Բյուլբյուլօղլին ուզում է դառնալ պատգամավոր` Շուշիի տարածքից

Բյուլբյուլօղլին ուզում է դառնալ պատգամավոր` Շուշիի տարածքից

Ադրբեջանում սեպտեմբերին սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Այս անգամ ընտրապայքարի դուրս եկածների համար ամենայուղոտ ու ցանկալի տարածաշրջաններն Արցախի Հանրապետության տարածքներն են, որոնք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զավթվել են 2020-2023 թվականներին: Այս տարածքներում առաջադրվել են երկրի մակարդակով ազդեցիկ դեմքերը, ալիեւյան կլանի կարկառուն ներկայացուցիչները: 

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, օրինակ, առաջադրվել է Շուշա-Աղդամ-Խոջալու-Խոջավենդի ընտրատարածքից։ ՏԱՍՍ-ի հարցին, թե ինչու է հիմա որոշել փոխել քաղաքական գործունեության ոլորտը եւ ինչ խնդիրներ է դնում իր առջեւ, դեսպանը մասնավորապես պատասխանել է. «Հայրս ծնվել է Շուշայում, Ղարաբաղում։ Իսկ մեր հողերի ազատագրումից հետո վերջին տարիներին իմ ճակատագիրը կրկին սերտորեն կապված է իմ փոքրիկ հայրենիքի հետ։ Փաստն այն է, որ կա մի տուն, որտեղ ծնվել է հայրս, եւ նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ ես վերականգնեցի հայ վանդալների կողմից ավերված այս տունը։ Այժմ այնտեղ գործում է տուն-թանգարան։ Ուրախ եմ, որ հիմա շատ զբոսաշրջիկներ են գալիս Շուշա եւ այցելում Բյուլբյուլ տուն-թանգարան։ Ուստի իմ որոշումը բնական է։ Եվ այս փուլում ավելի ճիշտ կլինի, որ խորհրդարանում ներկայացնեմ հայրենի Շուշան՝ մարզի բնակիչներին։ Ես իսկապես հույս ունեմ, որ կընտրվեմ, եւ մեծ պատիվ կլինի լինել առաջին պատգամավորը Ղարաբաղի ազատագրումից հետո։ Երբ ես Շուշայում եմ, պարզապես հանգստացնում եմ հոգիս. բյուրեղյա մաքուր օդ, հրաշալի բնություն, հրաշալի մարդիկ»:  

Ադրբեջանցի հայտնի օպերային երգիչ Բյուլ-Բյուլի որդին, իհարկե, չի խոսում այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը ռազմական ագրեսիայի դիմելով՝ զավթել հայկական պատմական Շուշին, եւ այնտեղ այլեւս չեն ապրում քաղաքի իսկական տերերը` հայերը, եւ, առհասարակ, ինչպես են Արցախից վտարել հազարամյակներ շարունակ այստեղ ապրած բնիկ հայերին: Չի խոսում նաեւ այն մասին, թե ովքեր են վերաբնակեցվել հայկական Շուշիում եւ Արցախում եւ ովքեր են այստեղ ընտրելու իրավունք ստացել: 

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նախկին դեսպանը լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ այս ընտրություններում հրավիրվելու են ռուսաստանյան եւ միջազգային դիտորդներ, որոնք հետեւելու են ընտրությունների ընթացքին: Հետաքրքիր է` միջազգային դիտորդներն ադրբեջանցի թեկնածուներին հարցեր կտա՞ն, թե որտեղ են դեռեւս մեկ տարի առաջ այստեղ ապրած բնակիչները, ինչ պայմաններում եւ ինչպես հեռացան նրանք իրենց նախահայրերի բնօրրանից, ինչպես եղավ, որ այդքան «դեմոկրատական» երկրում 100 հազարից ավելի մարդ չցանկացավ ապրել եւ մազապուրծ` իրենց հագի շորերով փախավ Հայաստան, եւ հիմա չեն մասնակցում ընտրություններին: Եվ արդյոք այս պայմաններում ընթացող ընտրությունները դիտորդները կհամարե՞ն լեգիտիմ...