Լավ, ի՞նչ են ուզում

Լավ, ի՞նչ են ուզում

Քաղաքակիրթ աշխարհում սկզբունք կա՝ սպասել նոր իշխանության 100 օրը լրանալուն, հետո միայն գնահատական տալ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնն ստանձնել է մայիսի 21-ին, կառավարությունը դեռեւս լիովին ձեւավորված չէ, բայց երեւանյան մաս-մեդիայի որոշ միջոցներ արդեն իսկ «խորիմաստ վերլուծություններ» եւ հեռուն գնացող ենթադրություններ են անում: Առանձնապես աչքի է ընկնում քաղաքագետ Մանվել Սարգսյանը, որ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հարցազրույցն է տալիս եւ ընդհանրացնում, որ Արցախում նոր իշխանությունից մեծ սպասելիքներ չկան: «Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքը մեծամասամբ բացասական է: Նա ընկալվում է որպես օլիգարխ, եւ որեւէ մեկը չի սպասում, որ կփոխվի տնտեսական դաշտը, քաղաքական դաշտը»:

Խորհրդարանական ընտրություններով Արցախի քաղաքական դաշտն արդեն իսկ փոխվել է: Նախորդ Ազգային ժողովում Դաշնակցությունը երկրորդ ուժն էր: Նրան փոխարինելու է եկել «Միասնական հայրենիք» կուսակցությունը: Ուզում ենք մենք, թե ոչ՝ այդպիսին էր արցախցի ընտրողների մեկ քառորդի կամարտահայտությունը: Խորհրդարանից դուրս է մնացել Ազգային վերածնունդ կուսակցությունը, իսկ ԱԺԿ-ն, որի առաջնորդը տասնհիգ տարի ԱԺ նախագահն էր, ունի ընդամենը երկու մանդատ: Քաղաքական ասպարեզից գրեթե հեռացել է Շարժում 88 –ը, նրա տեղն զբաղեցրել է Արդարություն կուսակցությունը: Եթե 2005թ. Ազատ հայրենիքն առանձին էր մտել խորհրդարանական ընտրապայքարի մեջ, ապա այսօր ԱԺ-ում հանդես է գալիս դաշինքով: Ընտրություններին մասնակցել եւ որոշակի աջակցություն են ստացել Արցախի հեղափոխական, Ինքնություն եւ միություն եւ Վաղվա Արցախ կուսակցությունները:

Չտեսնել քաղաքական դաշտի այս խճանկարը, նշանակում է աչք փակել իրականության դեմ: Ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր, տեղի կունենա՞ արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիա՝ ցույց կտա ժամանակը: Մի բան ակնհայտ է՝ Արցախում սկսվել է քաղաքական նորացման եւ լիբերալացման գործընթաց: Ինչ վերաբերում է տնտեսական դաշտին, ապա անհասկանալի է, թե ի՞նչ փոփոխություններ է ակնկալում քաղաքագետը: Նախագահ Հարությունյանը մի քանի ծրագրեր նախանշել է: Բայց որքանո՞վ իրավիճակը թույլ կտա դրանք իրականացնել՝ ահա հարցը: Աշխարհի գերհզոր երկրներն են բախվում տնտեսական լրջագույն մարտահրավերների, եւ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ է սպասվում առաջիկա ամիսներին ու տարիներին: Մի չճանաչված երկրի իշխանություններից լիազորությունների երկրորդ շաբաթը չլրացած տնտեսական «հեղափոխություն» ակնկալել, նշանակում է լինել ոչ ադեկվատ: Կամ՝ պարզապես չուզող: Արցախով մտահոգվածությունը դրոշակ չէ, որ տեղի-անտեղի ծածանում են ոմանք: Յուրաքանչյուրն իր մասնակցությունը պիտի բերի Արցախի պետականության ամրապնդմանը, պաշտպանունակության զորացմանը, տնտեսական եւ սոցիալական, հոգեւոր-մշակութային առաջընթացին: Երբեմն դա կարող է լինել նաեւ գոնե լռելու եւ չխանգարելու ձեւով: