ՀՅԴ-ն փոխո՞ւմ է մարտավարությունը

ՀՅԴ-ն փոխո՞ւմ է մարտավարությունը

Մարտի 4-ին ՀՅԴ-ն եւ ՀՀ կառավարությունը ժլատ տեղեկություն տարածեցին վարչապետ Փաշինյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հանդիպման մասին, որին մասնակցում էր նաեւ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը․ «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական հարցերի շուրջ»։ Զրուցել ենք Իշխան Սաղաթելյանի հետ։

- Ինչի՞ մասին էր հանդիպումը, հաղորդագրությունը շատ լակոնիկ է։

- Որովհետեւ կարճ, լակոնիկ հանդիպում է եղել էդ հարցերի շուրջ։ Համահայկական հարցեր են քննարկվել ու տարածաշրջանային։ Այս օրերին Հայաստանում է Բյուրոյի ներկայացուցիչը, տվյալ հարցերի շուրջ կար փոխադարձ հետաքրքրություն՝ խոսելու, ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, տեսակետը։ Օրինակ՝ Սեւրի դաշնագրի 100-ամյակին նվիրված միջոցառումներից։ Դաշնակցությունը միջազգային շատ լուրջ խորհրդաժողով է անում, եւ ուզեցել ենք հասկանալ, թե պետությունն ինչ մասնակցություն է ունենալու, ինչ դիրքորոշում ունի։

- Նախաձեռնությունը ձե՞րն էր, թե՞ վարչապետինը։

- Ընդհանուր այդ հարցերի շուրջ եղել է երկուստեք հետաքրքրություն, հանդիպել ենք։

- Իսկ տեղյա՞կ եք, որ ձեր շարքերը չեն ողջունում այդ հանդիպումը, մեզ ասացին՝ «գժված են»։

- Ո՞ւմ շարքերում։

- Ձեր՝ Դաշնակցության։

- Չեմ կարծում, որովհետեւ մենք միշտ ասել ենք, որ համահայկական օրակարգերով, կապ չունի, թե ով է իշխանությունը, եթե մենք ասելիք ու անելիք ունենք, մեր այդ գիծը պահպանելու ենք։ Այն, ինչ Ձեզ հետաքրքրում է, այսպես ասած՝ բզբզում եք, ասեմ՝ մեր տեսակետների մեջ որեւէ բան չի փոխվել։ Դաշնակցությունն ընդդիմադիր քաղաքական կուսակցություն է, ոչ մի բան չի փոխվել։ Բայց կան երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցեր, եւ շատ բնական է, որ այդ հարցերի մասին մենք բոլորի հետ պետք է խոսենք։ Ի՞նչ կապ ունի, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, եթե խոսքը ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի մասին է։

- Բայց իշխանություններին դեղին քարտ եք ցույց տվել, կարծեմ՝ հոկտեմբերին։

- Տեսեք՝ բազմաթիվ անգամ ներկայացրել ենք մեր քաղաքական կոշտ դիրքորոշումները, ինչ ասել ենք, կարող եմ ծայրեծայր կրկնել։ Ոչինչ չի փոխվել, որեւէ ինտրիգ չկա։

- Հնարավո՞ր է, որ ձեր մարտավարությունը փոխել եք։

- Չէ, բացարձակ, մենք մեր գծի մեջ ենք, մեր հայտարարած ուղղության, եւ որեւէ բան չի փոխվել։

- Իսկ այս ընթացքում իրադարձություններ չե՞ն եղել, որ, օրինակ, ձեր դեղին քարտը դառնար կարմիր։

 - Մենք ասել ենք, թե դա ինչ է նշանակում, մենք պրոցեսի մեջ ենք։ Անցնող մեկ տարվա ընթացքում բոլոր իրադարձոթյունների հետ կապված՝ Ձեր ասած դեղին քարտը շարունակում ենք ցույց տալ եւ ցույց տալու ենք։ Դեղին քարտը մեր կեցվածքների ու մեր իշխանությունների սխալ գործողությունների մասին է խոսում։

- Բայց Սեւրի պայմանագրի 100-ամյակը լրանում է օգոստոսի 10-ին։

- Հիմիկվանից նախաձեռնում ենք, անելու ենք սեպտեմբերին՝ Սեւրում, միջազգային շատ լուրջ, խոշոր, մեզ համար գաղափարական կարեւոր նշանակության թեմայի շուրջ։

- Էլի հանդիպելո՞ւ եք Փաշինյանի հետ։

- Այս պահին պլանավորած ոչ մի բան չկա։

- Վաղը խորհրդաժողով եք հրավիրել՝ սոցիալական եւ այլ հարցերի քննարկում, ո՞ր քաղաքական ուժերին եք հրավիրել։

- Խորհրդարանի բոլոր կուսակցություններին, ընդդիմադիր, արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի։

- ՀՀԿ-ին ու «Իմ քայլի՞ն»։

- ՀՀԿ-ին՝ այո, «Իմ քայլին» էլ։ Մեծ մասը հաստատել են, էս պահին բոլոր հաստատումները չեմ կարող ասել, հրավիրված են միջազգային հայտնի փորձագետներ, տնտեսագետներ։ Բավականին լուրջ թեմայով բավականին լուրջ ֆորում է։ Բայց չգիտեմ՝ վաղը էս կորոնավիրուսով պայմանավորված՝ քանիսը կլինեն, քանիսը՝ ոչ։

- «Ոչ»-ին հանձնաժողովի անդամներ եք տվել, հնարավո՞ր է, որ արդեն «Այո»-ին էլ եք տվել, որովհետեւ մամուլում գրվեց, որ ՀԱԿ-ը «Այո»-ին տրամադրել է 1285 հանձնաժողովականի ցուցակ, նշանակվել է միայն 179-ը. փոխարենը նշանակվել են ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ։

- Բացառվում է, չէ, ի՞նչ գործ ունենք մենք «Այո»-ի հետ։