Կեղծ բարեպաշտություն․ ինչպես են շնորհավորում «զոհին»

Կեղծ բարեպաշտություն․ ինչպես են շնորհավորում «զոհին»

Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է։ 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեի միջոցով ընդունվեց Հայաստանի Հանրապետության մայր օրենքը՝ Սահմանադրությունը։ Մի փաստաթուղթ, որը նախորդ իշխանություններն ինչպես ուզեցին՝ ձևեցին, իսկ ներկա իշխանություններն ինչպես ցանկացան՝ մեկնաբանեցին ու բռնաբարեցին։ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի, թերևս, ամենաշատ բռնության ենթարկված փաստաթուղթն է։

Եվ ամենաշատ ոտնձգությունների այն ենթարկվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ու նրա իշխանության օրոք։ Բայց Փաշինյանի թիմակիցներն այսօր այդ ամենը անտեսելով, առանց ամաչելու շնորհավորական ուղերձներ են հղում Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ընդ որում, չմոռանանք այն կարևոր հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը 2015 թվականին, երբ ՀՀԿ-ական իշխանության կողմից հանրաքվեով ընդունվում էր նոր Սահմանադրությունը, նա այդ ամենը համարում էր կեղծ օրակարգ։ Փաշինյանը, որ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր էր, չմասնակցեց ՀՀ Սահմանադրության ընդունման կամ գոնե դրա մերժման գործընթացին․ ոչ կողմ էր, ոչ՝ դեմ, միայն ասում էր՝ դա կեղծ օրակարգ է և վերջ։ Իշխանության գալուց հետո այդ նույն Փաշինյանը մեծ հաճույքով այդ կեղծ օրակարգը կոստյումի պես քաշեց իր վրա և սկսեց լիուլի օգտվել Հրայր Թովմասյանի ու Վարդան Պողոսյանի գրած Սահմանադրության բարիքներից, որոնք, իրականում, Սերժ Սարգսյանի համար էին նախատեսված։

ՀՀ Սահմանադրությունը այս իշխանություների զոհն է, որի հետ իրենք ինչպես ցանկանում՝ վարվում են․ մի օր այն ձևափոխում ու ձևախեղում են՝ ըստ ճաշակի, մի օր շնորհավորում և փայփայում նրան, մի օր հղում անում այդ նույն զոհին ու հենվում նրա դրույթների վրա, մի օր էլ անխնա և խմբակային բռնաբարում։

Եվ այս ամենով հանդերձ՝ Փաշինյանի թիմակիցներից Արսեն Թորոսյանը, առանց ամոթի զգացում ունենալու, շնորհավորում է Սահմանադրության օրվա առթիվ՝ երկնելով ահա այսպիսի պաթոսախեղդ և ամբոխահաճո մտքեր․

«Օրը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի. երկար տարիներ ժողովուրդը զրկված է եղել իշխանություն ձևավորելու իրավունքից, արդար և իրավական պետությունում ապրելու հնարավորությունից։ Այժմ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինչպես ասվում է Սահմանադրության երկրորդ հոդվածում։ Եվ այս սկզբունքն այլևս լոկ նախադասություն չէ, այլ արդեն երկրորդ անգամ կյանքի կոչվող իրականություն»։

Թորոսյանն այնուհետև հատուկ ցանկացել է հիշել «Սահմանադրության մեջ ամրագրված մեր երկրի ինքնիշխանության սկզբունքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին», և խոսքն ամփոփել ՀՀ բոլոր քաղաքացիներին ուղղված շնորհավորանքով։ Բոլոր քաղաքացիների մեջ, հիշեցնենք, իրենց դավաճան և ազգի թշնամի համարողներն էլ են մտնում, որոնք յոթ ամիս պայքարում էին Թորոսյանի ու իր թիմակիցների՝ ժամ առաջ հեռացման համար, բայց դրան այդպես էլ չկարողացան հասնել սահմանադրական ճանապարհով։