Ադրբեջանում խուճապահար են

Ադրբեջանում խուճապահար են

Տավուշի ուղղության մարտերում Ադրբեջանը ցավոտ կորուստներ ունեցավ: Երեւում է, Բաքվում փորձում են վերլուծել հատկապես գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի ոչնչացումը: Այդ հարցում օգնության ձեռք են մեկնում թուրք ռազմական փորձագետները, ինչից ակնհայտ է դառնում, որ սահմանային լարվածությունը մշակվել է երկու երկրների համապատասխան կառույցների կողմից:

Թուրք փորձագետներից մեկը, մասնավորապես, վկայում է, որ Փոլադ Հաշիմովի հրամանատարական կետը մարտական գործողություններից օդային գծով 31 կիլոմետր խորության վրա է գտնվել եւ խոցվել է հայկական ԱԹՍ-ի կողմից:

Ըստ այդմ, նման ճշգրիտ հարված հասցնելու համար հայկական կողմը պետք է ունենար գեներալի գտնվելու վայրի եւ հնարավոր տեղաշարժի մասին հետախուզական ստույգ տվյալներ: Թուրք փորձագետն ասում է, որ ԱԹՍ-ի հարվածից 15 րոպե առաջ Հաշիմովի մոտ «որոշ մարդկանց մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել»: Ի՞նչ է ակնարկում թուրք փորձագետը՝ մնում է միայն ենթադրել: Մանավանդ որ նա ավելացնում է, որ թե ապրիլյան քառօրյայի, թե տավուշյան մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը «կորցրել է հիմնականում Թուրքիայում ռազմական կրթություն ստացած սպաների» եւ հիշեցնում, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Սաֆար Աբիեւի գտնվելու ժամանակահատվածում Հաշիմովն «աստիճանազրկվել եւ իջեցվել է պաշտոնում»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Զաքիր Հասանովի պաշտոնավարման տարիներին Հաշիմովը մայորից հասել է գեներալ-մայորի զինվորական կոչման: Հաշիմովի ոչնչացման մանրամասնությունները պարզելու համար գերատեսչական հետաքննություն անցկացնելու հարց է բարձրացրել պաշտոնաթող գեներալ Այդեմիրովը: Ի՞նչ քայլեր կձեռնարկի հակառակորդի ռազմական գերատեսչությունը: Ալիեւը կգնա՞ զինվորական վերնախավում «դավաճանների բացահայտման»: Ամեն ինչից զատ, տեղեկատվական այս արտահոսքերը վկայում են, որ Ադրբեջանում խուճապահար են: Հայկական բանակի մանավանդ տեխնիկական հագեցվածությունը եւ մարտական ԱԹՍ-երի ճշգրիտ կիրառման հնարավորությունը հակառակորդին կաթվածահար են արել: