Բուհերը դասացուցակի հիբրիդային տարբերակն են գործարկելու

Բուհերը դասացուցակի հիբրիդային տարբերակն են գործարկելու

Պարետատան հետ քննարկման արդյունքում նախօրեին որոշում կայացվեց վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից: Ի դեպ, բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա եւ հեռավար: 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ԺՊ Ռուբեն Աղգաշյանի կարծիքով, պարետատան այս որոշումն արտահայտում է ռեկտորների մեծամասնության կարծիքը, քանի որ այն նախապես քննարկվել էր նաեւ ռեկտորների խորհրդում՝ նախարարի մոտ։

«Հիբրիդային համակարգն այն ձեւն է, որ ընդունելի է բոլորի համար, որովհետեւ կան ուսումնական պրոցեսի որոշ ձեւեր, որոնք կարելի է հանգիստ առցանց անցկացնել, եւ կան որոշակի դասընթացներ, ուսումնառության ձեւեր, որոնց դեպքում անհրաժեշտ է նաեւ առկա ձեւը։ Դրա համար այդ հիբրիդային ձեւը ճիշտ մոտեցում է, եւ այն ինքնավարությունը, որ մեխանիզմների առումով դրվել է բուհերի վրա, նույնպես ճիշտ էր, քանի որ բուհերին, իրենց ուսանողության թվով եւ մասնագիտական կողմնորոշման առանձնահատկություններով պայմանավորված, մեկ ընդհանուր ստանդարտ սխեմայի տակ հնարավոր չէր ներառել»։ 

Պոլիտեխնիկը դասացուցակի հիբրիդային տարբերակն է գործարկելու․ «Լեկցիոն, տեսական առարկաներն առցանց կարվեն, լաբորատոր, գործնական աշխատանքները, որոնք անմիջականորեն պահանջում են լաբորատորիաներում սարքավորումների հետ աշխատանք, որոշակի չափումներ, փորձեր, կարվեն տեղում՝ նախապես պատրաստելով առաջադրանքը, դասացուցակում կլինի 1 կամ 2 օր, որի ընթացքում ուսանողները փոքր ենթախմբով կգան՝ նախապատրաստած աշխատանքը, չափումները կանեն եւ նորից կգնան տանը կմշակեն, որը հետ կուղարկեն դասախոսին՝ հաշվառման։ Առցանց դասերը նույնպես նախապես ֆիքսված դասացուցակով կանցնեն՝ ֆիքսելով ուսանողների մասնակցությունը։ Լրացուցիչ կլինեն նաեւ կոնսուլտացիոն հնարավորություններ, որն առցանց գործիքակազմի լավ միջոցներից մեկն է, քանի որ ցանկացած պահի անհատական աշխատանքի հնարավորությունները մեծանում են։ Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու նաեւ առաջին կուրսերին, նրանց գործնականները, լաբորատորները՝ սխեմաներով, կազմակերպված կլինի համալսարանում՝ շաբաթը 1-2 օր, իսկ լեկցիոն ժամերը կանցկացվեն առցանց, որովհետեւ մեծ հոսքերն ընդհանուր առարկաներ են ցածր կուրսերում, եւ բնական է, որ 80-100 հոգանոց հոսքերով չենք կարողանա դասապրոցես կազմակերպել»։ 

Պոլիտեխնիկն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին եւ 2-ին, առաջին կուրսեցիների հետ, փոքր խմբերով, դրսում՝ չափագրված տեղերում, հանդիպումներ կանցկացնի։ «Այն, ինչ մենք անում էինք ամեն տարի մեր մեծ դահլիճում, բնական է՝ այս տարի 700-800 հոգի չենք կարող հավաքել դահլիճում»,- ասում է ռեկտորի ԺՊ-ն ու հավելում, որ ամեն ինչ անելու են, որպեսզի պահպանեն անվտանգության կանոնները՝ ախտահանում, ջերմաչափումներ, ինչը, բնականաբար, լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի թե՛ վարչական կազմի, թե՛ ամբիոնների, թե՛ դեկանատների վրա, ինչին, սակայն, պատրաստ են։ 

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ասում է՝ շատ ուրախ են, որ սեպտեմբերից սկսելու են նորմալ աշխատել։ «Իհարկե, հասկանում ենք վտանգները, որ կարող են նոր բռնկումներ լինել, որովհետեւ մեծ թվով ուսանողներ եւ դասախոսներ պետք է ելումուտ անեն»,- նշում է Հովհաննիսյանն ու ընդգծում, որ պանդեմիայի այս ընթացքում բուհում ձեւավորել են պարետային անձնակազմ, որը հետեւում էր սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը, ինչը կանեն նաեւ սեպտեմբերին։ 

Ինչ վերաբերում է դասապրոցեսի կազմակերպմանը, ապա․ «Քանի որ Կոնսերվատորիայի դասերը բավական սպեցիֆիկ են, եւ անհատական պարապմունքներն են գերակշռում, այդ առումով մենք ավելի շահեկան վիճակում ենք, քան մյուս բուհերը, որովհետեւ մասնագիտական դասընթացների ժամանակ մի ուսանող եւ մի դասախոս են աշխատում»։ Նա նկատում է, որ այս երկարատեւ «կանգառը» շարքից հանում է ամբողջ համակարգը, եւ շատ դժվար կլիներ, եթե այսպես շարունակվեր։ 

«Մեծ խմբերի դեպքում որոշել ենք առցանց շարունակել, եւ այստեղ որեւէ խնդիր չկա․ քանի որ ողջ բուհն այս ամիսների ընթացքում հեռավար է աշխատել, ապա դժվար չէ հիմա ուսումնական պրոցեսի մի մասն այս ձեւաչափով կազմակերպել, իսկ այն դասախոսները, որ կդժվարանան այդպես աշխատել, դրա միջանկյալ ձեւն էլ կգտնենք, ասենք՝ մի դասը լինի առկա, մյուսը՝ առցանց։ Անսամբլային առարկաները կփորձենք գոնե 5-7 հոգանոց խմբերով, իսկ երգչախմբային եւ նվագախմբային դասընթացները՝ փոքր կազմերով սկսել աշխատել, որպեսզի բուհն անցնի գործի»։    

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն ասում է, որ դասացուցակում ոչինչ չի կրճատվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։ Ավելին՝ ունեն մի շարք առավելություններ, որն իրենց լայն հնարավորություններ է տալիս․ «Միջանցքներում շատ կուտակումներ առաջացնելու խնդիր չունենք, որովհետեւ մեզ մոտ, բացի հոսքային լսարաններից, հիմնականում մասնագիտական արվեստանոցներ են, եւ, բնականաբար, ուսանողներն իրենց լսարաններում են։ 2-րդ․ մեր կուրսերը փոքր են՝ 6-7 հոգի, ռեժիսորականում էլ՝ 12-14 հոգի, դերասանականը հասնում է մինչեւ 20 հոգու, այսինքն՝ մասնագիտական բլոկում մենք խնդիր չունենք։ Մնում է հոսքայինների հարցը, եթե պարետի թույլտվությամբ մինչեւ 40 հոգի կարող են, մեր հոսքայինները 40-ի չեն էլ հասնում։ Հոսքային դասընթացները կլինեն դիմակներով, օրինակ՝ որոշեցինք, որ ամբողջ մագիստրատուրան տեղավորում ենք նիստերի դահլիճում, որ իրենք չգնան-գան։ Այսինքն՝ փորձում ենք ձեւեր գտնել, որպեսզի միջանցքներում չխռնվեն, մնան իրենց մասնագիտական լսարաններում, իսկ հոսքայինները փոքրացրել ենք՝ դարձնելով մինչեւ 40 հոգի»։

Այդուհանդերձ, կան առարկաներ, որ կդասավանդվեն հեռավար, օրինակ՝ համակարգչային գրաֆիկան, ինֆորմատիկան․ «Մենք մի ամբողջ սեմեստր կորցրինք, ինչքան էլ ասում ենք օնլայն, բայց մեզ մոտ կան պարարվեստ, բեմական խոսք, նկարչություն, դրա համար ուսանողները շատ են ուզում դաս անել, եւ այդ առումով նաեւ իրենք շահագրգռված պետք է լինեն՝ պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները»։ 

Ինչ վերաբերում է «Զում» հարթակին, որի արժեքն ուսումնական հաստատությունների համար ամսական 150 դոլար է՝ 20 հատի դիմաց, Լիլիթ Արզումանյանը նշեց, որ ավարտական քննություններն արել են «Զում»-ի միջոցով՝ դրա դիմաց վճարելով մոտ 20 հազար դրամ, որպեսզի անխափան գործի, բայց մշտապես այս հարթակից օգտվելը ծախսատար կլինի բուհի համար։ Դրա համար հեռավար դասերը կփորձեն այլ հարթակների միջոցով կազմակերպել։