«Հրապարակ». Շիրակի մարզում քաղաքացուն առեւանգել, շան բնի մեջ էին պահել, մեղավորին չկալանավորեցին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կրկին կալանավորեց Գայանե Հակոբյանին՝ 1 ամիս 15 օր ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առեւանգելու համար մեղադրվող կնոջ նկատմամբ նախօրեին Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված տնային կալանքը, ըստ էության, մի քանի ժամ տեւեց․ Աշոտ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե տնային կալանքը սխալ է որդեկորույս մոր համար, դատարանն արագ կողմնորոշվեց եւ որոշեց կրկին կալանավորել կնոջը, որի մեղքը ոչ միայն հաստատված չէ, այլեւ խիստ կասկածելի է՝ առհասարակ, նրա գործողություններում կա՞ հանցակազմ, թե՞ ոչ։
Գայանե Հակոբյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։ Նրանց խոսքով՝ դատարանի նկատմամբ ճնշում է կիրառվում իշխանության ամենավերին օղակից: Վերաքննիչ դատարանն ավելի վաղ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ սահմանելով տնային կալանք։ Նշենք, որ Գայանե Հակոբյանն իր մեղքը չի ընդունում, եւ Աշոտ Փաշինյանն էլ դատարանում հայտարարեց, որ հոժարակամ է նստել նրա մեքենան։ Մենք զրուցել ենք փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ:
- Երեկ կրկին տիկին Գայանեն կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս 15 օրով: Առաջիկայում ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել պաշտպանական թիմը:
- Դատարանը երեկ հանցագործություն արեց: Դատարանն իրավունք չուներ տիկին Գայանեին կալանավորել, որովհետեւ Վերաքննիչ դատարանն արդեն իսկ նրա խափանման միջոցը փոխել էր: Այս մեղադրանքով չէին կարող կալանավորել տիկին Գայանեին, որպեսզի հնարավորություն ստեղծվեր տիկնոջը կալանավորելու, Քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, նոր հանգամանքներ էին անհրաժեշտ, որպեսզի դատարանը նման վճիռ կայացներ: Հետեւաբար, դատարանի որոշումն ապօրինի է, անօրինական, ինչը քրեորեն հետապնդելի արարք է: Հավանաբար հիշում եք, որ Գորիսի դատարանը կալանավորել էր մեկին, դատավորի նկատմամբ քրեական վարույթ հարուցվեց, եւ դատավորը կալանավորվեց: Ճիշտ է, նա հետագայում արդարացվեց, սակայն խնդիրը դրա մեջ չէ, խնդիրն այն է, որ այս իշխանությունները տարբերակման երկակի ստանդարտներով են տարբեր հարցերին մոտենում: Այս գործում հանցակազմն ընդհանրապես բացակայում է: Ակնհայտորեն, թե՛ դատարանը, թե՛ նախաքննական մարմինները եւ թե՛ դատախազն ապացուցեցին, որ ուղիղ Նիկոլ Փաշինյանի ազդեցության ներքո են գործում, այն նույն Նիկոլ Փաշինյանի, որը դատարանի դռներ էր փակում: Ավելի խոսուն իրավիճակ պատկերացնելը դժվար է: Նիկոլ Փաշինյանի տղան երեկ պարզապես դիրիժորություն էր դատարանում անում՝ հայտարարելով, որ ինքը գտնում է, որ Գայանեն պետք է կալանավորվի, եւ այլն, եւ այլն: Դատարանը վարչապետի ազդեցության ներքո է գտնվում:
- Դուք է՞լ եք կարծում, որ դատարանում Աշոտ Փաշինյանը բացահայտ կերպով ուղղորդում էր դատավորին:
- Ցանկացած ողջամիտ մարդ էլ դա հասկացավ, բացահայտ, հանրային լսարանի առաջ բոլորն էլ ականատես եղան դրան:
- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր տղան հերոս է, ինչո՞ւ է հերոս Աշոտն այդքան վախենում տիկին Գայանեից: Ի՞նչ վտանգ է տիկինն իրենից ներկայացնում:
- Ես նրա հերոսությունների մասին ոչինչ չգիտեմ, դրանց մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, բայց ես մի բան կարող եմ ասել, որ հերոսն իրեն այդ ձեւով չէր կարող պահել, հերոսներն առհասարակ այդպես չեն վարվում: Առավել ուշադրության արժանի էր այն դրվագը, որ երեկ Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց հանրային վտանգավորության երեւույթների մասին: Այնպիսի տերմինոլոգիա էր կիրառում, որ նման տերմինոլոգիա կարող էին կիրառել բացառապես իրավաբանները: Ունեմ մտավախություն, որ նա ուղղորդվում էր հենց դատական նիստի ժամանակ: Ավելին ասեմ` շատերն էին նկատել, որ Աշոտի ականջին կային ականջակալներ, ուղղորդում էին, տպավորություն էր, որ նիստին ինչ-որ մարդիկ հետեւում էին:
- Ովքե՞ր, Աշոտ Փաշինյանի ծնողնե՞րը:
- Չեմ կարող ասել, գուցե մասնագետներ, ամեն դեպքում՝ շատերն են տեսել, որ նա ականջակալներով էր:
- Նմանատիպ գործերում առհասարակ ընդունվա՞ծ է կալանքը որպես խափանման միջոց ընտրել:
- Ցանկացած գործի շրջանակներում խափանման միջոց ընտրելը հայեցողական է, վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, սակայն առեւանգման գործերում, որպես կանոն կալանքը որպես խափանման միջոց գրեթե չեն ընտրում, հիմնականում ստորագրությամբ ազատ են արձակվում: Վերջերս Շիրակի մարզում քաղաքացուն առեւանգել եւ շան համար նախատեսված բնի մեջ պահել էին, նվաստացրել, սակայն մեղավորը չի կալանավորվել, զուտ երկրից չբացակայելու համար ստորագրություն է տվել, իսկ ահա Գայանեին, որն անձին ուղղակի առաջարկել է Եռաբլուր գնալ, բավական չէ՝ դիտարկել են առեւանգում, դեռ մի բան էլ կալանավորել են: Դատարանը երեկ արդարադատություն չէր իրականացնում, սա միանշանակ է: Դատավորը հապշտապ հայտարարեց կալանքի մասին, եւ վերջ: Թե՛ առաջին ատյանի դատարանի եւ թե՛ վերաքննիչ դատարանի վրա գործադիր իշխանությունները մատ են թափ տալիս՝ հասկացնելով, որ չեն հանդուրժելու….
- Ինչպե՞ս է տիկին Գայանեն:
- Տրամադրությունը շատ լավ է, չի ընկճվում, ինչպես բնորոշ է հերոսածին մորը: Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես ժամանակին հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանեցին, այնպես էլ հիմա զոհվածների ընտանիքներին են բեւեռացնում: Պարզապես շոկի մեջ եմ, թե ինչպես կարող է այդ տարիքի տղան նման մոտեցում ունենալ եւ դեռ մի բան էլ խորհուրդներ տալ, փիլիսոփայորեն խոսել հանրային անվտանգության մասին….
- Ե՞րբ դատարանի վճիռը կբողոքարկեք:
- Դեռեւս չենք ստացել որոշումը, ստանալուն պես անպայման բողոքարկելու ենք:
Կարծիքներ