«Արեւը ծագելու է, գարունը գալու է» 

«Արեւը ծագելու է, գարունը գալու է» 

Մտորումներ Հայոց բանակի տոնի կապակցությամբ

«Արևը ծագելու է, գարունը գալու է»,- Հայոց բանակի տոնի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը: Կարծում եմ, որ ասվածն այն եզակի երևույթներից է, երբ այդ անձը չի ստում: Բայց դրա գաղտնիքը կայանում է նրանում, որ արևի ծագելն ու գարնան գալը, բարեբախտաբար, բացարձակ կախված չեն նրա ցանկությունից: Դա այդպես է եղել՝ երբ ինքը չի եղել, այդպես է այսօր՝ երբ ինքն առկա է, և այդպես կլինի՝ երբ ինքը չի լինի: Փաշինյան Նիկոլն էլի ինչ-որ բաներ է գրել և այդ թվում այն նախադասությունը, որ ինքը կրկնում է միշտ: Ահա այն՝ «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

Այս մեկն արդեն դժբախտաբար անմիջականորեն է կախված նրա ներկայությունից: Մեր երեխաները, թոռներն ու ծոռներն, անպայման, ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում: Բայց դա միայն այն դեպքում, երբ ինքն ու իր նմանները չեն լինի երկրի ղեկավարներ, որովհետև այդ կարգավիճակում նա ամեն ինչ արեց, որպեսզի մեր ժառանգներն ապրեն ոչ թե ազատ ու երջանիկ, այլ գերեվարված ու նվաստացված երկրում: Եվ այդ երկրում ապրեն ծնկաչոք և դժբախտ: Եվ անսասան իր համառությամբ նա գնում է դեպի այդպիսի հանգուցալուծում: Եվ որպեսզի դա տեղի չունենա վերջնականապես, մենք պետք է հեռացնենք նրան վարչապետի պաշտոնից: Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք հույս ունենալ, որ գալիք մի առավոտ լույսը կբացվի Փաշինյան Նիկոլի ներկայությունից ազատ, ու ըստ այդմ՝ երջանիկ երկրում:

Արևմտամետ և մինչև վերջերս ակտիվ (և նիկոլական) «հեղափոխականներից» մեկը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետականության կայացման համար անհրաժեշտ է քաղաքական դաշտի կայացումը: Փաստորեն պարզվում է, որ մենք գտնվում ենք ոչ թե մեծ աղետի նախաշեմին և կամ նույնիսկ շեմին, այլ պետականության կայացման ճանապարհին: Եվ որպեսզի այն ամբողջանա, անհրաժեշտ է կայացնել քաղաքական դաշտը, այսինքն՝ կուսակցությունները: Փաստորեն, մենք արդեն վերստեղծել ենք Հայոց բանակը, ազատագրել ենք Արցախն ու Հայաստանը՝ հաղթահարելով ադրբեջանաթուրքական զույգի սպառնալիքները: Եվ մեզ մնում է միայն կայացնել կուսակցությունները և վերջ՝ բոլոր հարցերը լուծված կլինեն: Բայց եթե ինձ մնար, ապա ես ոչ միայն կվերականգնեի պետական կառավարման կիսանախագահական համակարգը, այլ կընդունեի ամբողջապես նախագահականը՝ ճիշտ այնպես, ինչպես Միացյալ Նահանգներում: Ավելին, աղբանոց կնետեի կուսակցական համակարգը՝ որպես պուճուրիկ բռնապետիկների աճեցման ինկուբատոր: Ինչը պետականության կայացման սպառնալիքների աղբյուր է:

2023 թվականի սկզբում «պարզվեց» նաև, որ հայոց պետականության կայացման խոչընդոտը ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի կողմից Հայոց բանակը ջարդելն էր և  ադրբեջանաթուրքական զույգի կողմից պարտությունը, այլ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում և Արցախում: Այն պետության, որը 31 տարի առաջ երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքով Թուրքիային ստիպեց հետ կանգնել Հայաստանի վրա հարձակվելու մտքից: Խոսքը ԽՍՀՄ վերջին պաշտպանության նախարար, ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովի (1942 – 2020) հետևյալ հայտարարության մասին է. «...եթե այնտեղ մի կողմ էլ ավելանա, ապա մենք կարող ենք հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի եզրին» («Красная звезда», 1992թ. մայիսի 27)։ Իսկ 2023 թվականի հունվարին, օրինակ, Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդի ասելով, «ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է» հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ԱՄՆ-ը պատրաստ է «ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»: Փաստորեն, եթե չլիներ պետքարտուղարության բացատրությունը, ապա ես չէի իմանա, որ ոչ միայն Հայաստանն է պարտվել 44-օրյա պատերազմում, այլև Ադրբեջանը: Եվ Նիկոլի նման Իլհամն էլ է կանգնած ծանր որոշումներ կայացնելու խնդրի առջև: Ահա այսպիսի մտքեր…