Մայենդորֆն է խանգարում

Մայենդորֆն է խանգարում

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ի տարբերություն Փաշինյանի, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցում «խիզախություն ունի ասելու  իր կարծիքը… դեռ 1995 թվականին ասել է, որ դեմ չի լինի, եթե Արցախը որպես ինքնավար պետություն լինի Ադրբեջանի կազմում»: Պարոն Շարմազնովը, որքան գիտեմ, մասնագիտությամբ պատմաբան է եւ նման կարեւոր հայտարարություն անելիս պետք է տարրական բարեխղճություն ունենար եւ հղում աներ որեւէ սկզբնաղբյուրի՝ առաջին նախագահի ելույթի, հոդվածի, հարցազրույցի: Երեւում է, նա ոչ միայն նման նյութի, այլեւ ԼՂ կարգավորման հարցում Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում Հայաստանի պաշտոնական տեսակետին չի տիրապետում, ուստի հարկ եմ համարում հիշեցնել, որ 1992 թ. ամռանը, երբ Արցախի տարածքի գրեթե կեսն օկուպացված էր, Հայաստանի Գերագույն խորհուրդը, որտեղ մեծամասնություն էր ՀՀՇ-ն, ընդունել է որոշում: Այն հռչակագրել է, որ Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ միջպետական որեւէ համաձայնագիր, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի որպես Ադրբեջանի մաս: Երկրորդ անգամ պաշտոնական տեսակետը նախագահ Տեր-Պետրոսյանը հնչեցրել է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում, ըստ որի՝ հարցի կարգավորումն Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակի շնորհմամբ կնշանակի նրա բնակչության վրա ցեղասպանության մշտական սպառնալիք: Այդ ելույթից հետո Հայաստանի նախագահը վետոյի իրավունքով արգելափակել է որոշման ընդունումը: Սա է եղել նախագահ Տեր-Պետրոսյանի պաշտոնական տեսակետը: Մնացածը՝ ինչ գրվում կամ ասվում է, հեքիաթ է: Նույն տեղում ՀՀԿ փոխնախագահը վարչապետ Փաշինյանին մեղադրում է ԼՂ հարցում անսկզբունքայնության մեջ, որ «առավոտյան մի բան է ասում, երեկոյան մեկ այլ բան, ՄԱԿ-ում մի բան է ասում, Ստեփանակերտում՝ մեկ այլ բան»: Ես, անկեղծ ասած, Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր չեմ ուզում վերցնել, բայց հանուն ճշմարտության մի արձանագրում պետք է անեմ:

Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ նա հայտարարել է, որ չի կարող Արցախի անունից բանակցել եւ ձգտելու է հասնել նրան, որ Ստեփանակերտը ներգրավվի կարգավորման բանակցություններին: Ըստ երեւույթին, Փաշինյանն էլ հարցի նրբություններին չի տիրապետել եւ կոմպետենտ խորհրդականներ չի ունեցել, որ կարող էին նրան ցույց տալ 2008թ. նոյեմբերի 2-ին Մայենդորֆում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը, որտեղ սեւով սպիտակին գրված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը «մտադիր են նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ ապահովել տարածաշրջանում կայուն եւ անվտանգ  վիճակի հաստատումը՝ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»:

1994թ. Արցախի՝ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակին «համաձայնող» Լեւոն Տեր-Պետրոսյանը հասել էր նրան, որ հրադադարի համաձայնության ստորագրող կողմ լինի նաեւ Լեռնային Ղարաբաղը: 14 տարի անց ստորգրված փաստաթղթում, ինչպես երեւում է տեքստից, պայմանավորվող կողմերը երկուսն են՝ Հայաստանը եւ Ադրբեջանը: Իսկ թե ինչ է նշանակում խնդիրը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների շրջանակներում ընդունված որոշումների հիման վրա կարգավորել, կարծում եմ, պարոն Շարմազոնովին բացատրելու անհրաժեշտություն չկա: Այնպես որ, Փաշինյանին, ահա, Մայենդորֆի հայ-ադրբեջանական՝ հրադադարի համաձայնագրից հետո համատեղ ստորագրված միակ փաստաթուղթն է խանգարում: