Փնթի եք էլի, հո զոռով չի

Փնթի եք էլի, հո զոռով չի

Արդեն գրել ենք, որ մեր պետական կառույցների պաշտոնական կայքերում թագավորում է փնթիությունը՝ թերի, ոչ ճիշտ տեղեկություններ, չթարմացվող էջեր եւ այլն: ՀՀ կառավարության այսօրվա՝ 2021 թվականի հունվարի 14-ի, նիստի օրակարգի հարցերից մեկը վկայում է, որ մեր կառավարիչները փնթի են ոչ միայն վիրտուալ հարթակներում:

ՀՀ կառավարությունն այսօր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության առաջարկով լրացրել է իր իսկ 2020 թվականի օգոստոսի 13-ի՝ հինգ ամիս առաջվա, N 1337-Ա որոշումը: Այս որոշմամբ Դավիթ Մովսեսի Հարությունյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծարայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում էր տրվել, քանի որ նա ընդունվել է Ամստերդամի Վրիժ համալսարանի բակալավրիատ:

Հինգ ամիս առաջ սակայն, մեր կառավարիչները որոշման մեջ մոռացել են գրել համալսարանի անունը եւ միայն հիմա են լրացնում: 

Տարկետում տալու որոշումը բարդ մաթեմատիկական հաշվարկներ, իրավիճակի մոդելավորում կամ ծրագրային ապահովվում չի ենթադրում: Նման որոշումներում մի քանի պարզ տվյալ է նշվում՝ ով է ընդունվել, ուր է ընդունվել, երբ է ընդունվել, երբ է ավարտելու: Վերջ: ԿԳՄՍ նախարարությունում չեն կարողացել նման պարզ նախագիծ կազմել: Սա դեռ հերիք չի, իրենց փնթիությունն ու ապաշնորհությունը նկատել են հինգ ամիս անց: Հինգ ամիս: Էլ ինչո՞ւ զարմանանք, որ պետական ոչ մի կառույց չի նկատում հանրապետությունում հուսահատության աճը, ապրանքների թանկացումները, Հայաստանի արագընթաց կործանումը:

Միակ որոշումը, որ անթերի կազմում են կառավարությունում եւ պետական այլ գերատեսչություններում՝ իրենց իսկ պարգեւատրումներին է վերաբերում:

Արեգ Մարգարյան

Հ.Գ. ՀՀ պետական համակարգում տիրող փնթիության այլ օրինակներ.

Պաշտպանության նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն