Լուվրը լուրջ վերանորոգման կարիք ունի 

Լուվրը լուրջ վերանորոգման կարիք ունի 

Փարիզյան Լուվր թանգարանն ունի լուրջ վերանորոգման կարիք։ Թանգարանի շինությունը խիստ մաշվել է։ Այս մասին գրում է Le Parisien-ը, հղում տալով թանգարանի ղեկավար Լորանս դե Կարայի գրությանը, որը վերջինս ուղարկել էր Ֆրանսիայի Մշակույթի նախարարություն։ Նամակում ասվում է, որ հրատապ է աշխարհի խոշորագույն թանգարանը վերանորոգելու անհրաժեշտությունը։

Ընդ որում, նորոգչական աշխատանքները պետք է լինեն մասշտաբային։ Թանգարանի շինությունը զգալիորեն տուժում է ջերմաստիճանային տատանումների եւ խոնավության ներթափանցման պատճառով։ Խնդրահարույց է հյուրերին դիմավորող բուրգը։ Շոգ օրերին այնտեղ պարզապես հնարավոր չի լինում մտնել։ Բացի այդ, թանգարանի հարակից տարածքը եւս պետք է արդիականացվի, քանի որ նախ քաղաքային տրանսպորտային ցանցից է մեկուսացված եւ ապա՝ մոտակայքում կան այլ թանգարաններ։

Հանգստավայրերը առհասարակ չեն համապատասխանում միջազգային ընդունված ստանդարտներին։ Բացի այդ, Լուվրը չափից դուրս շատ այցելուներ է ընդունում։ Տարեկան այս թանգարան կարող է այցելել առավելագույնը 4 միլիոն մարդ, մինչդեռ իրականում այցելուների թիվը հատում է 8,7 միլիոնի սահմանը։ Թե երբ կսկսվեն վերանորոգչական աշխատանքները, հայտնի չէ, սակայն մասնագետները կարծում են, որ ներկայիս ներֆրանսիական քաղաքական իրականության պայմաններում, երբ պետական բյուջեի ընդունումը դարձել է չափազանց բարդ հարց, դա շուտ չի լինի։