Մարզպետի հնաբնակ խորհրդականներն ու արտոնյալ օգնականները

Ովքեր են Հայաստանի 10 մարզերի ղեկավարները՝ մարզպետները, նրանց տեղակալները, օգնականներն ու խորհրդականները, ինչպես են անցել պաշտոնի, ինչ քրեական, կոռուպցիոն պատմությունների մեջ են հայտնվել, եւ, ի վերջո, ով ում հետ է բարեկամական կապերի մեջ: Այս հարցերը հատկապես հետաքրքրում են մարզերի բնակիչներին։ Մենք որոշել ենք պարբերաբար անդրադառնալ մեր մարզերին եւ այն ղեկավարող անձանց։ Սկսենք Գեղարքունիքի մարզից:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ունի 2 տեղակալ, 3 խորհրդական եւ 2 օգնական: Կարեն Սարգսյանը 2021 թվականի սեպտեմբերի 8-ին է Գեղարքունիքի մարզպետ նշանակվել: Մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքից է։ Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ 2020-2021թթ․, երբ Ջրային կոմիտեի նախագահը Կարեն Սարգսյանն էր, աշխատել է Ջրային կոմիտեում՝ որպես կոմիտեի նախագահի օգնական։ Մարզպետ նշանակվելուց հետո Կարեն Սարգսյանն իր կադրերին՝ Ջանիկ Բազեյանին եւ Մանանա Գալստյանին, իր հետ մարզպետարան է տարել:
Մարզպետի մյուս տեղակալը Վահան Զարոյանն է: Նա 2018 թվականից «Իմ քայլը» շարժման ակտիվ մասնակից է եղել եւ «քայլելով» հասել է մարզպետի տեղակալի պաշտոնին: Մարզպետի խորհրդականներից երկուսը՝ նախկին ՀՀԿ-ականներ Ալբերտ Աղեկյանն ու Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի հնաբնակներից են՝ տարբեր տարիների տարբեր պաշտոններ են զբաղեցրել եւ ճիշտ ժամանակին դարձել են ՔՊ-ականներ: Այնպես են ծառայում մարզպետին, որ նրանց 65 տարին լրանալուց հետո էլ մարզպետը ոչ թե վաստակած հանգստի է ուղարկել նրանց, այլ իրեն խորհրդականներ է նշանակել:
Երրորդ խորհրդականը Նունե Սարգսյանն է, որն ապրում է Երեւանում: Նախկինում զբաղեցրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետի պաշտոնը, իսկ 2022 թվականից նշանակվել է մարզպետի խորհրդական:
Մարզպետի օգնական Մանանա Գալստյանն ավելի արտոնյալ դիրքերում է` ոչ աշխատանքային օրերին նա գործուղումների է մեկնում մարզի համայնքներ եւ դրա դիմաց լրացուցիչ վարձատրվում: Վերջերս էլ մարզպետի հետ Ֆրանսիա էր մեկնել՝ գործուղման:
Մարզպետի մյուս օգնականը Երեմ Քյարամյանն է` Արգիշտի Քյարամյանի ազգականը, որն այս պաշտոնը ստանձնել է 2024 թվականի փետրվարի 9-ին: 2024 թվականի սեպտեմբերի 11-28-ը Քյարամյանը մեկնել է Չինաստան՝ գործուղման։ Մարզպետարանի կայքում կարդում ենք. «Գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում երկկողմ համագործակցության նախագծերի իրականացման նպատակով հատկացվող աջակցության շրջանակներում Ֆուծիան նահանգի արտաքին տնտեսական համագործակցության կենտրոնի նախաձեռնությամբ 2024 թ. սեպտեմբերի 13-26-ն ընկած ժամանակահատվածում Ֆուճոու քաղաքում անցկացվող «Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համար տարածաշրջանային տնտեսական զարգացում» խորագրով դասընթացին մասնակցելու»: Այս տեքստից տպավորություն է ստեղծվում, թե չինացիները Հայաստանի ՏԻՄ-երի մասին դասընթաց են կազմակերպել եւ մարզպետի օգնականին հրավիրել՝ մասնակցելու: Իսկ 1 ամիս անց Քյարամյանը կրկին մեկնելու է գործուղման, այս անգամ՝ Ֆրանսիա:
Կարծիքներ