Վեթինգացավ են կպել

Վեթինգացավ են կպել

Երեքուկես տարվա ընթացքում ինչքա՜ն հասկացություններ վարկաբեկվեցին ու արժեզրկվեցին: Ասենք` գրագետ քաղաքացին «դատական համակարգի բարեփոխումներ եւ վեթինգ» բառերը լսելիս ի՞նչ է մտածում: Թերեւս այն, որ իշխանությունը որոշել է ստրկացնել դատական համակարգը, ազատվել անկախ դատավորներից եւ նշանակել նրանց, ովքեր իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ ցանկացած անօրինական վճիռ կկայացնեն` առանց խղճի խայթի:

Իսկ ի՞նչ են մտածում լրագրողները, օրինակ, երբ լսում են, որ իշխանությունը որոշել է «բարեփոխել ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրությունը եւ կանոնակարգել լրագրողների աշխատանքը»: Այո, գրեթե նույնը` որ իշխանությունը որոշել է սահմանափակել ազատ խոսքի իրավունքը եւ իրենց ուղղված քննադատությունները հասցնել նվազագույնի: Իհարկե, 30 տարի շարունակ եւ, առհասարակ, հավանաբար, ողջ աշխարհում, իշխանությունը միշտ ձգտում է կառավարել դատարանները եւ լրագրողներին, փակել իրենց քննադատողների բերանը, օրենքով կամ այլ մեթոդներով հեշտացնել իրենց կյանքը, մասնավորապես` քիչ աշխատելու, շատ վաստակելու, քիչ քննադատվելու` շատ գովերգվելու, առանց խոչընդոտների վերընտրվելու, իշխանությունը հավերժ պահելու նպատակով: Բայց հանրային պահանջով եւ քաղաքացիական ինստիտուտների պայքարի շնորհիվ, ինչպես նաեւ զսպումների ու միջազգային վերահսկողության զանազան մեխանիզմներով, սահմանափակում են նրանց ախորժակը եւ ստիպում չգնալ բռնապետության ճանապարհով:

Որտեղ այս մեխանիզմներն ուժեղ են, եւ հասարակությունն էլ՝ պայքարող, իշխանական ախորժակը հաջողվում է զսպել: Որտեղ հասարակությունը թույլ է, ի վիճակի չէ իր իրավունքները պաշտպանել, իսկ միջազգային կառույցներն էլ շատ շահագրգիռ չեն, երկիրը գլորվում է ավտորիտարիզմի կամ բռնապետության խորխորատները: