Արդյունքները կարող են չհամապատասխանել վրացի ընտրողների կամքին

Հաշվի առնելով վրացական ընտրությունների հանդեպ մեր ժողովրդի հետաքրքրվածությունը՝ ներկայացնեմ լրացուցիչ տեղեկություններ դրա շուրջը ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Համակովկասյան լրատվական կայքերից մեկում հոկտեմբերի 28-ին ներկայացվել է «Արդար ընտրություններ» (ISFED) անվանումով շահույթ չհետապնդող կազմակերպության հաշվետվության հիմնական պահերը: Սկզբում խոսվել է նախընտրական քարոզչության ժամանակ, իսկ այնուհետև բուն ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումների մասին: Բաց թողնելով առաջին մասը՝ ներկայացնեմ բուն քվեարկության օրվա խախտումների ընդհանուր պատկերը:
Նախ կազմակերպության իրականացրած դիտորդական առաքելության մասին: Դիտորդները տեղաբաշխված են եղել 3100 ընտրատեղամասից ավելի քան մեկ երրորդում: Ինչպես նաև 73 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, եղել են նաև 85 շարժական խմբեր: Այսինքն, ընտրությունների առումով ISFED-ն ունակ էր ներկայացնելու, սոցիոլոգիական լեզվով ասած, ներկայացուցչական տեղեկատվություն: Եվ դա արվել է՝ քվեաթերթիկների լցոնումներ, գրանցման ընթացակարգերի խախտում, «կարուսելներ», քվեարկության գաղտնիության խախտում, ընտրողների ահաբեկում, անձը հաստատող փաստաթղթերի առգրավում և այլն:
Կազմակերպությունը սկզբում ներկայացրել է ընտրախախտումներն` ըստ տեսակի և տեսակարար կշռի: Ընտրատեղամասերի 9%-ում չի ապահովվել քվեարկության գաղտնիությունը, ընտրատեղամասերի 9%-ն ունեցել է ստուգման և գրանցման հետ կապված խնդիրներ, ընտրատեղամասերի 31%-ում տեղամասից դուրս՝ տեղամասի արտաքին պարագծում, արձանագրվել են կուսակցական համակարգողների կողմից ընտրողների հաշվառման դեպքեր, ընտրատեղամասերի 11%-ում կազմակերպությունն արձանագրել է խոսքի մակարդակում և ֆիզիկական բախումների, ինչպես նաև սպառնալիքների փաստեր, ընտրողների կազմակերպված փոխադրումներ են բացահայտվել ընտրատեղամասերի 19%-ում, ենթադրյալ ընտրակաշառքի հատկացում է նկատվել ընտրատեղամասերի 13%-ի արտաքին պարագծում:
Բացահայտվել են նաև դիտորդների իրավունքների ապօրինի սահմանափակման, ահաբեկման, խոսքային կամ ֆիզիկական բռնության, տեղամասից հեռացնելու դեպքեր: Նաև քարոզչական նյութերի տեղադրում ընտրատեղամասի մուտքից 25 մետր հեռավորության վրա: Մի քանի տեղամասում էլ արձանագրվել են քվեատուփերում քվեաթերթիկների զանգվածային լցոնումների և բազմակի քվեարկության դեպքեր։
Հաշվետվությունում ներակայացված է նաև արձանագրված խախտումների քանական պատկերը: Ընդհանուր առմամբ, կազմակերպության կողմից արձանագրվել է շուրջ 170 միջադեպ/խախտում: Այդ թվում՝ քվեաթերթիկներ քվեատուփերի մեջ մտցնելու 2 դեպք, բազմակի քվեարկության 4 դեպք, մակնշման կարգի խախտման 16 դեպք, քվեարկության գաղտնիության խախտման 25 դեպք, դիտորդի իրավունքների սահմանափակման և տեղամասից վտարման 11 դեպք, մեկից ավելի քվեաթերթիկների փոխանցման 16 դեպք, շարժական քվեատուփերի հետ կապված 14 դեպք, էլեկտրոնային սարքերի հետ կապված 8 դեպք, տեղամասի կազմակերպման առումով 5 դեպք, ոչ պատշաճ փաստաթղթով քվեարկության 4 դեպք:
Կազմակերպությունն, ի դեպ, նախ հայտարարում է, որ իր տվյալները համընկնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների հետ (այսինքն՝ հաստատել է իշխող կուսակցության հաղթանակը)։ Իսկ այնուհետև, ենթադրյաբար ընդդիմության ու արևմտյան ճնշումների արդյունքում ասում է, որ չի կարողանա հրապարակել քվեարկության վերաբերյալ իր զուգահեռ տվյալները, քանի որ բազմաթիվ խախտումներ են եղել, ու իրավիճակը թույլ չի տալիս։ Իսկ եզրակացության մեջ էլ նշում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են չհամապատասխանել վրացի ընտրողների կամքին՝ ընտրությունների ժամանակ արձանագրված «լարված իրավիճակի» պատճառով:
Լսո՞ւմ ես, Կառլ՝ ոչ թե չեն համապատասխանում, այլ կարող են չհամապատասխանել: Դա մեկ: Եվ երկրորդ՝ չգիտես ինչու, կազմակերպության հաշվետվությունը հրապարակվում է ոչ թե քվեարկության հաջորդ օրը, այլ 2 օր անց: Որքան հիշում եմ, հայաստանյան դիտորդական կազմակերպությունները նախնական եզրակացությունը ներկայացնում էին քվեարկության հաջորդ օրը, իսկ այնուհետև ընտրախախտումների ամբողջական պատկերը: Ենթադրում եմ, որ նույն պրակտիկան առկա է եղել ISFED-ի նախկին հաշվետվությունների առումով: Որովհետև այն, ինչ արել է վրացական կազմակերպությունը, արվում էր նաև Հայաստանում, քանի որ մեթոդական ցուցումները ստացվում էին մեկ կենտրոնից:
Հ. Գ. Մնում է ենթադրել, որ բոլոր այդ խախտումներն էական ազդեցություն չեն թողել քվեարկության պատկերի վրա: Ինչը նշանակում է, որ ինչպես Նիկոլի վարչապետության դեպքում, այդպես էլ Վրաստանում նախկին քաղաքացիական հասարակության դարը կարելի է համարել ավարտված: Բայց զավեշտն այն է, որ այստեղ նախկինում ակտիվորեն գործող ՀԿ-ներն այսօր իշխանության կողմից են, իսկ Վրաստանում՝ ընդդիմության:
Կարծիքներ