Նիկոլն ասել ա` Արցախը Հայաստան է և վերջ, բայց դա մենք պետք ա զգանք մեր մաշկի վրա

Նիկոլն ասել ա` Արցախը Հայաստան է և վերջ, բայց դա մենք պետք ա զգանք մեր մաշկի վրա

Արցախցի Իննա Ծատրյանը դեռ սեպտեմբերյան պատերազմի օրերին անօգնական վիճակում էր հայտնվել: Նա դիմել էր «Հրապարակի» խմբագրություն: Իննան` 76 տարեկան հաշմանդամություն ունեցող քեռու և մորաքրոջ հետ պատերազմի օրերին մնացել էր Ստեփանակերտի Հեքիմյան շենքի չորրորդ հարկում և չէր կարողանում ապաստարան իջնել: Չէր կարողանում ծեր հաշմանդամների հետ Հայաստան տեղափոխվել՝ ոչ ոք նրանց չէր արձագանքում եւ նրանք մնացել էին չորրորդ հարկի իրենց բնակարանում։ Սեպտեմբերի 30-ին, «Հրապարակի» ահազանգից հետո արցախցի ընտանիքի հետ կապվել էր «Կարմիր խաչի» գրասենյակը և նրանք տեղափոխվել էին Հայաստան: Այսօր մենք զրուցել ենք արցախցի կնոջ հետ:

- Իննա, այժմ որտե՞ղ եք ապրում, ի՞նչ պայմաններում:

- Գորիսում ենք, մնացել ենք էստեղ: Քեռիս վատացավ, վիրահատեցին։ Հյուրատանն ենք, պետությունը տուն չի տրամադրել: Աշխատել եմ ուզում, մինչև ե՞րբ ենք էսպես բոմժի պես ապրելու: Հիմա անորոշ վիճակում ենք հայտնվել, ոչ աշխատում ենք, ոչ մի լավ բան, ահավոր է ուղղակի, բոմժ դառած.... լրիվ հոգեկանս խանգարվել է, գիշերները չեմ քնում: Զարթնում եմ ու ինձ թվում ա կռիվը նորից ա սկսվել, ձայներ եմ լսում: Էս գիշեր 3:30 արթնացա, ձայներ էի լսում, տեսա ոչ մի բան էլ չկա, նորից պառկեցի, բայց քնել չենք կարողանում: Մեր պրոբլեմների հետ մեն-մենակ ենք մնացել, չգիտենք ինչ անենք, էս ի՞նչ արեցին մեր պետությունը, դրանց մաշկել ա հարկավոր, մաշկել:

- Պետությունը չի օգնո՞ւմ ձեր ընտանիքին, որտեղ նաև մի քանի հաշմանդամ կա:

- Հարյուր հազարն էր և հյուրատունը, բայց էդ փողով հաշմանդամ քեռուս վիրահատության ենք տարել, էս վիճակից սիրտը վատացել էր, ստենտ դրեցին: Անգամ տուն չեն տվել, հյուրատուն է: Սնունդ են տալիս, խառը էլի.... բայց մեզ հստակ բան է պետք: Այս հյուրատանը Ղարաբաղից երեք ընտանիք է, շատ են եղել սկզբում, գնացել են հիմա: Հիմա եթե վաղը մեզ ասեցին էստեղից դուրս եկեք՝ ոչ վերմակ ունենք, ոչ դոշակ, ոչ մի բան.... խի մենակ սնունդ տալո՞վ ա: Սնունդը ջհանդամը, մեզ տուն ա պետք, վերմակ ա պետք, մեզ ապրելու նորմալ պայմաններ են պետք: Մենք ամեն ինչ կորցրել ենք, էլ փող չունենք, որ մեր միջոցներով տուն-տեղ ճարենք ու զրոյից սարքենք:

- Ի՞նչ պահանջներ ունեք պետությունից:

- Առաջին հերթին` տուն, ես ոչ մի շքեղություն չեմ ուզում, Ստեփանակերտում երկու սենյականոց տուն ունեի, հիմա էլ նույն երկու սենյականոց տնից եմ ուզում, ինձ պալատներ պետք չեն: Թող սրանք իմ երկու սենյականոց տունը հետ տան: Ես իմ տան համար աշխատել եմ, լավ-վատ տուն եմ սարքել, հիմա փող չունեմ, որ տուն վարձեմ, աշխատանք էլ չկա: Տուն էլ, որ վարձենք, կոմունալներն էլ ա մեր վրա, էսա ձմեռ ա, պատկերացնո՞ւմ եք ինչ սարսափելի վիճակ ա: Երեք կոտրած կռավաթով ու հյուրատնով հարցը չի լուծվում: Ես հիմա ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ: Երեկ էլ տեսա մի նիկոլական վիդեո էր արել, ասում էր, արցախցիները թող մեզանից բան չուզեն, բա ումի՞ց ուզենք: Էդ ինչ թշնամանք ա, ես չեմ հասկանում:

- Փախստականի կարգավիճակ տվեցին արցախցիներին: Տեղեկություն ունե՞ք ինչ է դա իրենից ենթադրում:

- Ոչ մի տեղեկություն: Դու հավատո՞ւմ ես, որ մի լավ բան անեն, ես չեմ հավատում, դեռ ուշքս գլուխս չի գալիս: Ես մի բան գիտեմ, որ հաստատ եվրոպաներ չեմ գնալու, մնալու եմ իմ հողում:

- Իսկ ինչո՞ւ արցախցիներով չեք համախմբվում և միասնական ձեր պահանջները չեք հղում իշխանություններին:

- Ես ուզում եմ, բայց Գորիսում եմ, ո՞ւր գամ, ո՞նց գամ: Հյուրանոցի փող էլ չկա: Շատ պահանջներ ունեմ: Արցախը տվել են, ինձ չի հետաքրքրում՝ ոնց, թող հիմա փոխհատուցեն: Ո՞ր անասունը հանձնեց Արցախը, թող նա էլ մտածի մեր մասին: Խի հո հանձնելով չի՞ մենակ, ես չեմ ուզում գնամ Ֆրանսիա, Մոսկվա, Գերմանիա, ինձ Հայաստանս բոլ ա: Իմը` հայն ա, վերջ, թող ինձ ներեն աշխարհի բոլոր հայերը, իրանք էլ են հայ, բայց իմը` Հայաստանի հայն ա: Ես մնալու եմ ստեղ:

- Բայց Երևանում գտնվող արցախցիներն էլ չեն պայքարում, չեն բարձրաձայնում իրենց պահանջները:

- Դե դեբիլներ են, ինչ ասեմ, ես որ ըտեղ հասա, չեմ լռելու: Իրենք տղամարդ ունեն իրենց մեջքին, դե ինչ ունեն մտածելու, ես համ տղամարդ եմ, համ` կին, համ մամա եմ, համ պապա.... հաշմանդամներ ունեմ, մամաս էլ շատ վատ վիճակում ա: Խելագարվում ենք արդեն: Պրոբլեմներն անվերջ են: Ինձ համար Հայաստան, Ղարաբաղ չկա էլ, մի պետություն ենք, Նիկոլն էլ ասել ա` Արցախը Հայաստան է և վերջ: Մենք դա պետք ա զգանք մեր մաշկի վրա: Կոնկրետ ես մենակ եմ, լիքը լավ բարեկամներ ունեմ, բայց եղունգ ունես գլուխդ քորի....