենչում, որից հետո կանգուն պիտի մնար մի արյունոտ անջրպետ։ Ես հասկացա, թե այդ ինչ նշան էր՝ ամռան տապին զգալ, թե պատուհանից այն կողմ ձմեռ է։ Ես զգում էի, որ կա մեկը, ում պիտի նկատեմ հենց հիմա։ Մեկը, ում ճանաչում եմ՝ չտեսած երբեւէ։ Մեկը, ում հանդեպ խորշանք եմ զգում անհոժարաբար։ 

Ամենասովորական մի օր, խառնամբոխի մեջ իսկույնեւեթ ճանաչեցի քեզ, պատերա՛զմ, թեպետ մինչ այդ անծանոթ էր ինձ կերպարանքը քո։ Դեմքդ՝ պատված խորունկ կնճիռներով, հայացքդ՝ սնամեջ ծովակ, դու քայլում էիր ընչազուրկի պես կամկար, խոսում էիր սովահարի պես հազիվ։ Արդեն գիտեիր՝ ում ես շնորհելու ձեռքիդ հաղթապսակը, բայց քայլքդ վշտահար էր ու տխրամած, որովհետեւ դու գնում էիր սկսվելու եւ որովհետեւ ինքդ ատում ես քո անունը։ Տեսիլը մոտ է․ մեռնող կտրիճի դիմաց մահն է, հետեւում՝ լացը մանկան ու աղերսը ծերի, եւ այս բոլորի համար քեզ մեղադրում են, պատերա՛զմ, աղոթում են, որ վերջանաս, բայց դու՝ ինքդ երբեք չես ուզում սկսվել։ Քեզնից հետո ամեն բացվող վաղորդայն ազդարարում է օրվա համրությունը։ Անցորդի կյանքը դարձել է եղերախաղ։ Քաղաքն ամեն օր մտքում կրկնում է, որ ճակատագիրը գահավիժում է կատարվելով։ Սիրելի պուրակը ծառաշատ է՝ ինչպես միշտ, ափսոս, որ գարուն չէ, եւ չկան ընձյուղներ՝ սքողելու արցունքները ծառերի։ Սամումի հայրենիքն անապատն է, եւ եթե հարցնենք՝ ինչ է զգում այն անապատը, որտեղով տաք ավազահողմը վաղուց չի անցել, գուցե համրանա այնպես, ինչպես մեր քաղաքում բացվող վաղորդայնը։ 

Սփոփանքը վաղուց կծկվել է ափսոսանքի անտառում։ Իմ սիրած տղամարդը քնած է բանաստեղծության մեջ, եւ ես չեմ ուզում արթնացնել նրան։ Խաթարել նրա նիրհը՝ կնշանակի ճանապարհել  ուղիղ քեզ մոտ, պատերա՛զմ։ Նրան, ում մեղքերը ներեցի բոլոր, ում չլքեցի երբեք, քեզ հանձնել չեմ ուզում, պատերա՛զմ։ Նա կգա քեզ ավարտելու, որ շարունակի լուսածագին սաղարթի լեզվով պարանոցիս գրել, որ սիրում է ինձ անմնացորդ ու հարաժամ։ 

Սիրտդ ցնցվեց, երբ իմացավ, որ սերը բառ չէ։ Թե հիրավի է այն, որ անցյալի սառած բավիղներում զատվել ես մարմնիցդ, կորցրել հոժարությունը՝ լինելու զվարթ, պատասխանի՛ր ինձ՝ եթե հողմե շապիկ նվիրեմ, նորի՞ց կծաղկես։  
Ժամանակի պարանին երերում է օրը, որը ես արդեն հաճախ մոռանում եմ սկսել։ Հիշողությունս սքողվել է ավազների մեջ հյուլե, մեղքերդ այնքան շատ են, որ մոռացել եմ, թե հատկապես ինչի կամ ում չվերադառնալու համար պիտի քեզ չներեմ։ Քեզ ասվելիք բառերս, սակայն, սպառվել են արդեն, պատերազմ։ 

Մինչ ես իմ բոլոր սերերի հետ հաշտություն եմ կնքում եւ խմբում նրանց՝ ամեն օր ու ավելի շատ քոնը լինելու համար, Հայրենի՛ք, կամազատության գրիչը ստորագրում է պատերազմի անժամանակ աքսորը՝ դեպի պոեզիայի դաշտեր, խռոված բառերի հետ հաշտվելու եւ գրողներինը լինելու միայն․․․

 

Էլիզա ՄԽԻԹԱՐՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ