Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը տոնեց 20-ամյակը

Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը տոնեց 20-ամյակը

Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղն այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը: 20 տարի առաջ բացվելով որպես խաղողի մթերման կետ՝ այսօր Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը համայնքի կարեւորագույն վայրերից է, լեգենդար ARARAT կոնյակների պատրաստման ակունքներից մեկը, որտեղ իրականացվում են կոնյակի արտադրության այնպիսի փուլեր, ինչպիսիք են խաղողի մթերումը, թորումը եւ հնեցումը։ 
Հոբելյանական տարվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Երեւանի կոնյակի գործարանի Convivial Reunion մշակութային շարքի հատուկ նախաձեռնությամբ, որի շրջանակներում մայիսի 12-ին Բերդի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ցանկապատ» ներկայացման այս թատերաշրջանի առաջնախաղը։  

2018 թվականին մեկնարկած Convivial Reunion միջոցառումների շարքը միավորում է Երեւանի կոնյակի գործարանի աշխատակիցներին` մշակութային  տարբեր փորձառությունների շուրջ։ Այն իր բնույթով ամփոփում է ընկերության Convivialité գաղափարը՝ աշխատանքի լուսանցքներում միմյանց հետ կիսելու հագեցած եւ ջերմ պահեր ստեղծելով։ 

Մինչ տոնական հանդիսության մեկնարկը, Երեւանից Բերդ մեկնած լրագրողական խմբին դիմավորում է Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանն ու փուլ առ փուլ ներկայացնում արտադրական պրոցեսն ու մասնաճյուղի պատմությունը. «Բերդի մասնաճյուղը հիմնվել է 2003-ին, մինչեւ 2009-ը մթերվել է խաղող, եւ մթերված խաղողից ստացված գինենյութը տեղափոխվել է մեր գործարանի մյուս մասնաճյուղեր։ 2009-ին կառուցվել է արդեն թորման արտադրամասը, իսկ 2010-ին ամբողջությամբ վերազինվել է խաղողի վերամշակման արտադրամասը, դեռեւս խորհրդային ժամանակներում աշխատած մամլիչները փոխարինվել են ֆրանսիական տեսակի նոր մամլիչներով, որոնք էլ ավելի մեծ հնարավորություն են տվել մեզ՝ լավացնել արտադրվող քաղցուի որակը եւ ստանալ ավելի որակյալ  գինենյութ։ 2012-ին կառուցվել է հնեցման մառանը, եւ յուրաքանչյուր տարի մենք մեր ընտրված սպիրտները կարողանում ենք պահել այստեղ` մեր մառանում, եւ այլեւս չառաքել մեր մյուս մասնաճյուղեր»։ Երեւանի կոնյակի գործարանը, բացի Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող մասնաճյուղից, ունի մասնաճյուղեր նաեւ Արարատի եւ Արմավիրի մարզերում: 

 

Բերդի մասնաճյուղն ունի 18 աշխատակից, բայց խաղողի մթերման ժամանակ ընդունում են եւս 18 աշխատակցի։ «Մոտ 800 խաղողագործի հետ էլ ունենք կնքած խաղողի պայմանագրեր, ստացվում է՝ մոտ 800 ընտանիքի հետ համագործակցում ենք եւ տարածաշրջանի գրեթե ամբողջ խաղողը գնում ենք, սահմանամերձ գյուղերի ժողովրդի բերքն արդեն միանշանակ կարողանում ենք վերամշակել»,- ասում է Գարիկ Վարդանյանն ու ընդգծում` Երեւանի կոնյակի գործարանի այս մասնաճյուղի տեղն ընտրվել է՝ հաշվի առնելով մի քանի գործոն. «Նախ, այս տարածաշրջանում ցրտահարության վտանգ չկա, այստեղ կլիման ավելի մեղմ է: Մյուսն էլ որակի գործոնն է եւ սահմանին ապրող ժողովրդին օգնելու հանգամանքը: Հետո` այստեղի խաղողն ավելի որակյալ է կոնյակի գինենյութի, կոնյակի սպիրտի համար»: Թե տարեկան ինչքան սպիրտ են արտադրում, մասնաճյուղի տնօրենն ասում է, որ դա կախված է մթերված խաղողի քանակից. օրինակ 4 հազար տոննա խաղողից միջինում ստանում են 400 տոննա կոնյակի սպիրտ. «Մեր կոնյակները միջազգային շուկայում միշտ էլ ճանաչելի են եղել, իսկ նախկին խորհրդային երկրներում միշտ էլ առաջնային տեղ ու դեր են ունեցել»: 

Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանի խոսքով, կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը նաեւ ռազմավարական նշանակություն ունի. արդեն 20 տարի համայնքում գործող գործարանը խթանում է տեղի գյուղատնտեսությունը, հատկապես հին ավանդույթներ ունեցող խաղողագործության զարգացումը: «Բացի այդ, տեղի բնակչությունը մեկ անգամ եւս համոզվում է, որ հողագործությամբ զբաղվելու դեպքում իրենց մթերքն իրացման տեղ կունենա, եւ ոչ մի ավել կիլոգրամ դուրս չի մնա, ամբողջը գործարանը ձեռք կբերի»: 

Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանն էլ իր խոսքում մասնավորապես նշեց. «Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-րդ տարեդարձն այս մշակութային ձեւաչափով նշանավորելու գաղափարը եւ այս ջերմ երեկոն համայնքի հետ կիսելը մեր երախտիքն է այն կամքին ու վարպետությանը, տոկունությանն ու բնությանը, որ հյուսում են սահմանամերձ մասնաճյուղի անսահման հմայքը»։
Տոնական միջոցառումը նշանավորվեց Ստեփան Զորյանի «Ցանկապատ» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ, որը նախորդ տարիներին հանդիսատեսին է ներկայացվել Սաղմոսավանքում եւ Հայաստանի այլ պատմամշակութային վայրերում` կենդանի միջավայրում պատմելով առավել քան 100-ամյա իրադարձությունների մասին։ 

Բեմադրիչ Տիգրան Գյուլումյանի «Ցանկապատ» տրագիկոմեդիան ճիշտ եւ ճիշտ մեր օրերի մասին է․ 2 հարեւան կռիվ են տալիս մի բուռ հողի համար, երբ թուրքն արդեն մտել է հարեւան գյուղ եւ զավթում է մեր հայրենիքը թիզ առ թիզ:   
Տավուշի չքնաղ բնաշխարհի բնական դեկորների ներքո դերասանները խաղում էին, մարդիկ՝ ծիծաղում, երբեմն` հուզվում, շարքերի արանքում որոշներն էլ լուռ հառաչում` «պատմությունը կրկնվում է»: Ներկայացման հերոսներից մեկը հորդորում է` հայրենիքի մասին անցյալով չխոսել, ապա հանդիմանում է իրար հետ կռիվ տվող հարեւաններին. «Բոլորը ձեզ նման են մտածում, որ այսօր հազար անունով Հայաստան ունենք` Արեւելյան, Արեւմտյան, Լեռնային, Դաշտային, է՛լ Տաճկահայաստան, է՛լ Պարսկահայաստան, ու այսքան հայաստանների մեջ մի կարգին առաջնորդ չունեցանք, որ մեր բոլոր ցանկապատերը քանդեր ու սարքեր մի Հայաստան»: 

Ներկայացման ու դերասանների ուղերձը սահմանապահ Բերդում բարձր հնչեց. «Թշնամին երբեք չի մտնում այն տարածք, որը պաշտպանված է: Մեր հայրենիքը, մի բուռ հողը պետք է պահենք, որ թշնամին չգա մտնի մեր տարածք, իսկ հողը սիրելով են պահում»: 

«Ցանկապատ» ներկայացման դերակատարներից Մկրտիչ Արզումանյանը ներկայացումից հետո` լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց մասնաճյուղի 20-ամյակը, ապա նկատեց. «Հրաշալի բեմ ստացանք, կազմակերպիչների կողմից ամեն ինչ արվել էր, որպեսզի մեկ վայրկյան անգամ չզգայինք, որ այլ տեղում ենք ներկայացումը խաղում»։ Դերասանը հավելեց, որ այն, ինչ խաղացին, իրենց համար շատ հոգեհարազատ ու արդիական թեմա է։ «Դարեր շարունակ կրկնվող թեմա է, ու ամեն անգամ բարդ է դրա միջով անցնելն ու նույն բանը զգալը։ Սա ներկայացում է, որը հասնում է հանդիսատեսի հոգուն, կարծում եմ՝ թողնում է մի լույս, հաղորդագրություն։ Դա շատ կարեւոր է»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը։